Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբողջ իմաստն այն էր, որ անկախ բանակցային գործընթացից և անկախ ամեն ինչից, արցախցին ևս մեկ անգամ կանգնել ու ասել է՝ իր իրավունքների տերն ինքն է և պատրաստ է կանգնել ու մինչև վերջ պայքարել այդ իրավունքների համար։
«Արցախի ժողովուրդն այդ քայլով հորդորով դիմել է ՀՀ իշխանությանը, որպեսզի չստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որն Արցախի ապագան, Արցախի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը կթաղի։ Այս իմաստով խնդիրը կատարվել է, և բոլորը տեսան, որ արցախցին ասաց՝ տեր է իր իրավունքներին։
Մեկ բան էլ ասեմ՝ մինչև այժմ արցախցին ոտքի չէր կանգնում, հաշվի առնելով Արցախում անվտանգության հետ կապված տարբեր հարցեր, բայց երբ Ալիևն ասում է, որ արցախցին իր քաղաքացին է, և Հայաստանի իշխանությունը սրան չի հակադարձում, սա նշանակում է, որ արցախցու համբերության բաժակը լցվել է։ Այնպես չէ, որ եթե արցախցին ոտքի չէր կանգնում, տեղի ունեցողի հետ համամիտ էր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Մոսիյանը։
Շարունակելով միտքը, Արթուր Մոսիյանն ասաց, որ այս տարվա ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությունը, որին միացել են արտախորհրդարանական բոլոր ուժերը, 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ, տեղական մարմիններ և այլք, դրանով փաստվել է, որ այդ հայտարարությունն ուղենիշ է բոլորի համար, այդ թվում՝ Արցախի իշխանության, ավելին՝ այն Արցախի պաշտոնական դիրքորոշումն է։
«Եթե այդ ամենը նաև Արցախի պաշտոնական դիրքորոշումն է, ուրեմն՝ պարզ է, որ հանրահավաքին պետք է ներկա լիներ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Կրկնում եմ՝ Արցախում բոլորը շարժվում են այդ ուղենիշով։ Թե հիմա Արցախի իշխանությունը Հայաստանի իշխանության հետ առանձին ինչ են խոսում, այլ հարց է, բայց հստակ է մեկ բան, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս իմաստով չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանն ուզում է, որ մենք մնանք Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Ա. Մոսիյանը։
Ինչ վերաբերում է հանրահավաքների շարունակական լինելուն, Արթուր Մոսիյանն ասաց.
«Արցախցին պայքարելու է այնքան ժամանակ, մինչև ինքնորոշման իրավունքի վերջնական իրացումը, այդ ամենը կլինի հանրահավաքների կամ այլ ձևերով, արդեն երկրորդական հարց է, կապրենք՝ կտեսնենք»։
Աղբյուրը՝ 168.am