կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 17:08
Տնտեսական

Ծայրից ծայր հիմարություն ու մասնագիտական տհասություն․ տնտեսագետը՝ Էկոնոմիկայի նախարարի գրառման մասին

Ծայրից ծայր հիմարություն ու մասնագիտական տհասություն․ տնտեսագետը՝ Էկոնոմիկայի նախարարի գրառման մասին

Ծայրից ծայր հիմարություն է ու մասնագիտական ահավոր տհասություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետևյալ գրառումը․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։ Ձեր խոնարհ ծառա»։

Տնտեսագետն ասաց՝ Հայաստանի տնտեսությունը կոլապսի մեջ է, չկա տնտեսություն։

«Ես Քերոբյանին չեմ էլ ուզում մեղադրականներ ներկայացնել, հասկանում եմ՝ ինքը բացարձակապես չի հասկանում տնտեսությունից, և, բնականաբար, ինքը միայն բարձրաձայնում է իրեն հրահանգված հիմարությունները, որը բոլոր մասնագետների մոտ ուղղակիորեն առաջացնում է խորը ու անդառնալի զավեշտ և ծիծաղ»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Նա զավեշտ համարեց, որ Էկոնոմիկայի նախարարը համեմատում է ամիսների ցուցանիշը։

«Սա նշանակում է՝ հանգուցյալը չէր շնչում, իսկ այս ամիս սկսել է շնչելու նշաններ ցույց տալ։ Բոլոր դեպքերում, եթե նախորդ ամիս «զրո» ենք ունեցել, հիմա մի փոքր շնչառություն էլ ցույց տանք, հոգեվարքից դուրս գանք, նշանակում է՝ չենք մահացել։ Այդ ժամանակ ոչ թե երկնիշ, այլ քառանիշ կարող է լինել աճը։ Դուք պակերացրեք, ձեռնարկությունը ասում է՝ աճ է ապահովել 500 տոկոսով․ եթե նայում ենք նախորդը՝ կտրականապես բան չի արտադրել, և ամեն 5 լուցկու չոփ արտադրածն էլ արդեն 500 տոկոս աճ է դառնում»,-ասաց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանը անհասկանալի համարեց երկնիշ տնտեսական աճից խոսելը, երբ ամբողջ հանրապետությունում տոտալ ճգնաժամ է ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական, քաղաքական և բոլոր առումներով։

«Պարզապես, վերընտրվելու համար ջղաձգային քայլեր են իրականացնում»,-ասաց նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ «ներդրումները հորդում են» պնդման մասին տնտեսագետն ասաց՝ այդ անձնավորությունը չի էլ հասկանում ինչ բան է «ներդրում», «տնտեսական ակտիվության ցուցանիշ» և այլն։

«Մարդ, որը ոչ վաղ անցյալում փետրվար ամիսը 31 օրից էր պատկերացնում, դուք ի՞նչ եք ուզում։ Մենք, այսպես թե այնպես, զայրանալով՝ միևնույն ժամանակ քննարկում ենք այդ մարդուն, մինչդեռ այդ մարդը ենթակա չէ․ եթե վարչապետը ենթակա չէ քննարկման, Քերոբյանը ո՞վ է եղել»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Աշխատատեղերն ավելանալու մասին պնդմանն ի պատասխան տնտեսագետը վստահեցրեց, որ այդպիսի ցուցանիշ չկա, իսկ Քերոբյանը աշխատատեղերի մունետիկը չէ, թող Վիճակագական ծառայությունը, պետական համապատասխան մարմիններն ասեն, ոչ թե Քերոբյանը, որը բացարձակապես տնտեսագիտական կատեգորիաներից չի հասկանում։

«Իրենք աշխատում են ողորմելի օխլոս զանգվածի վրա, իսկ դրանց թիվը քիչ չէ հանրապետությունում։ Մարդիկ, որոնք ոչ թե ուզում են լավ ապրել, այլ ուզում են Նիկոլ Փաշինյանի նման մարդ գա՝ բոլորին վատություն անի։ Դրա համար աշխատում են այդ ձևի զանգվածի վրա»,-ասաց Վարդան Բոստանջյանը։  

Աննա Բալյան