Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ կուսակցության ստեղծումով ՀԱԿ դաշինքին ոչինչ չի պատահելու, այն կա. լրագրողներին այսօր հավաստիացրեց ՀԱԿ համակարգող, նորակազմ ՀԱԿ կուսակցության նախաձեռնող Լեւոն Զուրաբյանը: Բանախոսը ասաց, որ որ ՀԱԿ-ը կամավոր դաշինք է, եւ եթե նրա անդամները ցանկանում են դաշինքը պահպանել, ապա այն պահպանվում է: Իսկ նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը, Զուրաբյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ի ներսում անհատ ինքնորոշման հիման վրա մարդկանց միավորումն է մեկ կուսակցության մեջ:
Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք կմտնեն կուսկացության մեջ, եղել են ՀԱԿ դաշինքի անդամներ: Զուրաբյանը կանխատեսումներ չարեց` կպահպանվի՞ արդյոք ՀԱԿ դաշինքը, թե՞ ոչ` նշելով, թե այն ուժերը, որոնք կուզեն պահպանել դաշինքը, կարող են պահպանել այն: Զուրաբյանն ասաց նաեւ, թե այժմ չի կարող ասել` քանի ուժ եւ որ ուժերը կմիանան նորակազմ կուսակցությանը, քանի որ այն անհատների նախաձեռնություն է:
Ինչ վերաբերում է նոր կուսակցության ղեկավարի հավանական թեկնածուին, ապա Զուրաբյանը նշեց, թե ինքն անձամբ ամեն ինչ կանի եւ ցանկանում է, որ այն ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ նոր կուսակցության ստեղծման իմաստն այն է, որ ակտիվ դերակատարություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքում: Զուրաբյանի հավաստիացմամբ, այն աննախադեպ է լինելու իր հզորությամբ եւ ապագայում ամենակարեւոր դերն է խաղալու հայկական քաղաքական իրականության մեջ:
ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժերն իրավունք ունեն միանալ նոր` ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, դառնալ նախաձեռնող, կամ մնալ դաշնակցային հարաբերություններում, կամ դադարեցնել այդ դաշնակցային հարաբերությունները` ՀԱԿ դաշինքի շրջանակներում: Զուրաբյանը նշեց, թե նոր կուսակցություն հիմնելու մասին խոսակցություններն առաջին անգամ բացվել են այն օրը, երբ խոսք է բացվել ՀԱԿ դաշինքը ստեղծելու մասին: Նա նշեց, որ, ճիշտ է, նոր կուսակցությունը հիմնել են անհատ նախաձեռնողները, բայց դա չի նշանակում, թե նախաձեռնությունը փակ է այլ մարդկանց կամ քաղաքական ուժերի համար:
Այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից շատերը առանձնապես խանդավառություն չեն ցուցաբերում նորակազմ կուսակցությանը միանալու հարցում, Զուրաբյանն արձագանքեց, որ դեռ նոր կուսակցության կայացման հարցում շատ անելիքներ կան, եւ միգուցե, երբ այդ ուժերը հետագայում տեսնեն, որ շատ ավելի արդյունավետ քաղաքական ուժ է հիմնադրվել, կարող են հետագայում ցանկություն հայտնել այդ ուժին միավորվելու:
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե նույն քաղաքական դեմքերը, բարձրացնելով նույն խնդիրները` կազմաքանդել քրեաօլիգարխիկ համակարգը, հասնել իշխանափոխության, նոր կուսակցություն են հիմնում` դարձյալ նույն նպատակներով, արդյոք կկարողանա՞ն այն իրականցնել, եթե նախկինում չիրականացրեցին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, թե նախկինում մի շարք հանգամանքներ կային, որոնք թույլ չէին տալիս ՀԱԿ-ին տեղից շարժվել:
Որպես օրինակ, նա նշեց, թե ՀԱԿ-ում մեկ մարդ-կուսակցությունը կարող էր կարեւոր հարցերում, քաղխորհրդի նիստերում օգտագործել իր վետոյի իրավունքը, եւ այս կամ այն որոշման կայացումը խաթարվեր: Զուրաբյանը նաեւ կարծիք հայտնեց, թե նոր կուսակցության հիմնումը ոչինչ չի փոխում Կոնգրեսի կառուցվածքի մեջ: