կարևոր
5338 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-01 14:07
Քաղաքական

Երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․ Մենուա Սողոմոնյան

Երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․ Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկվա նյարդային վիճակից հետո փորձենք սթափ գնահատել այն, ինչ կոլլաբորացիոնիստ բռնապետը երեկ հնչեցրեց։ Այսպես, երեք առանցքային միտք ասաց հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի հարցի վերաբերյալ․

1․ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրում են խաղաղության պայմանագիր, որը ըստ Փաշինյանի հարյուրամյա խաղաղություն է բերում մեզ։

2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում սահմանագծում ու սահմանազատում 1991թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ եղած քարտեզի հիման վրա, որտեղ Հայաստանն ու Արցախը կապված չեն։

3․ Արցախի հարցը անջատ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից, Արցախի հարցի շահառուն Արցախի ժողովուրդն է, ուստի Ադրբեջանը պիտի բանակցի Արցախի իշխանությունների հետ, այս հանգամանքն էլ, ըստ Փաշինյանի, ընդունելի է Արցախի իշխանությունների համար։ Միևնույն ժամանակ պետք է առերեսվել այն հանգամանքի հետ, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչում Արցախի անկախությունը կամ նրա՝ Հայաստանին պատկանելությունը։

Երբ այս մտքերը դնում ենք իրար կողքի, համադրում ինչպես առկա իրողությունների ու միտումների, այնպես էլ ադրբեջանական դիրքորոշումների հետ, ապա պարզ է դառնում թե ինչ է նշանակում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը․

1․ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն համաձայնություն է տալիս, որ Ադրբեջանն Արցախի հետ վարվի այնպես, ինչպես կամենա։ Արցախը ռազմակալելու դեպքում ներգործության ի՞նչ լծակ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը, եթե Ադրբեջանի հետ ստորագրել է խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի հարց չի հիշատակվում, ոչ մի հանձնառություն Հայաստանը չի ունենում, եթե Արցախի հետ աշխարհագրական կապ չի ունենում սահմանագծման ու սահմանազատման արդյունքում։

2․ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն Արցախի ժողովրդի գոյության հարցը «գցում է Ռուսաստանի գրպանը»՝ ինչը լի է վտանգավոր զարգացումներով։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն 2025թ․ նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից ու այդ օրը դառնալու է Արցախի ռազմակալման կամ Արցախի ժողովրդի նոր գոյամարտի ամսաթիվը (հիշեցնում եմ, Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանն այդ ժամանակ արդեն կնքած պիտի լինեն խաղաղության պայմանագիր, իրար հետ առևտուր են անելու, փոխայցեր տարբեր մակարդակներով, մի խոսքով Հայաստանի Հանրապետությունը «վայելելու է խաղաղությունը»)։ Անգամ եթե ընդունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելով նոյեմբերի 9-ը կորցնելու է իր ուժը, և ռուս խաղաղապահները կարող են Արցախում մնալ անժամկետ, անհասկանալի է դառնում վերջերս ռազմավարական դաշնակցային պայմանագիր կնքած Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Ռուսաստանը պատերազմելու՞ է Ադրբեջանի հետ, Ռուսաստան- Արցախ կամ Արցախ-Իրան կա՞պ է բացելու։ Անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանն ինչ-որ կերպ լեզու են գտնում և Ադրբեջանը համաձայնում է, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում, ապա կրկին պարզ չի դառնում, թե մի փոքր հողակտորում պարփակված մեր 120 հազար հայրենակիցներն ինչպե՞ս են ապրելու, ումի՞ց են ապրանք գնելու, ի՞նչ արժույթ են օգտագործելու, արտասահման մեկնելու անհրաժեշտության պարագայում որտեղի՞ց են գնալու, ծանր հիվանդություն բուժելու համար Երևա՞ն, թե՞ Բաքու են գնալու, ինչպե՞ս։

3․ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի լծակ չի ունենում Արցախի հարցում։ Այս պարագայում Հայաստանն ինչպե՞ս է ներազդելու Ադրբեջանի վրա՝ նրան մղելու Արցախի հետ բանակցության, ինչպես Փաշինյանն է ասում։ Ինչու՞մն է Փաշինյանի հույսը, երբ Արցախի գոյությունն անգամ չճանաչող Ադրբեջանը նստելու է Արցախի իշխանությունների հետ բանակցության ու ինչի՞ շուրջ է բանակցելու (եթե անգամ պատկերացնենք, որ բանակցում է), եթե առերեսվում ենք այն փաստի հետ, որ Արցախի անկախության կամ Հայաստանին պատկանելու հետ ոչ ոք համաձայն չէ, Արցախի ժողովրդին չկոտորելու՞ մասին է լինելու բանակցությունը։

Այս պարագայում երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․

1․ Արցախը շատ արագ հայաթափվում է, մարդիկ լքում են իրենց տները չկոտորվելու համար, ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, հայ ժողովուրդն էլ Ռուսաստանին մեղադրում է դավաճանության հարցում, անիմաստ է համարում Հայաստանում ռուսական ռազմաբազայի մնալը և պահանջում է այն դուրս բերել։ Այսպես տեղի է ունենում Հայաստանի «ինքիշխանության» հաստատման գործընթացը, ինչի մասին երեկ խոսում էր կոլլաբորացիոնիստ բռնապետը, և մեկնարկում է «100-ամյա խաղաղության» դարաշրջանը։ Բնականաբար թե՛ ինքնիշխանություն, թե՛ խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղություն ընտրելով Հայաստանը կա՛մ անցնելու է թուրքական պրոտեկտորատի տակ (ինչը դանդաղ մահվան է բերելու), կա՛մ ինքնիշխանությունն ընտրելով ու մերժելով թուրքական պրոտեկտորատը, նոր պատերազմների առաջ է կանգնելու (բայց արդեն ունենալով կորցրած Արցախ)։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ հիմա Փաշինյանը ստիպված է մտածել այն մասին, թե ժողովրդին ի՞նչ մանիպուլյացիաներով պետք է համոզի այն, որ նույնիսկ այս սցենարի դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն անհանգստացնելու մեզ, էլ տարածք ու միջանցք չեն պահանջելու, եթե այդ հարցը երկուսի արտաքին քաղաքականության կենտրոնական հարցերն են։ Խաղաղության թու՞ղթն է դա ապահովելու, թե՞ արևմտյան պետությունների հայտարարությունները։

2․ Արցախում ադրբեջանական նոր սադրանքներից հետո սկսվում է նոր պատերազմ, որի ծավալների, մասշտաբների ու հետևանքների մասին դժվար է կանխատեսումներ անել։ Ու ի՞նչ է անելու այս պարագայում Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը, ով դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն ու չի կարող անտարբեր լինել, երբ իր հայրենակիցներին էնտեղ սպանեն, շարունակելու է խաղաղ ապրե՞լ, չի՞ պահանջելու կռվել հանուն իր հայրենակիցների գոյության։ Թե՞ հույս ենք ունենալու, որ Ադրբեջանը սադրանքների չի գնալու, չի փորձելու ռազմակալել Արցախը կամ պայմաններ չի ստեղծելու (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման խափանումներ և այլն), որ արցախցիները դուրս գան։

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ անել այդ դեպքում։ Ինչ անել հարցը պետք է ենթադրի վիճակ, երբ հեռացված է Նիկոլ Փաշինյանը։ Միայն նրան հեռացնելուց հետո պետք է կատարել զուգահեռ մի շարք գործողություններ, որոնցից են․

  • Վերացնել ատելության մթնոլորտը, մեկնարկել ազգային համերաշխության գործընթաց (ինչը չի նշանակում հանցագործների ներում),
  • Նոր տեմպ, որակ ու թափ հաղորդել Հայաստանի դաշնակից ու գործընկեր պետությունների հետ հարաբերություններին՝ կենտրոնանալով ռազմական համագործակցության բաղադրիչի վրա,
  • Զարկ տալ երկրի ռազմականացմանը՝ ներառյալ անհրաժեշտ սպառազինությունների գնումը, ռազմական պատվերները երկրի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, մեծածավալ ինժեներատեխնիկական աշխատանքների իրականացումը՝ այդ թվում հարկադրանքի մեխանիզմներով, կազմակերպված ձևով ազգաբնակչության մարզումը՝ այդ թվում հարկադրանքի մեխանիզմներով, ռազմական գործի առաջատար մասնագետների ցուցումներով պաշտպանության ռազմավարության ու մարտավարության անհրաժեշտ փոփոխությունները,
  • Փոխել բանակցային ռազմավարությունը՝ Արցախի հարցը վերադարձնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթ՝ շեշտադրելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայաստանի Հանրապետության հետ հուսալի կապի բաղադրիչները։