Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Թիմո Սոինին այսօր ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները հիմնված են վստահության և հարգանքի բարձր մակարդակի վրա:
Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆինլանդիայի հետ համագործակցությանը: Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացել է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ մենք արժևորում ենք համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մեր ներդրումը բերելու գլոբալ ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժի միայն մի մասն է դեռ օգտագործվել, և համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև գործընկերությունն առավել կամրապնդվի և կընդլայնվի:
Թիմո Սոինին իր ուղերձում նշել է, որ Ֆինլանդիան և Հայաստանը ունեն երկարատև բարեկամական կապեր: Ֆինլանդիայի արտգործնախարարը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մեր երկկողմ համագործակցությունը ընդհանուր ձեռքբերումներ է ապահովել, և առկա են բոլոր պատճառները՝ դրանով հպարտանալու համար:
Նախարար Սոինին ընդգծել է, որ Ֆինլանդիան ցանկանում է առավել ամրապնդել Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակումը: Նախարար Սոինին վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրն առավել կամրապնդի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը: