Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ այցելության ժամանակ եւ հատկապես` դրանից հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ վարչապետը գնացել է դրսի ուժերի «դաբրոն» ստանալու, եւ որ իբր ստացել է` նախագահական ընտրություններից հետո դարձյալ վարչապետ կվերանշանակվի:
Վարչապետի վերանշանակման մասին խոսակցություններն ավելի թեժացան ՀՀԿ համագումարից հետո, երբ ՀՀԿ համագումարին ուղղված տեսաձայնագրության մեջ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը բառացիորեն հայտարարել էր. «Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը»: ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորական որոշ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էին դրսի այս երկու «մեսիջները», որոնք Տիգրան Սարգսյանին հաջողվել է «վերանվաճել»:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետի փոփոխության խնդիր այսօր օրակարգում չկա, հետընտրական զարգացումներն էլ ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել:
«Մենք ամեն ինչ քննարկում ենք ժամանակին, երբ կգա ժամանակը ՀՀ նախագահն իր լիազորությունների շրջանակներում կառավարություն կձեւավորի»,- հայտարարեց նա եւ միաժամանակ ընդգծեց, որ համամիտ չէ այն մտքին, թե իբր Մարտենսի խոսքը մեսիջ էր:
Ըստ ԱԺ փոխնախագահի` Մարտենսը հրաշալի գիտակցում է, որ անկախ պետության գործերին միջամտությունը ընդունված չէ եւ անթույլատրելի է:
«Բացի այդ` ՀՀ նախագահը եւ ՀՀԿ-ն իրենց որոշումներն իրականացնում են բացառապես Հայաստան պետության եւ ազգային շահի հիման վրա, այլ ոչ թե, ինչպես դուք եք ասում, դրսի մեսիջներով: ՀՀԿ եւ ոչ մի ներկայացուցիչ դրսում դաբրոներ չի փնտրում, ՀՀԿ-ին դա բնորոշ չէ: ՀՀԿ ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում` բարձր պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ դաբրոն տալիս է միայն ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը, որ, փաստորեն, գոհ է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից, ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ գոհն ու դժգոհը որոշում է ՀՀ քաղաքացին: «Մենք եւ կառավարությունը` մեզ հետ միասին, գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- հայտարարեց Շարմազանովը:
Ի դեպ, ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաեւ, որ նախկին համագումարի ժամանակ եւս Մարտենսը շեշտել է վարչապետի անունը: Հարկ է ավելացնել, որ դրանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց: