կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 22:15
Տնտեսական

Իշխանությունները փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել. տնտեսագետը՝ նախարարի հրապարակած ցուցանիշների մասին

Իշխանությունները փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել. տնտեսագետը՝ նախարարի հրապարակած ցուցանիշների մասին

Կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության մասին նախնական տվյալներ է «հանել». ասել է թե՝ ապացուցելու, որ մեր տնտեսական դիրքերն ամենևին չեն զիջում, ու դեռ մի բան էլ՝ առաջանցիկ են:

Ըստ այդ ցուցանիշների՝ Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4.4-4.5, իսկ գնաճը՝ 8.4-8.5 տոկոսի սահմաններում, Բելառուսում համապատասխանաբար՝ 2.3 և 10 տոկոս, Ղազախստանում՝ 3.5 և 8.4 տոկոս, Ղրղըզստանում՝ 3.6 տոկոս տնտեսական ակտիվություն, գնաճը՝ 1.2 տոկոս: Մեր երկրում՝ 5.8 տոկոս տնտեսական աճ և 7.7 տոկոս գնաճ:

«Այսինքն՝ մենք մեր միության երկրներում ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը, և սա ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ այնուամենայնիվ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»,- արձանագրել է Վահան Քերոբյանը:

Թե որքանո՞վ են օբյեկտիվ ու համադրելի այս ցուցանիշները՝ 168.am-ը հետաքրքրվեց տնտեսագետ Սուրեն Պարսյանից:

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել, և տնտեսական ցուցանիշները մեկնաբանում են յուրովի, իրենց տեսանկյունից: Նրանք մոռանում են նշել, որ 2020 թվականի ճգնաժամի տարվա ընթացքում Հայաստանը այդ ակումբային երկրներից ամենաշտ անկում գրանցած երկրներից մեկն է. մեզանից բարձր անկում ուներ միայն Ղրղըզստանը,- հիշեցրեց տնտեսագետը՝ մանրամասնելով,- Վատ ցուցանիշի պայմաններում, ուղղակի իներցիոն իրավիճակում դու կգրանցես բավականին դրական արդյունք: Մենք 2020 թ. ունեցել ենք 7.4 տոկոս անկում, 2021 թ., իներցիոն գործընթացներով պայմանավորված՝ ունենք 5.8 տոկոս աճ: Մենք նույնիսկ չենք կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին՝ այն դեպքում, երբ իրենց մատնանշած երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, գերակատարել են 2019 թ. ցուցանիշները: Այսինքն՝ իրենք 2020 թ. կորուստները վերականգնել են, իսկ Հայաստանը՝ ոչ»:

Անդրադառնալով գնաճի ցուցանիշների շուրջ համեմատականներին՝ Սուրեն Պարսյանը նկատեց, որ այդ երկրներում գնաճային ցուցանիշները բարձր են՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականությամբ, քաղաքական պրոցեսներով: Նա, սակայն, շեշտեց, որ խնդիրը գնաճը չէ, այլ մարդկանց եկամուտների համաչափ աճը:

«Օրինակ, ՌԴ-ում գնաճը կազմել է 8.2 տոկոս, բայց ՌԴ կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից թոշակներն ավելացրել է 8.4 տոկոսով: Այսինքն՝ անցյալ տարվա գնաճը գործող կառավարությունն ամբողջությամբ փակել է:

Խնդիրը գնաճի ցուցանիշները չեն, այլ՝ արդյո՞ք կառավարությունները կարողացել են մարդկանց եկամուտները համաչափ ավելացնել. այդ երկրները հաջողել են, Հայաստանը՝ ոչ: Մենք ունենք 7.2 տոկոս գնաճ՝ այն դեպքում, երբ 2022 թվականի հունվարի 1-ի բյուջեով մենք չունենք եկամուտների աճ (թոշակառուների և նպաստառուների ընդամենը 17 տոկոսի մոտ է 2000-3000 դրամ ավելացել):

Այսինքն՝ իրավիճակը պետք է գնահատեն ոչ թե թվերի տեսանկյունից, այլ մարդկանց կենսամակարդակի փոփոխության տեսանկյունից. այդ երկրներում աղքատությունը այդքան չի խորացել՝ ինչքան մեզ մոտ, քանի որ մարդկանց եկամուտներն ավելի արագ են աճել, քան գնաճը»,- եզրափակեց տնտեսագետը: