Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշամալիրում, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ վստահ է մի բանում, որ մենք, որպես ազգ, միայն կարող ենք լինել հաջող և հաջողությամբ կարող ենք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները:
«Հաջողության համար մենք պետք է միանանք` Սփյուռքը, Հայաստանը միասին պետք է գործ անեն, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Մեր զարգացումով և մեր հաջողությամբ ցույց տանք բոլորին, մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու, որ մենք կյանքն ենք զարգացնում, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ և անում ենք ամեն ինչ, որ աշխարհը հիշի` ինչ է եղել 102 տարի առաջ, նայելով մեզ` հասկանա, որ մենք երեք հազար տարվանից ավելի պատմություն ունենք, և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան է տալիս և տալու է»,- հայտարարեց նա:
Հարցին` ինչո՞ւ չի անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ում բաց չի՞ տեսնում այս ոլորտում, Վարդանյանն արձագանքեց. «Մեր «Ավրորա» մրցանակի շարժումը մարդու իրավունքների մասին չէ, մարդու արժեքների մասին է: Մենք ավելի լայն բանի մասին ենք խոսում. «Ավրորան» համաշխարհային համամարդկային արժեքների մասին է խոսում, որ այդ արժեքների վրա հիմնված երկիր պետք է ստեղծենք, դրա համար մեզ համար կարևոր է, որ այդ արժեքների մասին խոսենք, և այդ արժեքները բոլորի համար որպես ֆունդամենտ պետք է լինեն: Այդպես կարող ենք փոխել կյանքը և' այստեղ, և' աշխարհում, ինչը արվում է»:
Ինչ վերաբերում է հարցին` այստեղ տեսնո՞ւմ է հեռանկար, որ այս համակարգով փոփոխությունների հասնենք, Վարդանյանը նշեց, որ ինքը լավատես է: «Մենք 18 տարի առաջ սկսել ենք ծրագրեր` իմանալով, որ դա դժվար է, բայց այլ ճանապարհ չկա, շատ հեշտ է ասել, թե` սա է մեղավոր, նա է մեղավոր, բայց պետք է անենք, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա: