Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի դադարում հայերին անվանել ագրեսորներ, եւ նրա յուրաքանչյուր որոշում մՀայաստանի եւ հայերի դեմ պատժիչ գործողությունների միտում ունի: Այս ֆոնին՝ թշնամու մեծ եղբայր Էրդողանի՝ Հայաստանի իշխանությունների հետ քաղցր ու ջերմ հարաբերությունները, խաղաղության եւ եղբայրության կոչերը, անիրատեսական են եւ խիստ պաթետիկ։ Թուրքիան ու Ադրբեջանը մտել են հարաբերությունների մի փուլ, որտեղ թշնամական երկրների՝ միմյանց հետ ինտեգրումը շատ խոր արմատներ է գցել։ Այս մասին է վկայում նաեւ Շուշիի հռչակագիրը, որը վերջերս վավերացվեց երկու երկրների խորհրդարանների կողմից:
Ալիեւն այսօր էլ հայտարարել է, թե Երեւանի եւ Բաքվի միջեւ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր։ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ այն պետք է ստորագրվի երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով։ Նա նշել է, թե «ադրբեջանական ժողովուրդը եւ ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի կատարած վայրագությունները»։ «Մենք մեր հողերում ենք։ Արյուն թափելով՝ վերադարձանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա եւ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը Ադրբեջան է»,- հայտարարել է Ալիևը։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ տարանջատել Թուրքիային եւ Ադրբեջանին հիմնական, սկզբունքային հարցերում շատ դժվար է: Ըստ նրա՝ Ալիեւի հայտարարությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ եւ մաս են կազմում նրանց ընդանուր քաղաքականությանը, որի նպատակն է հնարավորինս ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ հասնել իրենց այն նպատակներին, որոնք չկարողացան իրագործել պատերազմի ընթացքում:
Թուրքիան անթաքույց, ջանասիրաբար ներգրավվել է նաեւ ռուս-ուկրաինական ճակատում տիրող աշխարհաքաղաքական զարգացումներին։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը խիստ պայթունավտանգ է, եւ ո՞րն է Թուրքիայի շահագրգռվածությունը այստեղ, ի՞նչ կարող է Հայաստանին սպասվել այս զարգացումներից: Թուրքագետը մեկնաբանում է։
«Աշխարհաքաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեն: Ես կարծում եմ, որ Թուրքիան, զենք եւ «Բայրաքթար» տրամադրելով Ուկրաինային, ստորագրելով համաձայնագրեր համատեղ արտադրության մասին, ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանն ավելի խորը ներքաշվի ուկրաինական ճգնաժամի մեջ, եւ դա անում է ոչ միայն իր գլոբալ քաղաքականության նպատակներից ելնելով, այլ նաեւ հենց կոնկրետ մեր տարածաշրջանում իր նպատակների համար։ Այդ նպատակներն են՝ շեղել Ռուսաստանի ուշադրությունը դեպի Եվրոպա, դեպի Ուկրաինա եւ այստեղ՝ Հարավային Կովկասում, հնարավորություն ստանալ ավելի ակտիվ քաղաքականություն վարելու: Սա աշխարհաքաղաքական այն հաշվարկն է, որը դրված է Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականության մեջ»,-Yerkir.am-ին ասաց Սաֆրաստյանը:
Թուրքիայի հայտարարությունները, թե պատրաստ է Հայատանի հետ հարաբերությունները կարգավորել, թուրքագետը դիտարկում է Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական շրջանակներում, այն է՝ ամեն ինչ անել, որ տարածաշրջանում ուժեղացնի իր ազդեցությունը: Թուրքագետի խոսքով՝ երբ Թուրքիան Ադրբեջանին օժանդակեց 44-օրյա պատերազմում, պատրաստեց, օգնեց, վարձկաններ եւ զենք ուղարկեց, ուներ շատ ավելի հեռուն գնացող նպատակներ, որոնք չհաջողվեց իրականացնել:
«Մենք հիշում ենք, թե Թուրքիան ինչքան էր ուզում իր խաղաղապահներին ռուսների հետ Արցախում տեղակայել: Այս ամենը նշան է այն բանի, որ Թուրքիան պլանավորել է մեր տարածաշրջանում հասնել ավելի մեծ դիրքերի՝ ի հաշիվ Ռուսաստանի: Հիմա Թուրքիայի կողմից տարածաշրջանում պայքար է գնում նոր ստատուս քվոյի համար: Այնպիսի ստատուս քվոյի, որ իր դիրքերն ավելի ուժեղ լինեն: Բայց սա մեր տարածաշրջանում մի մեծ աշխարհաքաղաքական խաղի բաղադրիչն է միայն»,- նշեց Սաֆրաստյանը։
Այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշումը ո՞րը պետք է լինի՝ աջակե՞լ Ուկրաինային, թե՞ Ռուսաստանին:
«Ուկրաինան մեզնից հեռու է, մեր կոնկրետ դիրքորոշումը չեմ կարծում, որ որեւէ նշանակություն կունենա: Առաջին հերթին պետք է մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ ոչ միայն պահպանենք, այլեւ ավելի խորացնենք եւ ուժեղացնենք, դա հրամայական է: Պետք է լինենք շատ աչալուրջ եւ զգոն, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։ Ըստ այդմ, բացի Ռուսաստանից, պետք է նաեւ խորացնենք մեր դաշնակցային հարաբերությունները Իրանի հետ, մասնավորապես՝ այն ծրագրերի շուրջ, որ հիմա կան Պարսից ծոցի, Սեւ ծով միջանցքի հետ կապված: Պետք է, բացի զգոնությունից, շատ ակտիվ քաղաքականություն վարենք եւ՛ Ռուսաստանի եւ՛ Իրանի հետ», -ընդգծեց Սաֆրաստյանը:
Լիանա Սարգսյան