կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 15:46
Մշակույթ

Հակոբից Արթին. թուրքական կինոյի հայ կերպարները

Հակոբից Արթին. թուրքական կինոյի հայ կերպարները

Ռըզա Օյլում

Կինոսերները հաճախ հայերին սովոր են տեսնել, եթե տղամարդ է, որպես տարեց պանդոկապանի, և եթե կին է՝ տարեց ու միայնակ տանտիրուհու: Սակայն որոշ հատուկ օրինակներում որպես կերպար կարողացանք հանդիպել հայերի: Սակայն հայերի հարուստ ստեղծագործությունը Անատոլիայում, նրանց ողբերգություններն ու յուրօրինակ կերպարները դեռ սպասում են կինոյում իրենց արձագանքին։

Մեր ֆիլմարտադրությանը փոքրամասնությունները բավական ինտենսիվ կերպով ներգրավված էին սկզբնավորումից մինչև զարգացման շրջան: Թե՛ որպես դերակատար, և թե՛ տեսախցիկի հետևում մեծ թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հայրենակիցներ աներևակայելի ներդրում են ունեցել ազգային կինոյի հիմնադրման ընթացքում: Ինչ էլ լինի կինոյում ազգային փոքրամասնությունների կատարած ներդրումը, այն հող չպատրաստեց տեսախցիկի առաջ իրենց ինքնությամբ արտահայտվել կարողանալու միջավայրի ստեղծման համար: Հայերը, հույները և հրեաները շատ հաճախ հանդիպում  են որպես երկրորդ պլանի դերակատարներ: Սակայն նրանք մեր դիմաց կարող էին հայտնվել որոշ ֆիլմերի կարևոր կետերում:

Դեռևս կինոյի վաղ մանկությունից սկսած՝ հնարավոր է հանդիպել հայ կերպարների: 1940 թ․ ստեղծված «Աքասյա Փալաս»-ի և նույն տարի Ֆարուք Քենչի նկարահանած «Յըլմազ Ալի» ֆիլմերը կարող ենք համարել այս դեպքի օրինակներ: 1949 թ․ ստեղծված «Էֆսունջու Բաբա» ֆիլմն էլ պետք է ավելացնենք այս ցանկին: «Էֆսունջու Բաբա» ֆիլմի ռեժիսոր Ագահ Ազգուչը այն ներկայացնում էր որպես «կախարդանքին հավատացող ու գանձ որոնող հոր հետ ապրող աղջկա վրա սիրահարված մի հայ երիտասարդի պատմություն»: Ֆիլմը չի հասել մեր օրեր, սակայն գրանցվել է որպես հայ դերասան Նուբար Թերզյանի առաջին ֆիլմ: 1950-ականների երկրորդ կեսից հետո, երբ սկսվեց զանգվածային արտագաղթը,  փոքրամասնություններին ներկայացնող անձանց կերպարներն սկսեցին մեզ հանդիպել այնպիսի դերերում, որոնք չէին կարողանում անցնել պիտակավորման մակարդակից այն կողմ։ Նրանք կարող էին լինել առևտրական, պանդոկապան, իր գեղեցկությունը ցուցադրող կին կամ էլ տարիքն անցած սպասավոր:

Մեմդուհ Ունի Արթինը

1950-ականների վերջերին, երբ Մեմդուհ Ունը հայտնի դարձավ իր «Երեք ընկեր» (1958) ֆիլմով, նա մի աննման ստեղծագործություն ներկայացրեց: Դա երեք աղքատ երիտասարդի՝ Ստամբուլում մնալու համար մղած պայքարի մասին պատմող ստեղծագործություն է: Մուրադի (Ֆիքրեթ Հաքան), Մըստըքի (Սեմիհ Սեզերլի), և Արթինի՝ (Սալիհ Թոզան) եղբայրության հասնող ընկերությունը բացահայտում է կոսմոպոլիտ Ստամբուլի հարստությանը: Նապաստակների միջոցով գուշակություններ անող Մուրադի, լուսանկարիչ Արթինի և կոշիկ ներկող Մըստըքի՝ աղքատությանը չպարտվող ընկերության մասին պատմող ֆիլմում ռեժիսորը չի ընդգծում Արթինի կերպարի հայ լինելը: Սակայն Արթինի կերպարի և՛ հագուստի բծախնդրությունը, նրա՝ ընկերներից ավելի հին պոլսեցի լինելու ցուցադրումը, և՛ իր կոտրատված թուրքերենը ցույց է տալիս նրա հայ լինելու հանգամանքը։ Երբ 1971 թ․ ռեժիսորը վերանկարահանում է ֆիլմը, կերպարի հարստությունը նույնն է մնում։ Մեմդուհ Ունը նշում է, որ «Երեք ընկեր» ֆիլմի կերպարները հայտնաբերվել են Ստամբուլի իրական մարդկանցից:

««Երեք ընկեր» ֆիլմի լուսանկարիչը Գումգափուի իմ տան դիմացի Նշան էֆենդին է: Հայրս ինձ հաց առնելու համար Չեմբերլիթաշի փուռ էր ուղարկում: Այնտեղ գնալու համար հաճախ Նուրիօսմանիե մզկիթի բակով էի անցնում: Այնտեղ մի գուշակ կար: Նապաստակներ, աղավնիներ կային: «Երեք ընկերի» գուշակողը այնտեղի գուշակն էր»:

ՈՎ ԳՆԱ: ՄԱԴԱՄ ՍԻՐԱՆՈՒՇ

1959 թ․ Ֆարուք Քենչի նկարած «Չմեռնող սեր» ֆիլմում թուրքական կինեմատոգրաֆիայում մեզ հայտնի մի թեմա է հանդիպում. երաժշտության դասեր տալու համար հարուստ ընտանիքի հաճախող երիտասարդի սիրավեպը տան աղջկա հետ: Սակայն դասակարգային տարբերությունները խանգարում են այդ սիրուն: Երաժիշտ Բյուլենթի (Էֆգան Էֆեքան) մնացած հանրակացարանի կենվոր մադամ Սիրանուշը ֆիլմում տեղ է զբաղեցնում որպես հումորային կերպար: Կոտրված թուրքերենը, եղածից ավելի երիտասարդ ու գեղեցիկ երևալու ջանքերը կազմում է ֆիլմի հիմնական թեմայի հետ չկապված կողմնակի երգիծական տարրը: Իսկ Իստամբուլը չի ամբողջացնում պատմությունը: Հանրակացարանի տիրոջ անհանդուրժողականությունը մադամ Սիրանուշի նկատմամբ  և «Արդեն զզվել եմ այս հանրակացարանից, Սիրանո՛ւշ», գոռգոռոցները նման են քիչ թվով մնացած հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողականության խորհրդանշական լուսանկարի:

1965 թ․ ստեղծված ֆիլմը, ուր տեղ են գտել փոքրամասնությունների կերպարներ՝ «Իմացողը հաղթում է» ֆիլմն է: Մանր խաբեբայություններ անող Ֆըսթըքը և Մըսթըքը պատմում են մի հայ կնոջ ծաղրանմանակման մասին. Ֆընդըքը Մըստըքի օգնությամբ կեղծ ամուսնություն է կնքում Փիլիչյան (Մուրուվվեթ Սիմ) անունով հայուհու հետ, և նրանք միասին գողանում են կնոջ հարստությունը։

Այդըն Արաքոնի նկարահանած «Կարոտ» (1961) ֆիլմը պատմում է ոստրե վաճառելու միջոցով ապրուստ հայթայթող Սունայի (Բելգին Դորուք) և հարուստ, կույր կոմպոզիտոր Միթհաթի (Մուզաֆեր Թեմա) սիրո մասին: Ֆիլմն սկսվում է գինետանը: Հավաքած ոստրեները վաճառել փորձող Սունային խոսեցնող հաճախորդներին սաստած հայ պանդոկապան Հակոբը (Նուբար Թերզիյան) ճիշտ արտահայտություն է կիրառում.

«Հակոբի գտնված տեղում այսպիսի բան չի կարելի»:

Հակոբը ոչ միայն իր անունով, այլեւ կոտրված թուրքերենով հիշեցնում է, որ ֆիլմի մեջ հայ է ներկայացված։

ԸՆԿՃՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐՊԵՏ ԱՐԹԻՆԸ

«Մի ընկճված մանուկ» ֆիլմը (1987 թ․), որի բեմադրիչը Նիսան Աքմանն է, և որը նկարահանվել է Այշե Քուլինի պատմվածքի մոտիվներով, ներկայացնում է Գյուլիզարի (վերջինիս կերպարը մարմնավորում է Հյուլյա Ավշարը) պատմությունը, ըստ որի՝ Գյուլիզարը կարճ ժամանակահատվածում հետզհետե հայտնի մանեքենի է վերածվում, քանի որ նրա գեղեցկությունը հայտնաբերում են պատահաբար, ի շնորհիվ այն հանգամանքի, որ նրա հայրը լուսային օպերատոր էր աշխատում մի վայրում, որտեղ գովազդներ էին նկարահանում։ Ֆիլմը Գյուլիզարի պատմությունը պատմելով հանդերձ, փոքր, սակայն կարևոր տեսարաններ է ներկայացնում դիտողներին փոքրամասնությունների մշակույթի մասին: «Ընկճված երեխան» թուրքական կինոյի փոքրաթիվ յուրօրինակ ազգային փոքրամասնությունների կերպարներից մեկի՝ Վարպետ Արթինի (Օրհան Չաղման) կերպարով կարևոր ստեղծագործություն է։

«Ընկճված երեխան» սկսվում է Թարլաբաշի նեղլիկ փողոցների տեսարանով: Ֆիլմն սկսվում է Վարպետ Արթինի և դեռևս երեխա Գյուլիզարի՝ ձեռք ձեռքի տված քայլելով. ականատես ենք լինում այս երկուսի թափառումներին Թարլաբաշի երկար, նեղ փողոցներով: Զույգը հանգիստ զբոսանքի ընթացքում, մի քիչ հետո դուրս է գալիս Թարլաբաշի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դիմաց: Ֆիլմն առավել բաց տեքստով Ստամբուլի փոքրամասնություններին և նրանց սրբավայրը ներկայացնում է նույն շրջանակում: Ֆիլմի երկրորդ րոպեում հայտնվում ենք Թոփհանեին կպած Սերդարը Էքրեմի լանջի եզրին գտնվող Ղրիմի եկեղեցու դիմաց: Ռեժիսորը միմյանցից տարածքային առումով հեռու վայրերը ներկայացնելով այնպես, կարծես դրանք մի զբոսանքի ուղու վրա են, ճշմարտությունը խեղաթյուրելով՝ նպատակ ունի հանդիսատեսին ներկայացնել հավատքի այն հարստությունը, որը եկեղեցիներն ավելացրել են քաղաքին։ Ֆիլմում Վարպետ Արթինի և Գյուլիզարի ընտանիքները կողք կողքի ապրում են Ղրիմի եկեղեցու դիմաց գտնվող փողոցի տներում: Տուն եկած Վարպետ Արթինը մեր առջև մի ճշմարտություն է բացահայտում, որին թուրքական կինոյում հիմնականում չենք հանդիպում. ազգային փոքրամասնության մի ներկայացուցիչ, ով միայնակ չէ: Հավանաբար թուրքական կինոյում առաջին անգամ է որ ֆիլմում ազգային փոքրամասնության ներկայացուցիչը մենակ չի մնում, այլ իր գոյությունը շարունակում է ընտանիքում: Արթինի տիկինը հիվանդ և հաշմանդամ է, սակայն Արթինը և նրա տիկինը տեսախցիկի առջև հայտնվում են միասին:

Կրոնական բազմազանությունը ֆիլմում ֆոն լինելուց հեռու է: Ֆիլմի ամենասկզբում Գյուլիզարը իր տարիքի համար անսպասելի մի հետաքրքրությամբ հարցնում է Վարպետ Արթինին.

Գյուլիզար. «Ալլահը հետո՞ է մեզ բաժանում գյավուրների ու մուսուլմանների»:

Վարպետ Արթինը կարճ, սակայն իմաստուն ձևով ամփոփում է կրոնների պատմությունը.

Վարպետ Արթին. «Աշխարհում կան կրոններ: Նպարավաճառ Յաննի կրոնը, իմ կրոնը, հորդ կրոնը, անկյունում հնավաճառ Մոիս կա, նրանն էլ, չինացիներինն էլ, հնդիկներինն էլ… բոլորի կրոնները տարբեր են ու տարբեր»:

Այս կարճ երկխոսությամբ ֆիլմը մեզ բացահայտում է իր ոգին, որը ներկայացնում է  բազմակարծության ըմբռնումը կրոնի անունով: Անգամ Բեյօղլուի արհեստավորներին հաշվելով կտեսնենք, որ կարող ենք նրանց դասակարգել ըստ երեք կրոնների հետևորդների: Ռեժիսորը ֆիլմի մեկ այլ հատվածում զրույցներին ավելացնում է այս հարստության ոչնչացումը.

«Ստամբուլը Ստամբուլ դարձրած փոքրամասնությունները պեպենների պես ցաքուցրիվ եղան»:

Երբ հայտնվում է Վարպետ Արթինի հիվանդ կնոջ՝ անկողնում ջութակ նվագելը ցուցադրող կադրը, տեսնում ենք արևմտյան արվեստի կոնկրետ դրսևորում, որը Ստամբուլում դարեր շարունակ ներկայացնում էին փոքրամասնությունները: Վարպետ Արթինի կնոջ մահից հետո վերածվում է մի միայնակ հայի, որպես թուրքական կինոյի դասական, ֆիլմն իր հանդիսատեսին ներկայացնում է ևս մեկ հազվագյուտ տեսարան. հայկական թաղման արարողությունը եկեղեցում: Վարպետ Արթինը հրաժեշտ կտա եկեղեցում իր կնոջ հուղարկավորությանը մասնակցող Գյուլիզարի գաղթական ընտանիքին: Ֆիլմը, կարծես կարոտախտով լեցուն ողջույն է ուղարկում այս տարբերությունները ոչնչարած թաղային հարաբերություններով Ստամբուլի անցած օրերին:

ՆՈՒԲԱՐ, ԴՈՒ ՀԱՅ ՉԵ՞Ս

Մինչ Յավուզ Թուրգուլն իր ֆիլմերում գրեթե սոցիոլոգիայի դաս էր տալիս, փոքրամասնությունները՝ Ստամբուլի հնագույն բնակիչները, համառ, բայց անկաշկանդ ոճով նրանց պատմության հիմքերից էին։ «Մուհսին բեյ», «Սիրային ֆիլմերի անմոռաց ռեժիսորը», «Ստվերախաղ», «Ավազակը», «Սրտի վերքը» ֆիլմերում մեզ հանդիպում են փոքրամասնության տարրեր: «Մուհսին բեյը» (1987 թ.) նոր դարաշրջանի ոգով Ստամբուլի ավանդական զարգացումների վերջին հանդիպումների մասին է: Մուհսին բեյի բնակած շենքի տիրուհի տիկինը հառնում է մեր առջև որպես ոչ մուսուլման: Հիմնականում «Յեշիլչամ»-ի ֆիլմերում եղածի պես՝ նա միայնակ, ծեր սեփականատերեր է: Մուհսին բեյի՝ 10 տարի չապաքինված ատամնացավը անցկացվում է տիկնոջ ատամնաբույժ Գրիգոր Ատամյանի շնորհքով: Հայ ատամնաբույժին միայն դրսից, տան պատուհանի մոտից է տեսնում: Գրեթե նման է քաղաքի փոքրամասնությունների պատկերավոր վիճակին՝ անտեսված, բայց՝ կենսական մասնագիտություններով զբաղվող և կյանքը դյուրացնող։

«Սիրային ֆիլմերի անմոռաց բեմադրիչը» (1990) ֆիլմում ռեժիսորը շարունակում է Բեյօղլուն օգտագործել որպես ֆոն: Այս անգամ հին ժամանակների զանգվածային կինոյին սպասարկող մի աչքից ընկած ռեժիսոր փորձել է նոր դարաշրջանի աճող միտումներին համապատասխան ֆիլմ նկարահանել։ Նուրբ և հեգնական ողջույնն ուղղելով թուրքական կինոյի ողջ պատմությանը՝ ֆիլմը չի վարանում հիշեցնել մեզ մեր կինոյում փոքրամասնությունների գոյության մասին:

Հաշմեթ Ասիլքան (Շեներ Շեն). «Նուբար, դու հայ չե՞ս»:

Նուբար Թերզիյան. «Հայ եմ»:

Հաշմեթ Ասիլքան. «Բա ինչու՞ ես նամազ անում»:

Նուբար Թերզիյան. «Բա ին՞չ անեմ: Համայնքն այնքան փոքր է, մարդու ամոթ է գալիս»:

Նուբար Թերզիյանի առաջին ֆիլմը 1949 թ․ նկարահանված «Էֆսունջու Բաբա» ֆիլմում մի հայ երիտասարդի մարմնավորումն է: 400-ից ավել ֆիլմերում մեկ-երկու փոքրամասնության ներկայացուցիչ պանդոկապանի դերից բացի՝ հանրության մեջ տեղ է գտել մեծամասամբ մուսուլմանի, թուրքի և լավ ընտանիքի հոր դերերով: Ռեժիսորը Թերզիյանին կրկին նվեր է անում՝ մահվանից առաջ վերջին ֆիլմում (ինքն իրեն) խաղալով իր հայությունը ներկայացնելու հնարավորություն տալով: Թերզիյանն առաջին և վերջին անգամ իր իսկական ինքնությամբ է մասնակցում ֆիլմին։

«Սրտի վերքը» (2004) ֆիլմում մարմնավորվում է Յավուզ Թուրգուլի սեփականատեր փոքրամասնության ներկայացուցիչ կերպարների վերջին օղակը:

Այս անգամ իրադարձության վայրը Սամաթիան է՝ հին հայկական թաղամասերից մեկը։ Գլխավոր հերոսը, ինչպես «Մուհսին բեյում» և «Ստվերախաղում», հյուրընկալվելու է փոքրամասնության ներկայացուցիչ կնոջ տանը։ Սակայն 2000-ականների ցուցադրված տարիների պատճառով, մի ժամանակաշրջանում ենք գտնվում, երբ փոքրամասնությունների տարեց ներկայացուցիչները արդեն չեն ապրում, այլ մահանում կամ գաղթում են արտերկիր․

Թաքոզ. «Հիշո՞ւմ ես մորաքույր Աղավնիին».

