կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 14:59
Քաղաքական

ԱՄՆ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում

ԱՄՆ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում

Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է դեռ 1993 թ.՝ որպես աջակցություն Ադրբեջանին Արցախյան առաջին պատերազմում։ Այդ պահից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը դարձել են տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Սկսած նախագահ Բուշից՝ այդ առաջնահերթությունը պահպանվել է ԱՄՆ բոլոր նախագահների համար, որոնք փորձել են ներգրավվել և խթանել գործընթացը համապատասխան պայմաններ տեսնելու դեպքում: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մշտապես կարևոր հարցերից է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այդ է վկայում հատկապես այն փաստը, որ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին իսկ պաշտոնական հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը միանգամից առաջ է քաշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Մասնավորապես, 1992 թ. Ջեյմս Բեյքեր-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ Բեյքերն առաջարկել է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները` տեղեկացնելով, որ Անկարայի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնելը և սահմանների ճանաչման վերաբերյալ համապատասխան հայտարարություն անելը լուրջ քայլ կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից։ Այս հարցի շուրջ ԱՄՆ նախաձեռնողականությունը չի սահմանափակվել մեկ վարչակազմով, այլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես եղել է ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության օրակարգում ԱՄՆ բոլոր վարչակազմերի համար։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ԱՄՆ-ն ձգտում է մեծացնելու իր դերն ու ազդեցությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի միջոցով՝ նվազեցնելով Ռուսաստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Քանզի այդ հարաբերությունների կարգավորմամբ կբացվեն սահմանները, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի կախվածության նվազեցմանը Ռուսաստանից և Իրանից, կհեշտացնի Հայաստանի արտաքին հաղորդակցությունը Եվրոպական միության երկրների հետ և անարգել ելք կապահովի դեպի ծով։

Այստեղ, իհարկե, պետք է նշել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, և մի շարք հարցերում նրանց շահերն անգամ հակասում են իրար։ Այս մասին խոսվում է նաև բարձր մակարդակով, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը նշում էր, թե գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կան տարբերություններ, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրանք միասին աշխատում են հարթել այդ տարբերությունները՝ ամրապնդելու համար դաշինքը ։ Թեև ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է, Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի առումով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշում է, որ ԱՄՆ-ն այդ հարցերի մասին բարձրաձայնելու է, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իրենց այլ դաշնակիցների հետ ։ Այսպիսով՝ պետք է շեշտել, որ, չնայած ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությանն ու առկա խնդիրներին, Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանշանակ հանգեցնելու է ԱՄՆ շահերի առաջմղմանը տարածաշրջանում Թուրքիայի միջոցով։Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ արդեն իսկ եղել է 2008 թ., այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, որին ԱՄՆ-ն մեծապես աջակցում էր։ Հենց սրա շրջանակներում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2 անգամ այցելեց Հայաստան՝ 2010 և 2012 թթ.։ Այդ շրջանում Թուրքիան վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքականությունը, որի շրջանակներում էլ սկսվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերի միջև սկսված բանակցությունների հետևանքով 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվում են հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել ցամաքային սահմանները։

Այնուհանդերձ, արձանագրությունների ստորագրման օրը գործընթացը հետաձգվեց երեք ժամով, քանզի անհամաձայնություն կար ԱԳ նախարարների հայտարարության տեքստի հարցում, և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր հարթել իրավիճակը, այսպես կոչված, հեռախոսային դիվանագիտությամբ։ Թեև, ըստ այլ վարկածի, արձանագրություններն ի վերջո ստորագրվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհիվ ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան մշտապես առաջ է քաշել նախապայմաններ։ Դեռ 1990-ական թթ․ սկզբին Թուրքիայի նախապայմանների թվում էին, բացի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումից, նաև Հայաստանի անկախության հռչակագրի վերախմբագրումը, ՀՀ զինանշանից Արարատ լեռան հեռացումը, որևէ հայտարարության կամ օրենքի ընդունումը Հայաստանի օրենսդրի կողմից այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիային որևէ տարածքային պահանջ ներկայացնելուց։ Գաղտնազերծված փաստաթղթերը նույնպես պարունակում են տեղեկատվություն այդ նախապայմանների մասին, որոնք Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարին ։ Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Թուրքիան 2008 թ. արձանագրությունների ստորագրումից հետո սկսում է առաջ քաշել նախապայմաններ՝ մասնավորապես կապելով Արցախյան խնդիրն արձանագրությունների վավերացման հետ։ Պահանջվում էր նաև ընդունել 1921 թ. Կարսի պայմանագիրը և դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը ։

Թուրքիայի կողմից նախապայմանների առաջքաշման հետևանքով ՀՀ նախագահի 2018 թ. մարտի 1-ի հրամանագրով դադարեցվում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը ։ Այդպիսով հայկական կողմը ցույց է տալիս, որ, ի տարբերություն Թուրքիայի, պատրաստակամ է հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։

Հետադարձ հայացք նետելով փակուղի մտած «ֆուտբոլային դիվանագիտությանը»՝ պարզ է դառնում, որ Թուրքիան պատրաստ չէր գնալու զիջումների և հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների` առանց առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարման հարցը։ Այստեղ հայկական կողմը փաստացի հայտնվեց փակուղու առջև։ Այդ ժամանակ քննարկվում էր մի շատ հետաքրքիր տարբերակ, պատմական մի լուծում, որը Միացյալ Նահանգների նախագահ Քլինթոնի վարչակազմը կիրառեց սկզբում Իսրայելի և Հորդանանի, այնուհետև՝ նաև Իսրայելի և Եգիպտոսի միջև։ Խոսքը որակավորված արդյունաբերական գոտիների (Qualified Industrial Zones) մասին է։ Այն ենթադրում էր 50 %-50 % ներդրումով սահմանի վրա գործարանի կառուցում, օրինակ՝ տեքստիլի գործարանի։ 50 % ներդրում կատարելու էր Իսրայելը, 50 %՝ Հորդանանը (նույն կերպ՝ նաև Եգիպտոսը Իսրայելի հետ), իսկ աշխատակիցները հավասարապես լինելու էին երկու կողմից․ 50 %` իսրայելցիներ, 50 %՝ հորդանանցիներ։ Այն արտադրանքը, որն արտադրվում էր այդ գործարաններում, Միացյալ Նահանգները հնարավորություն էր տալու առանց հարկերի և տուրքերի ներմուծելու ամերիկյան շուկա։ Սա Քլինթոնի վարչակազմի բացառիկ մի գաղափար էր, որով նա փորձեց կողմերին հաշտեցնել կամ հարաբերությունները կարգավորել տնտեսական գործընթացի միջոցով։ Սա հետաքրքիր լուծում էր, և հատկանշական է, որ Եգիպտոսի և Իսրայելի, ինչպես նաև Հորդանանի և Իսրայելի հարաբերությունները էապես տարբերվում են Իսրայելի և արաբական աշխարհի այլ երկրների հարաբերություններից։ Սա հաջողված տարբերակներից էր։ Երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց, որակավորված արդյունաբերական գոտիների գաղափարը ևս առաջ քաշվեց քաղաքագիտական շրջանակների կողմից որպես լուծման այնպիսի տարբերակ, որը միգուցե կիրառելի լինի Հայաստանի և Թուրքիայի դեպքում ։

2020 թ. արցախյան պատերազմից հետո, երբ արդեն բավարարված էր Թուրքիայի գլխավոր նախապայմաններից մեկը, ՀՀ իշխանությունների կողմից սկսեցին հնչել հայտարարություններ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին է վկայում այն, որ 2021 թ. սեպտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։ Ի պատասխան՝ Էրդողանն առաջ քաշեց նոր նախապայման, այն է՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, պնդելով, որ այդ ուղղությամբ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ (Զանգեզուրի միջանցքի) հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն…․ Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք» ։ Սակայն, ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության, «Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ և նման քայլերի ենք գնում Ադրբեջանի իմացությամբ: Ոչ ոք թող չկարծի, թե Ադրբեջանից անկախ կարող ենք գործել: Մեկ ազգ, երկու պետություն ենք: Սրանք դրական զարգացումներ են, և բոլորս շահելու ենք» ։

Հայաստանի ներկայիս իշխանությունների պնդմամբ՝ իրենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում են «առանց նախապայման» մոտեցմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ խոսնակի պնդմամբ, «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել․ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։ Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը» ։ Այդ «տպավորությունները», սակայն, սխալ են, ինչպես ակնհայտ է դառնում Էրդողանի պնդումներից Սյունիքի միջանցքի ստեղծման մասին։ Ուստի Հայաստանի առջև նոր նախապայման է դրված, որը, ըստ էության, նշանակում է, որ եթե Հայաստանը բավարարի այն, ապա կհայտնվեն նորերը։

Տարածաշրջանում իր քաղաքականության առաջնահերթություններին հավատարիմ մնալով՝ այս նոր գործընթացով ևս ԱՄՆ-ն խիստ հետաքրքրված է։ Մասնավորապես, «Bloomberg»-ի կողմից արտահոսված տեղեկատվության համաձայն, հենց Ջո Բայդենն է հորդորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը ։ Խոսքը «Մեծ քսանյակի» հանդիպման շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 31-ին Բայդենի և Էրդողանի հանդիպման մասին է, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են նաև «դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում» ։ Այս ամենից անմասն չմնալով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին շրջանում այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում են պահում։

Այդ է վկայում այն փաստը, որ վերջին շրջանում իրենց գործընկերների հետ հանդիպումների ու հեռախոսազրույցների ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Մասնավորապես, Սալիվանի՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ սեպտեմբերի 22-ի հանդիպման , հոկտեմբերի 27-ի , նոյեմբերի 19-ի և հունվարի 10-ի հեռախոսազրույցների քննարկման թեմաների շարքում էր Հարավային Կովկասը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մասնավորապես նշելով, որ «շատ կարևոր է դիտարկել և Թուրքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել, այդ մասին էլ մտածել։ Մենք պետք է կրկնենք և հասկանանք, որ դա չի կարող մեկ օրում տեղի ունենալ, դրա համար դիվանագիտական մեծ ջանքեր կպահանջվեն և քննարկումներ։ Սակայն շատ քաջալերող է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք եղել են (Էրդողանի և Փաշինյանի հայտարարությունները)։ Տեսնենք՝ կլինե՞ն արդյոք հնարավորություններ՝ գործնականում հետամուտ լինելու և այդ բառերից հետո գործողություններ անելու համար» ։

Գործողությունները հետևեցին մի քանի ամիս անց, երբ Հայաստանի և Թուրքիայի կողմից նշանակվեցին բանագնացներ։ Թուրքիան որպես բանագնաց նշանակեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան և ցեղասպանությունը ժխտող Սերդար Քըլըչին։ Իսկ հայկական կողմից բանագնաց նշանակվեց Ռուբեն Ռուբինյանը, ով չունի դիվանագիտական անհրաժեշտ փորձ : Նշանակումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը իր թվիթերյան էջում ողջունել է այդ քայլը և իր աջակցությունը հայտնել ։ 2022 թ. հունվարի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ևս մեկ անգամ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակումը ։ Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Սալիվանի՝ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ վերջինս ողջունել է Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ տեղաշարժը եղավ հունվարի 14-ին, երբ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության՝ «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»։ Սպասվում է նաև երկրորդ հանդիպումը, որի ժամկետների պլանավորումը տեղի կունենա դիվանագիտական ուղիներով ։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության և ՀՀ ԱԳՆ հայտարարության տեքստերը ամբողջովին նույնն էին։

Եզրակացություն

Սկսած 1992 թվականից՝ ԱՄՆ բոլոր նախագահների վարչակազմերի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել է առաջնային։ Այս քաղաքական գիծը կարևորվում է նաև նախագահ Բայդենի վարչակազմի կողմից՝ որպես տարածաշրջանային առաջնահերթություն: Այդ քաղաքականության հիմքում այն համոզումն է, որ հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետևանքով Հայաստանի համար Մոսկվայից առավել անկախ քաղաքական և տնտեսական միջավայր կձևավորվի: Դա էլ իր հերթին կնշանակի ԱՄՆ դաշնակից Թուրքիայի առավել մեծ ազդեցության ձևավորում Հարավային Կովկասում՝ Մոսկվայի ազդեցության նվազման հաշվին, ինչն էլ երկարաժամկետ կտրվածքով կարող է հանգեցնել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, քանի որ, նման դասավորվածությանն ի հետևանք, փորձ կարվի հիմնավորելու, որ Թուրքիայի կողմից Հայաստանին այլևս վտանգ չի սպառնում, հետևապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն անիմաստ է:

Հատկանշական է, որ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները՝ Վրաստանն ու հատկապես Ադրբեջանը, արդեն հսկայական քաղաքական և տնտեսական կախվածություն ունեն Թուրքիայից, իսկ այս տարածաշրջանը պատմականորեն եղել է Թուրքիայի կամ Ռուսաստանի ազդեցության ներքո։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում ազդեցություն ձեռք բերելու և տարածաշրջան մուտք գործելու միակ պատնեշը հենց թուրքական դարպասն է, քանի որ իրանական և ռուսական դարպասները ԱՄՆ-ի համար փակ են: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի համար չի կրում զուտ երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորման բնույթ, այլ պայմանավորված է տարածաշրջանում ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանությամբ, որի հիմնական նպատակը ռուսական ազդեցության թուլացումն է ամբողջ Հարավային Կովկասում։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող առաջին և միակ գիտահետազոտական կազմակերպությունն է, որը զբաղվում է ամերիկագիտության ոլորտի ուսումնասիրությամբ:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող առաջին և միակ գիտահետազոտական կազմակերպությունն է, որը զբաղվում է ամերիկագիտության ոլորտի ուսումնասիրություններով

«Դրօշակ» թիվ 2 (1663), փետրվար 2022 թ.