կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-11 15:29
Առանց Կատեգորիա

Դարձյա՞լ մարգինալ դառնալ. ի՞նչ են ուզում ոչ իշխանականները

Դարձյա՞լ մարգինալ դառնալ. ի՞նչ են ուզում ոչ իշխանականները

Արդեն պարզ է, որ իշխանությունը ցանկացած գնով փորձելու է ավարտին հասցնել Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու նախաձեռնությունը`անկախ ընդդիմության վերաբերմունքից և ցանկություններից:

 

Իշխանության հաջողության խաղաքարտը փչացած ընտրական համակարգն է կամ, ավելի ճիշտ, այդ համակարգի փաստացի չգոյությունը: Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են սկսված գործընթացին, իշխանության սցենարը կանխելու շանս, կարծես, չունեն` հաշվի առնելով դրա համար անհրաժեշտ կազմակերպչական, իրավական ու մեթոդական ռեսուրսների բացակայությունը, որն արդեն ապացուցվել է նախորդ երկու համապետական ընտրությունների ժամանակ: Եթե նրանք որոշել են բոյկոտել իշխանության նախաձեռնությունը, ապա իրենց տրամադրության տակ ունեն ընդամենը երկու տարբերակ:

 

Առաջին` սկսել ուժեղ դիմադրողական շարժում` հանրահավաքների, երթերի, գուցե նաև հացադուլների ու ջրադուլների միջոցով` փորձելով իշխանությանը վախեցնել հենց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը հեղափոխության վերածելու հեռանկարով: Նման մտադրություն, սակայն, դեմ արտահայտվող ուժերը, համենայն դեպս, նրանցից երկու առանցքայինները` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, կարծես, չունեն: Այս երկու ուժերի լիդերների` Գագիկ Ծառուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների սկսված պրոցեսը կանխելու համար հստակ գործությունների ծրագիր դեռ չկա:

 

Օրակարգում ամիսներ առաջ իշխանությանն առաջադրած 12 կետանոց պահանջների կատարման վիճակն ամփոփող հանրահավաքի անցկացման հետ կապված մարտավարական խնդիրներն են եղել: Սա առնվազն նշանակում է, որ իշխանության նախաձեռնությունը տապալելու հարցի շուրջ «դեմ»-ականների միջև գոնե առայժմ փոխըմբռնում չկա: Ամեն ինչ առայժմ գնում է նրան, որ հերթական անգամ նախապատվությունը «դեմ»-ականերից գոնե մեկի կողմից տրվելու է բոյկոտի` Հայաստանում ընդունված` «ձեռքերը լվանալու» և մի կողմ քաշվելու տարբերակին, ինչով ներկայիս պրոցեսը նմանվում է նախորդ նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակին:

 

Չկարողանալով համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցի շուրջ` ոչ իշխանական ուժերն առանձին-առանձին որոշեցին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Արդյունքը եղավ այն, որ այդ հրաժարումը, կամա թե ակամա, նպաստեց իշխանության վերարտադրությանը և Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Նրանք ոչինչ չկարողացան անել` ընտրությունների նկատմամբ գոնե նվազագույն վերահսկողություն իրականացնելու համար: Դրա քաղաքական հետևանքներից ընդդիմությունը չի կարողանում թոթափվել առ այսօր: Եթե սցենարը կրկնվի նաև այս անգամ, իշխանությունը ոչ միայն առանց որևէ բարդության անցկացնելու է սահմանադրական փոփոխություններ, այլև դա անելու է այն բովանդակությամբ, որը պահանջում է իր վերարտադրությունը սահուն կերպով ապահովելու նպատակը:

 

