Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որ 128 տարվա պատմություն ունի, և այդ ընթացքում չի եղել երկու Դաշնակցություն` ո՛չ 1990-95-ականներին, ո՛չ այսօր, ո՛չ երբեևէ, և եթե որևէ մեկը, որևէ խումբ ցանկանում է այդպիսի ուղերձ ուղղել մարդկանց, ապա իզուր, կարող եմ ասել, որ նրանք սխալ են. եթե այդ մարդկանց հանդիպել է երկու Դաշնակցություն, ուրեմն դրանցից առնվազն մեկը Դաշնակցություն չի եղել․ երեկ՝ հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ այսպես սկսեց իր ելույթը ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը` անդրադառնալով Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցության անդամ, 1998 թ. նախագահի թեկնածու Վիգեն Խաչատրյանի ելույթի այն հատվածին, թե 1990-1995 թթ. եղել է երկու դաշնակցություն.
«Ինչ մենք ունենք ասելու ավանդական կուսակցությունների պահով այս նախագծում։ Բարդ խնդիր է։ Մենք ունեցել ենք երկու դաշնակցություն՝ 1990-1995, որը այլասերություն էր, չպետք է նման բան լիներ, երկու հնչակյաններ և ունենք Ռամկավար կուսակցություն, որին բուն կուսակցությունը չի ճանաչում…», – հայտարարել էր Խաչատրյանը։
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր հերթին հայտարարել էր, որ 1990-ականներից ի վեր երկրում իշխել է մեկ կուսակցություն և դրա արդյունքում եղավ հեղափոխություն, ինչպես նաև նշել էր միակուսակցական համակարգի բացասական դերը՝ բերելով այդ ամենը մինչև հեղափոխություն։
Արմենուհի Կյուրեղյանը համակարծիք էր պատգամավորի՝ միակուսակցական համակարգի բացասական հետևանքների վերաբերյալ արտահայտած տեսակետներին, միայն այն տարբերությամբ, որ նրա ասածները պետք է «քոփի-փեսթով» բերել մեր օրեր։
«Հայեցակարգում ֆիքսված է, որ այս օրենքի բարեփոխման առանցքային նպատակը բազմակուսակցական համակարգի զարգացումն է: Այո, դա իհարկե մեր երկրում շատ կարևոր է, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգի համատեսքտում: Ես կուզեի երկրորդել պարոն Դանիելյանին, ով խոսեց միակուսակցական ղեկավարության բացերի, վտանգների մասին, մի տարբերությամբ, որ նրա ասածը ես «քոփի-փեսթով» կտեղափոխեի մեր օրերը, քանի որ այսօր երկրում առկա է մեկ կուսակցության, դեռ ավելին` միանձնյա ղեկավարություն, որը խիստ վտագավոր է մեր պետականության համար»:
Օրենքում ներառականության մասին դրույթին անդրադառնալով` նա ասաց, որ ՀՅԴ-ն իր 128-ամյա պատմության ընթացքում ամենաշատն է քննարկել ու ամենալավն է ձևավորել ներկուսակցական ժողովրդավարական համակարգը:
«Մենք խոսում ենք որոշումների կայացման մակարդակում կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամների նեգրավվածության հարցի մասին: Այո, դա շատ կարևոր է, բայց չմոռանանք, որ կուսակցությունները ձևավորվում են ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ: Իսկ ի՞նչ անեն այն կուսակցությունները, որոնց գաղափարի շուրջ որևէ հաշմանդամ չի ուզում ներգրավվել, ի՞նչ անեն այն կուսակցությունները, որոնցում որևէ տղամարդ կամ ասենք, որևէ կին չի ուզում ներգրավվել: Դա լուրջ խնդիր է, և ներառականությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ առանձին մեխանիզմներ: Այդ երեք խմբերից կուզեի առանձնացնել կանանց, որովհետև կանայք բնակչության կեսից ավելին են: Կանանց ներգրավումը կուսակցության որոշումների կայացման մակարդակում՝ կոլեգիալ կամ ղեկավար մարմնում, առաջարկվում է ապահովել քվոտաների միջոցով, բայց ոչ ոք չի խոսում տարածքային մարմիններում նրանց ներգրավվածության մասին: Ի վերջո, եթե մենք խոսում ենք տարածքներում ժողովրդավարական մշակույթի ձևավորման մասին, ղեկավար մարմինների բոլոր մակարդակներում պետք է համամասնորեն ապահովել կանանց ներգրավվածությունը:
Մի կարևոր բան ևս` կուսակցական ղեկավար մարմիններն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, և կանանց ներկայացվածության քվոտան ապահովելը պահանջում է հատուկ մեխանիզմներ, ինչի մասին այսօր ոչ ոք չխոսեց», - ասաց Արմենուհի Կյուրեղյանը՝ բերելով նաև այլ երկրների օրինակներ, որտեղ կանանց ներգրավվածության հարցը լուծվում է ոչ թե հստակ թվային քվոտայի, այլ համամասնական ներկայացվածության և պատժամիջոցների ու խրախուսանքի մեխանիզմների կիրառմամբ։
ՀՅԴ ԳՄ անդամի ելույթը տեսնյութում՝ 3.21.00-ից սկսած