Նազըմ. «Աղավնի մորաքրոջը ինչպե՞ս մոռանամ»:

Թաքոզ. «Հողը վրան թեթև լինի, մեր հորաքույրը մեռավ անցյալ ամիս: Եղբորորդուն՝ Գրիգորին է՞լ ես հիշում, անցյալ ամիս Փարիզից եկավ տունը վաճառելու։ Գրիգորը չկարողացավ տունը վաճառել, ստիպված եղավ վերադառնալ, տունը պետք էր վարձել իր գույքով…»:

Երբ Նազըմը հաստատվում է տանը, նա միայն իր գրքերն է դնում մի անկյունում և պատից կախում ուսանողների նկարները։ Միանում է այն տանը, որտեղ Աղավնի մորաքրոջ հոգին շարունակում է ապրել․ կարծես սենյակակից լինեին։ Լուսանկարները պատին են, իսկ անկողնու գլխավերևի խաչը, որտեղ քնած է ուսուցիչ Նազըմը, շարունակում է մնալ տեղում։ Թեև փոքրամասնությունները չկան, բայց նա կարծես հարգալից և անկեղծ ողջույն է հղում նրանց, գոնե իր ֆիլմում, որը նկարահանել է գիտակցելով, թե ինչ հարստություն են նրանք ավելացնում քաղաքի կյանքին։

Գիրիթլիօղլուի կողմից 1999 թ․ նկարահանված «Տիկին Սալքըմի բեկորները» ֆիլմ էր այս գործընթացի մասին։ Ֆիլմում կտորեղենի խանութի սեփականատեր Լևոնը (Ուղուր Փոլաթ) և նրա քույրը` Նորան (Հուլյա Ավշարը), ով հոգեբանական ցնցում էր ստացել, ֆիլմի հայ հերոսներն էին։

ՔԱՄՈՒ ՀՈՒՇԵՐԸ. ԲՈԼՈՐ ԱՐԱՄՆԵՐԻՑ ՄԵԿ ՓԵՍԱ

Օզջան Ալպերի երրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Քամու հուշերը» (2015), մեզ տանում է դեպի մի պատմություն, որը սկսվել է 1940-ականների Ստամբուլում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի իշխանության գերմանամետ լինելը վերածվեց ձախակողմյան մտավորականների վրա ճնշման գործոնի։ Այս իրավիճակի հետևանքով մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հայ և ընդդիմադիր լրագրող ու գրող Արամը (Օնուր Սայլաք) Ստամբուլից Խորհրդային Վրաստան մեկնել՝ Ունեցվածքի հարկի պարտքի պատճառոով  հետախուզման մեջ հայտնվելուց հետո։ Ռեժիսորն ասում է, որ ստեղծել է նոր իրականություն՝ սնվելով ֆիլմի բազմաթիվ կերպարներից և իրադարձություններից.

«Մենք պատմում ենք 1940-ականների Թուրքիայի Արամ անունով կերպարի մասին, բայց Վալտեր Բենիամինը, օրինակ, ազդեցություն ունի այս կերպարի ձևավորման վրա: Կամ այստեղ ձեր տրամադրության վրա ազդում է Ստեֆան Ցվայգը: Նաև վերցրել ենք Քեթ Կոլվիցին՝ որպես օրինակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կոմունիստական կուսակցության մեջ Արամ Փեհլիվանյան անունով մի բանաստեղծ կար: Մյուս կողմից Արամ Կանդանյանն է, ում մանկությունը ոգեշնչել է մեզ։ Հետո Վեդաթ Թյուրքալիի մասնավորապես «Վստահություն» վեպը. այն ժամանակաշրջանն իմ մտքում ավելի լավ մարմնավորեց»։

Ֆիլմարտադրողները տեղին են համարել հայերին տեսնել հիմնականում որպես ծեր պանդոկապահ՝ եթե տղամարդ է, և ծեր ու միայնակ տանտիրուհի՝ եթե կին է։ Սակայն Անատոլիայում հայերի հարուստ արդյունաբերությունը, նրանց ողբերգությունն ու օրիգինալ կերպարները դեռ կարոտ են կինոյում հայտնվելուն:

https://ozgurdenizli.com/agoptan-artine-sinemamizin-ermeni-karakterleri-riza-oylum/

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net