կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 13:16
Մշակույթ

Հայաստանը` «Եվրիմաժ»-ի անդամ. ինչ հեռանկար է բացվում հայ կինոյի համար

Հայաստանը` «Եվրիմաժ»-ի անդամ. ինչ հեռանկար է բացվում հայ կինոյի համար

Հայաստանը 2016-ից Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի լիիրավ անդամ է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ հիմնադրամը երեք ուղղություններով է ֆինանսավորում կատարում կինոյի ասպարեզում` կինովարձույթ, ցուցադրություն և համատեղ արտադրանք:

«Մենք դեռ 2006-ից ենք փորձում անդամակցել «Եվրիմաժ»-ին, սակայն միայն հիմա կարողացանք երկարատև աշխատանքի շնորհիվ հասնել դրան: Սակայն ասել, թե սրանով մենք մեր աշխատանքն ավարտել ենք, սխալ կլինի, ավելին` սրանով մեզ համար սկսվում է մի նոր փուլ` հայ կինոգործիչները պետք է իրենց ծրագրերը համապատասխանեցնեն «Եվրիմաժ»-ի չափանիշներին»,-ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ, որպես անդամավճար, Հայաստանն արդեն վճարել է 63 մլն դրամ, ինչը, նրա հավաստմամբ, փոքր գումար է` այլ երկրների անդամավճարների հետ համեմատ:

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ իր հերթին նշեց, որ ԵԽ-ն մեծ տեղ է տալիս մշակութային ոլորտում համագործակցությանը, և իրենք կարևորում են Հայաստանի անդամակցությունը «Եվրիմաժ»-ին:

Ըստ նրա` մշակույթը միացնում է մարդկանց և գեղեցկացնում կյանքը, իսկ «Եվրիմաժ»-ի առաքելությունն այն է, որ եվրոպական տարբեր երկրների կինոյի ոլորտի մասնագետները աշխատում են միասին, համագործակցության նոր եզրեր են ստեղծվում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ «Եվրիմաժ»-ի տարեկան բյուջեն կազմում է 25 մլն եվրո, իսկ յուրաքանչյուր ֆիլմի համար տրամադրում են ֆիլմի բյուջեի` ոչ ավելի, քան 17 տոկոսը /կարող է հասնել մինչ 500 000 եվրոյի/:

«Հիմա բավական շատ աշխատանք ունենք տեղում, քանի որ շատերը մտածում են` վերջ, հիմա կդիմենք հիմնադրամին և փողերը կստանանք, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Յուրաքանչյուր նախագիծ կարող է ներկայացվել միայն մեկ անգամ, ուստի կոչ կանեի մանրամասն ուսումնասիրել բոլոր պայմանները և նոր միայն դիմել»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ համատեղ արտադրությամբ ֆիլմ ստեղծելու համար «Եվրիմաժ» կարելի է դիմել տարվա մեջ երեք անգամ` ապրիլ, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին: