կարևոր
9553 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-07 16:13
Քաղաքական Արցախ

Փաշինյանի հույսը այն է, որ ինչ-որ բարի ձյաձյա կգա և մեզ վերջին պահին կինոյի հերոսի պես կփրկի․ Արմինե Ադիբեկյան

Փաշինյանի հույսը այն է, որ ինչ-որ բարի ձյաձյա կգա և մեզ վերջին պահին կինոյի հերոսի պես կփրկի․ Արմինե Ադիբեկյան

Երկուսն էլ սուտ են խոսում, որովհետև երկու կողմերի խաղաղության ընկալումը էապես տարբերվում են։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, ըստ որի «ՀՀ-ն չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում»։

«Բայրամովի և նրա երկրի նախագահի խաղաղությունը դա այն է, երբ Հայաստանը զիջում է ամեն ինչ, ինչի վրա մատնանշում է Ադրբեջանը՝ այդ թվում Արցախի բացահայտ ճանաչումը որպես Ադրբեջանի մաս և ՀՀ տարածքները, Զանգեզուրի միջանցքը, Տավուշի գյուղերը, արդեն զավթված տարածքները` անվերադարձ հիմունքներով: Սա Փաշինյանը իրեն թույլ տալ չի կարող, առնվազն բարձրաձայն խոսելու մակարդակով։ Փաշինյանը ինչ-որ մոլուցքների մեջ է գտնվում, կարծելով, որ նրա խոսքը հասանելի է Ադրբեջանի հասարակությանը։ Դա իհարկե այդպես չէ, 2020 թ․-ի մեր կապիտուլացիայից և Ադրբեջանի հաղթանակից հետո այդ երկրի ամբողջ բնակչությունը իր ամբողջ ծավալով` առանց կրոնական հայացքների, քաղաքական պատկանելիության, սատարում են Իլհամ Ալիևին, ով, օգտվելով Փաշինյանի ոչնչություն լինելուց, տանում է դեպի հաղթանակ։ Հետևաբար Փաշինյանի խոսքը զրոյական կշիռ ունի ինչպես ադրբեջանական հասարակության մեջ, այդպես նաև հայկական և միջազգային հանրության համար»,- ասաց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանը օգտվում է այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռնվում են հայկական կողմից․

«Երբ դու ծնկի ես գալիս Ադրբեջանի առջև, պետք չէ զարմանալ, որ նա ներկայացնում է իրավիճակը այնպես, ինչպես հարմար է իրեն։ Ուրիշ տարբերակ չէր էլ ակնկալվում, և դա ակնհայտ էր ի սկզբանե, որ այդպես է լինելու, այդպես է ընկալվելու»,- ասաց նա։

Անդրադառնալով օրերս Արցախում ադրբեջանական ահաբեկչության հետևանքով արցախցի ոստիկանների մահվանը և երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարություններին, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր` ակնարկելով նոր պատերազմի մասին, Արմինե Ադիբեկյանը կարծում է, որ իշխանություննեը ոչ մի կերպ չեն պատրաստվում պատերազմի․

«Դուք լսել եք, որ ՀՀ-ում անցկացնեն զորավարժություններ, գնվի զենք-զինամթերք, կնքվեն ռազմամթերքային պայմանագրեր։ Փաշինյանի հույսը այն է, որ ինչ-որ բարի ձյաձյա լինի` դա կլինի Ռուսաստանը, Եվրոպան կամ չգիտեմ ով, որը կգա և մեզ վերջին պահին կինոյի հերոսի պես կփրկի։ Սա է Փաշինյանի երազած սցենարը, որովհետև ինքը ի վիճակի չէ ոչինչ փոխելու, ոչ էլ այդքան ուղեղ ունի, որ պատրաստվի այդ իրավիճակի մեջ պատրաստված մասնակցություն ունենա, որ կարողանա գոնե ինչ-որ մի չնչին տոկոսով հաղթանակ բերի մեզ»,- ասաց նա։

Անդրադառանալով Լաչինի միջանցքում անցակետեր դնելուն` ադրբեջանագետը նշեց, որ դա առաջին հերթին միտված է ահաբեկել ոչ միայն բնակչությանը, այլ նաև ելումուտ անողներին․

«Այսինքն Արցախ հաճախող անձանց թիվը կտրուկ կնվազի։ Հիշեցնեմ, որ 1990 թ․-ին, երբ միակ օդային ճանապարհն էր բլոկավորված Ադրբեջանի կողմից, երբ հայ ուսանողները գալիս էին դեպի Երևան սովորելու, ինչ նվաստանքների էին նրանք ենթարկվում, սադրանքների, կանանց շատ անպարկեշտ ձևով էին վերաբերվում, տղամարդկանց ծեծում էին, ինչը ի վերջո բերեց Արցախյան պատերազմին։ Այդ անցակետերը կատարելու են նույն ֆունկցիան, ահաբեկեն ոչ միայն բնակչությանը, այլ նաև այցելուներին։ Իհարկե նրանք են որոշելու ո՞վ է մտնելու Արցախ, ով` ոչ, ի՞նչ բեռ է մտնելու, ինչը՝ ոչ։ Դա վերջանակապես Արցախը ադրբեջանականացնելու վերջին փուլն է, որից հետո Արցախը այլևս ի վիճակի չի լինի պայքարելու»,- եզրափակեց նա։

Լ.Ա.