կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-07 17:04
Քաղաքական

Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի

Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի

Չէի ուզենա ավելորդ բառեր գործածել բնութագրելու համար այս օրերին Հայաստանին պատուհասած համակողմանի աղետը, որ ձգվում է արդեն 4 տարի: Աղետ՝ այս մեկ հատիկ բառն էլ բավական է, որ ՀՀ ներկա կառավարիչների գործունեությունը ասոցացվի 1895 թ. Զեյթունում, 1915 թ. Արևմտյան Հայաստանում, 1920 և 1988 թվականներին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ. զոհեր, տեղահանություն, նախճիր, պետականության կորուստ, փլատակներ… Մեկ այլ ազգ, մեկ այլ ժողովուրդ այս ամենի հետևանքով գուցե և վերանար պատմության թատերաբեմից, բայց ապրելն ու հարատևելն էր մեր ժողովրդի դժվարին ճակատագիրը, որ իրականություն դարձավ նրա լավագույն զավակների գերմարդկային ճիգերի շնորհիվ:

Մի առիթով ասվել է՝ Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի…

1890-ականններից մինչև 1918 թվականի հաղթական մայիս` դժվարին պայքարի երեք տասնամյակ, որոնք, ի վերջո, պսակվեցին հաղթանակով՝ ոչնչից, այո ոչնչից Հայաստանի Հանրապետության հռչակումով ու պետականության վերականգնումով: Հայաստանի առաջին հանրապետությունը դարձավ պատմական այն կարևորագույն հանգրվանը, որ մեզ հնարավորություն ընձեռեց բաց ծովում թիավարել ժամանակների վախճանին միտված ազգերի հետ: Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէր մնալ կես ճանապարհին:

1920-1921 թվականներ: Հայաստանի Հանրապետության բռնի խորհրդայնացում, տարածքային ու մարդկային նոր կորուստներ, ապա՝ հայրենիքից հեռու Սփյուռքի կազմակերպման անխոնջ աշխատանք, Հայ Դատի պայքարի սկզբնավորում՝ ուշադրության կենտրոնում ունենալով Հայաստանն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը: Դրան զուգահեռ՝ շուրջ 70 տարի համակողմանի աջակցություն Խորհրդային Հայաստանին ու հայաստանաբնակ հայությանը՝ մեկ ազգ՝ մեկ հայրենիք կարգախոսով: Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէր պառակտվել:

Վերանկախության հետ հայրենիք վերադարձավ նաև Դաշնակցությունը: Արցախյան առաջին պատերազմ… Կամավորական շարժման կազմակերպիչն ու Հայոց բանակի առաջին հիմնաքարերը դնողներից էր Դաշնակցությունը՝ Արցախ ազատագրող հայորդիների ներսում՝ ոգի ու ձեռքին՝ զենք: Ու չնայած 1990-ականների սկզբի հալածանքներին, Դաշնակցությունն անխռով տարավ իր խաչը՝ համախմբելով Սփյուռքն ու նվիրվելով Արցախի միջազգային ճանաչման, պետականաշինության, երկրի տնտեսական հզորացման, հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային առաջընթացի գործին: Հաղթանակած Դաշնակցություն ունեցող ժողովուրդը չէր կարող մնալ մութ ու ցուրտ ժամանակներում և քարշ գալ ազգերի պոչից:

Թվում էր՝ փորձություններն այլևս հետևում էին մնացել, ու հայ ժողովրդին վիճակված էր իր հաստատուն տեղը գրավել առաջավոր ու առաջադեմ ազգերի կողքին: Բայց պատահեց նոր աղետ՝ այսպես կոչված թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը, որն ինչպես երկնային պատիժ թափվեց երկար ու ձիգ հաղթական պայքարի առաջին բարիքները ճաշակող մեր ժողովրդի գլխին: Սկսեցին սևի ու սպիտակի պառակտել ազգը, հետապնդել ու հալածել հաղթանակներ կերտած զորականներին, պետության ու բանակի հիմքերը դրած քաղաքական ու պետական այրերին, ոչնչացնել ու ցրիվ տալ նոր-նոր ձևավորվող ազգային էլիտան, Սփյուռքն ու Արցախը տարանջատել Հայաստանից… Հայաստանում իշխանության եկած խեղկատակների թիմը զուտ իրեն հատուկ անմտությամբ սկսեց քանդել հայոց պետականության հիմքերը՝ կատարելով դրսի հայտնի ու անհայտ ուժերի հրամանները: Հետևանքը եղավ իրական դաշնակիցների հետ կապերի խզումը, ստացանք 44-օրյա պատերազմ և կապիտուլյացիա, որի տրամաբանական հետևանքը պետք է լիներ դարավոր թշնամի պետությունների խաղերում մանրադրամի վերածվելը: Բայց, ինչպես արդեն մեկ անգամ ասվել է, Դաշնակցություն ունեցող ազգին վիճակված չէ մեռնել:

2018 թվականին Դաշնակցությանն ընդամենը պետք էր հասկանալ և գնահատել, թե «հեղափոխության» անվան տակ ինչ է կատարվել Հայաստանում: Իսկ երբ ամեն ինչ պարզ էր այլևս, ՀՅԴ-ն պարզեց ընդդիմադիր դրոշն ու դրեց նոր պայքարի սկիզբը՝ խոսելով ու նախազգուշացնելով վերահաս վտանգների մասին, որոնց ընդառաջ էին վազում ՀՀ իշխանությունները: Ավանտյուրան դառնում էր պետական քաղաքականություն, ներսում մոլեգնում էին հետապնդումներն ու հալածանքները, իսկ դրսում՝ իր կետից բանակցող իշխանության խղճահարույց էությունը: Պայթեց 44-օրյա պատերազմը: Բանակը պատրաստ չէր, պետությունը պատրաստ չէր, իսկ իշխանությունը, եթե հավատանք կառավարության խոսքին, իր կիրթ ու կառուցողական «գործընկերներից» նման քայլ չէր սպասում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՅԴ վաշտերը հավաքվեցին Երևանի կենտրոնում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, հայտարարվեց բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու և հայրենիքի պաշտպանության գործին նվիրվելու մասին: Հետո արդեն պատերազմի 44 օր՝ մեկը մյուսից դաժան, մեկը մյուսից արյունալի, մեկը մյուսից հերոսական, բայց և մեկը մյուսից ավելի շատ համեմված պետական կեղծիքով ու խաբեությամբ: Հետևանքը՝ չկան Արցախի շուրջ ազատագրված տարածքները, չկա Հադրութը, չկա Շուշին: Մեր ձեռքում մնաց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների մի փաստաթուղթ, որ «ավետում էր» Հայոց բանակի և Հայաստանի Հանրապետության խայտառակ կապիտուլյացիան Ադրբեջանի առաջ: Պայմանավորված պարտություն՝ ավելի ուշ հենց այսպես կբնութագրվի ՀՀ իշխանությունների այդ արկածախնդրությունը, որի համար հայ ժողովուրդն ու ՀՅԴ-ն վճարեցին ամենաթանկ բանով՝ իրենց զավակների արյամբ:

Շուշիի հանձնման առեղծվածը կմնա մութ քողի տակ, քանի դեռ իշխանության ղեկին կլինեն այս ազգակործան ավանտյուրայի պարագլուխները: Պատերազմից հետո, երբ թվում էր, որ ամենատրամաբանական շարունակությունը Փաշինյանի ու մյուս խեղկատակների հեռանալն էր իշխանությունից, տեղի ունեցավ ամենաանհավանականը՝ Փաշինյանը մնաց իր պաշտոնում՝ շանտաժի ենթարկելով ուժային կառույցների ղեկավարներին և ի նպաստ իրեն օգտագործելով բանակի մնացորդացը, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: ՀՀ իշխանությունները, երկրի նախագահը և մի շարք իշխանամետ քաղաքական ուժեր ամեն ինչ արեցին Դաշնակցության նախաձեռնած «Հայրենիքի փրկության շարժումը» դեպի նոր համապետական ընտրություններ ուղղորդելու համար և աննախադեպ «ազատ ու թափանցիկ» ընտրություններով ապահովեցին իշխող ուժի հետագա պաշտոնավարումը՝ այդպես էլ չընկալելով, որ այդ կապիտուլացված ուժի կառավարման ամեն օրը վերածվելու է նոր ու ավելի խայտառակ պարտությունների:

Բայց կան իրողություններ, որոնք, չնայած ծանր իրավիճակներին, մնում են իրողություն: Այդպիսին է նաև Դաշնակցության հերթական տարեդարձը, որ նշվում է աշխարհի գրեթե բոլոր ծագերում:

Թեհրանում, 2021 թ. դեկտեմբերի 25-ին ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանն, անդրադառնալով Հայաստանի ու հայ ժողովրդի ներկա վիճակին, կընդգծի. «Կարելի է շատ զոհեր տալ, կարելի է տարածքներ կորցնել, բայց դրանք կարող են կործանիչ չլինել, եթե մենք չենք հաշտվում պարտության հետ, եթե մեր մեջ շարունակվում է վճռակամությունը՝ կորցրածը հետ բերելու, կորցրածին վերատիրանալու: Եթե կա այդ վճռակամությունը, ոգին ու տրամադրությունը, այդ պարտությունը ժամանակավոր է դառնում:

Պարտությունը կարող է կործանիչ լինել, երբ մեր մեջ մեռնում է պայքարի ոգին, եւ մենք հաշտվում ենք պարտության հետ ու հայրենիքի կորուստը համարում ենք անվերադարձ»:

Ով հասկացավ այս պարզ խոսքը, նրա համար Դաշնակցության հետագա պայքարի ուղեգիծն էլ պարզ էր այլևս:

Այս նույն տրամաբանությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 131-ամյակի հանդիսավոր արարողությանը պետք է հայտարարեր. «Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը մեզ համար դատավճիռ չէ… Պայքարը դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև՝ դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է տոկունություն, զոհաբերություն և համախմբում։ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել և դուրս գալ պայքարի։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է, Սյունիքը չի՛ զիջվելու, Արցախը վերականգնվելու՛ է, Հայաստանը չի՛ թուրքացվելու…»:

Այո, Դաշնակցություն ունեցող ժողովուրդը ճակատագրի հարվածներից ծնկելու իրավունք չունի:

Ցույց տվեք մեկ այլ քաղաքական ուժի, որը կարող էր իրեն համարել հայ ժողովրդի ճակատագրի կրողն ու այս դժվարին պահին հայտարարել. «Մենք փակած ենք 2020-ի աշնան բացուած սուգի ու ընկճուածութեան էջը եւ համոզուած ենք, որ շուտով ականատեսը կ՛ըլլանք հայուն վերապրելու եւ վերականգնելու իւրայատուկ ոգիին, վճռակամութեան ու արիութեան վերադրսեւորումներուն»: Իր ժողովրդի անունից և իր ժողովրդի հետ այսպես խոսել կարող էր միայն Դաշնակցությունը: ՀՅԴ 131-ամյակի հանդիսության ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում արած այդ հայտարարությունը հիմնավորեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ՀՅԴ պարզ, բայց և միաժամանակ ազգ ու հայրենիք ապրեցնող տեսլականով. «Այսօր՝ սփիւռք եւ հայրենիք, միաձուլուած, պիտի փարին հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին, եւ անխնայ պիտի պայքարին թրքա-ազրպէյճանական հայատեաց եւ փանթուրանական ճակատին դէմ: Դժուար պայքար է, բայց` ոչ անկարելի: Ի վերջոյ բոլորս գիտենք, որ ո՛չ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, ո՛չ ալ հայ ժողովուրդը վհատած են, նոյնիսկ երբ իրենցմէ աւելի մեծ թիւով թշնամիներու դէմ պայքար մղած են եւ աղէտներէ ետք կերտած` մեծ յաղթանակներ:

Եւ այդ յաղթանակները մեր առջեւն են, որովհետեւ վստահ ենք, որ հակառակ բոլոր մարտահրաւէրներուն, մենք ազգովին պիտի կերտենք նոր արշալոյս, համախոհութեամբ ճշդելով համահայկական օրակարգ, որ կարողանայ համախմբել ողջ հայութիւնը»:

Հ.Գ. Եվ ոչ մի հայ թող չփորձի Դաշնակցությանը հարվածել ընթացքի պահին: Այդկերպ նա իրեն կհարվածի: Քանզի՝ որտեղ Դաշնակցություն, այնտեղ հաղթանակ, որտեղ հաղթանակ, այնտեղ կյանք:

Դաշնակցություն ունեցող ազգը չի մեռնի:

Էդիկ Անդրեասյան