Հետևաբար, հարց է առաջանում, թե որքանո՞վ է արդարացված նույն ջուրը երկրորդ անգամ մտնելու արդեն իսկ ուրվագծվող մարտավարությունը: Գործընթացին մասնակցությունը, նույնիսկ ցանկության բացակայության պարագայում, գոնե հնարավորություն է որոշ սկզբունքային հարցերում իշխանությանը ստիպել գնալ կոմպրոմիսային լուծումների: Դրա լավագույն օրինակը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ սկսված` նախադեպը չունեցող հասարակական-քաղաքական կազմակերպված պայքարն էր, որը տվեց թեև միջանկյալ, բայց էական արդյունքներ:

 

Եթե այդ ուժերն իսկապես համոզված են, որ կառավարման համակարգի սահմանադրական փոփոխության նպատակը ԱԺ նախագահին իշխանական գերլիազորություններով օժտելն է և, այդ պաշտոնը ստանձնելով, սեփական իշխանությունը հավերժացնելը, ապա մի՞թե քաղաքական մասնակցության ցուցաբերումը, դրա շրջանակներում բանակցությունների միջոցով կառուցողական առաջարկություններ անելն իշխանության ախորժակը չափավորելու ամենաօպտիմալ տարբերակը չէ:

 

Հետաքրքրականը նաև դեմ արտահայտվող ուժերի կողմից տիրաժավորվող կանխակալ համոզմունքն է, թե այս փոփոխություններից հետո իշխանության ղեկը անպայման մնալու է Սերժ Սարգսյանի ձեռքին, ով դառնալու է ԱԺ նախագահ: Փաստորեն, ընտրություններից դեռ երեքուկես տարի առաջ նրանք իրենց արդեն պարտված են ճանաչում: Այս համոզմունքը սնվում է միայն մեկ աղբյուրից.` ընտրական համակարգի (հասկանալ նաև սահմանադրական հանրաքվեի) նկատմամբ կատարյալ անվստահությունից: Եվ չնայած դրան` գոնե ընտրական համակարգը` Սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցկացնելու հանրաքվեի մեխանիզմը փոխելու առաջարկ անգամ չի արվում կամ նախապայման չի ներկայացվում: Իսկ դա հնարավոր է նախաձեռնել միայն գործընթացին մասնակցելու միջոցով:

 

Խնդիրն այն է, որ իշխանությանը պետք է սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել` լեգիտիմացնելու համար այս նախաձեռնությունը: Մյուս կողմից` ընդդիմությանն ու հասարակությանն էլ անհրաժեշտ է, որ այդ փոփոխությունները, եթե դրանք, միևնույն է, կատարվելու են, լինեն ռացիոնալ, բխեն ոչ թե իշխանության շահերը սպասարկելու, այլ պետական իշխանության թևերի տարանջատման և հակակշռման ֆունդամենտալ սկզբունքից, և վերջապես, որ նախագիծն անցկացվի նորմալ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող և արժանահավատ հանրաքվեի միջոցով:

 

Երկկողմ այս շահերը ստեղծում են առնվազն բանակցելու, կոմպրոմիսի հասնելու ենթահող: Ոչ ոք չի բացառում, որ դա որևէ արդյունք չի տա: Հաշվի առնելով խորհրդարանում փոքրամասնության նախաձեռնությունների և առաջարկությունների նկատմամբ քաղաքական մեծամասնության կողմից ավանդաբար դրսևորվող անհանդուրժողականությունը` գուցե հենց այդպես էլ լինի: Սակայն, դրանով հանդերձ, սա իշխանության իրական նկրտումները մերկացնելու կամ առնվազն սեփական դիրքորոշման ճշմարտացիությունը հիմնավորելու միակ միջոցն է:

 

Հակառակ պարագայում որևէ մեկը չի հասկանալու, թե ինչպես կարող է պատասխանատու և սկզբունքային քաղաքական ուժը շարունակաբար հայտարարել երկրի հասարակական-քաղաքական զարգացման, առողջացման համար պարտադիր կերպով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին, բայց դրա իրական հնարավորությունը ստեղծվելիս պնդել, թե այն ժամանակավրեպ է:

 

Գևորգ Դարբինյան