կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 11:58
Քաղաքական

Եվրոպական Միությունը դեռևս պատրաստ չէր Արևելյան գործընկերության գագաթաժողովին. քաղաքագետ

Եվրոպական Միությունը դեռևս պատրաստ չէր Արևելյան գործընկերության գագաթաժողովին. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

 

«Այս երկու օրերը պարզապես ամբողջացրեցին այն, ինչ դեռևս երկու տարի առաջ սկսվել էր Վիլնյուսում: Այն ժամանակ Հայաստանը խնդիր ուներ` Եվրոպական Միությանը ցույց տալ իր ընտրության պրագմատիզմը և հիմնավորել աշխարհաքաղաքական զարգացման տեսակետից ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության հավասարակշռությունը: Երկու տարի առաջ մենք Եվրոպային սկսել էինք համոզել, որ այն պահանջները, որոնք դրվել էին Արևելյան գործընկերության անդամ երկրների առջեւ չէին կարող անհամաձայնություններ չառաջացնել»,- նշեց քաղաքագետը:

 

Նրա կարծիքով՝ երկու տարվա աշխատանքի արդյունքում ԵՄ-ն պաշտոնական մակարդակով պատրաստակամություն է հայտնում նոր բանակցություններ սկսել Հայաստանի հետ, ընդ որում` հենվելով երկկողմանի հարաբերությունների վրա, որ ենթադրում է ասոցացման պայմանագրի քաղաքական մասի ստորագրում, տնտեսական համագործակցության հեռանկարներ:

 

«Իհարկե, այդ տնտեսական համագործակցությունը չպետք է հակասի ԵՏՄ-ի հետ համագործակցությանը: Այնպիսի մեխանիզմներ կարող են մշակվել, որ դրանք չհակասեն Եվրասիական տնտեսական միությունում մեր ստանձնած պարտավորություններին»,- նշեց Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով. «Հայաստանը հայտ է ներկայացնում` ԵՄ-ի և ԵՏՄ-ի հետ համագործակցության հարթակ լինել: Իհարկե, շատ կարևոր է ԵՄ-ի ուշադրությունը հրավիրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության և Հայոց ցեղասպանության վրա: Այս տեսանկյունից Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովը լավ հնարավորություն դարձավ ևս մեկ անգամ այդ խնդիրների մասին բարձրաձայնելու, նաև յուրահատուկ աջակցություն ստանալու ԵՄ անդամ երկրների կողմից»:

 

Քաղաքագետը ասաց նաև, որ այս գագաթաժողովի ընթացքում տեսանք` ինչպես Ադրբեջանը ճնշումների արդյունքում, բայց, այնուամենայնիվ, ստորագրեց այդ փաստաթուղթը: «Այն կոնֆլիկտը, որ առաջացավ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև, արդեն իսկ քաղաքական հետաքրքիր քննարկումների և բավական հետաքրքիր զարգացումների տեղիք է տալիս»,- նշեց նա:

 

Ըստ Մելիք-Շահնազարյանի` Եվրոպական Միությունը դեռևս պատրաստ չէր այս գագաթաժողովին: «Օրինակ` Հունաստանն ու Ֆրանսիան պատրաստ չեն Ռուսաստանի հետ կտրուկ հակամարտության անցնելու տարբերակին: Տարաձայնություններ կան նաև ԵՄ-ի ներսում»,- նշեց քաղաքագետը: