կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-25 17:42
Քաղաքական

ՌԴ-ն կարող է ձևավորել Արևելյան Ուկրաինա անվամբ նոր պետություն՝ ըստ սցենարներից մեկի. քաղաքագետ

ՌԴ-ն կարող է ձևավորել Արևելյան Ուկրաինա անվամբ նոր պետություն՝ ըստ սցենարներից մեկի. քաղաքագետ

Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ սցենարով է զարգանալու ռուս-ուկրաինական առճակատումը.Yerkir.am-ի զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին:

Արդյո՞ք Ռուսաստանը կառաջնորդվի 2008 թ. Վրաստանում կատարված իրադարձությունների պլանով, թե՞  «կշեղվի» Վրաստանի պլանից, կմտնի մայրաքաղաք Կիև և կհեռացնի Զելինսկիի վարչախմբին: Ըստ քաղաքագետի՝ այս պատերազմում կա երկու սցենար։

«Սցենար առաջին՝ Ռուսաստանն ուզում է վերացնել ուկրաինական ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, ընդլայնել Լուգանսկի և Դոնեցկի սահմանները և սահմանափակվել այդ հանրապետությունների ճանաչումով: Այս սցենարը շատ նման կլինի վրացական սցենարին, երբ նրանք ճանաչեցին Աբխազիայի և Օսիայի անկախությունը և, միևնույն ժամանակ, ոչնչացրին Վրաստանի ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև՝ վախի մթնոլորտ ստեղծեցին ուկրաինական հասարակության մեջ, որպեսզի երբևէ ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չգան Ռուսաստանի նկատմամբ: Երկրորդ սցենարը, որը Վրաստանում չիրականացավ, այն է, որ Ռուսաստանը փորձում է ձևավորել նոր պետություն՝ Արևելյան Ուկրաինա: Չի բացառվում, որ Ռուսաստանը կարողանա Ուկրաինայի ամբողջ արևելյան մասը գրավել, այնտեղ ձևավորել ռուսամետ իշխանություն և Ուկրաինան բաժանել երկու մասի՝ արևելյանի և արևմտյանի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենը կախված է տվյալ շրջանի ժողովրդից: Այդ ժողովուրդները բավականին երկփեղկված պատկերացումներ ունեն. մի կողմից ռուսախոս են, մյուս կողմից ուկրաինացի են, իսկ թե ինչպիսի՞ դիրքորոշում ունեն ներկա պահին՝ դժվար է ասել:

«Կարծում եմ՝ այդ գործըթացների արդյունքում պարզ կլինի, թե պատերազմն ինչպիսի՞ սցենարով կզարգանա:  Անգամ Մոսկվայում մինչև վերջ չեն պատկերացնում, թե որ սցենարը կարելի է կյանքի կոչել: Ռուսաստանի համար ավելի ձեռնտու է Արևելյան Ուկրաինայի ձևավորումը, քանի որ փաստացի Ռուսաստանը նոր պետություն կձևավորի իր արևմտյան սահմանների մոտ, որը կլինի Բելառուսի նման մի երկիր և դրական տրամադրված  Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ազդեցության տակ չի լինի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին գիշերն ուղիղ եթերում պաշտոնապես խոստովանել է, որ իրենք մենակ են մնացել, և դաշնակիցների կողմից օգնության բոլոր խոստումները կեղծ էին: «Բոլորը վախենում են»,- Ուկրաինայի նախագահի խոսքն է: Հիմա ստացվո՞ւմ է, որ ԱՄՆ-ը սադրեց, խոստացավ՝ Ուկրաինայի կօգնի, բայց արդյունքը եղավ այն, ինչ այսօր տեսնում ենք։

Երվանդ Բոզոյանը մեկնաբանում է՝ Արևմուտքը երբեք իր ժողովուրդներին չի մտցնի լայնածավալ պատերազմների մեջ:

«Արևմուտքը կարող է կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ, կարող է գեղեցիկ խոստումներ տալ, կարող է օգնել ֆինանսապես, տնտեսապես, տեղեկատվությամբ, բայց ռազմական առումով Արևմուտքը չի մտնի մի գործընթացի մեջ, որը ենթադրում է մեծ բախում իրեն համարժեք երկրի հետ: ԱՄՆ-ը ներխուժել է այնտեղ, որտեղ ուժեղ իշխանություն չի եղել: Արևմուտքը ապրում է լավ կյանքով, իրենք իրենց քաղաքացիներին չեն ցանկանում զոհաբերել հանուն փոքր երկրների: Արևմուտքը կարող է փոքր երկրներին լավ խոստումներ տալ: Տեսաք՝ Հայաստանին ինչ խոստումներ տվեցին 1920 թ.՝ Սևրի պայմանագիր, 160 հազար կմ տարածք, բայց երբ կոնկրետ առարկայական պատերազմ եղավ, այստեղ ոչ մի ամերիկյան կամ անգլիական զորքեր չկային: Նույնը եղավ Վրաստանում: Ես կարող եմ հասկանալ, որ ուկրաինացիները նոր են իմանալու Արևմուտքի իրական պատկերը, բայց մեր ժողովուրդը հարյուր տարի առաջ արդեն տեսել էր այս ամենը: Այս ամենը տեսավ նաև Արցախյան վերջին պատերազմին, Արևմուտքն ի՞նչ արեց. այն ինչ հիմա անում է Ուկրաինայի հանդեպ, դրա մի մասն էլ չարեց Հայաստանի համար: Արևմուտքն ուղղակի դիտում էր, թե ինչպես է Հայաստանը կորցնում իր տարածքները»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը:

 

                                                                                       Լենա Կարապետյան