կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 22:38
Տնտեսական

Նախընտրական ցայտնոտային հայտարարություններ են, որոնք կապ չունեն իրականության հետ․ Տնտեսագետը՝ էկոնոմիկայի նախարարի վստահեցումների մասին

Նախընտրական ցայտնոտային հայտարարություններ են, որոնք կապ չունեն իրականության հետ․ Տնտեսագետը՝ էկոնոմիկայի նախարարի վստահեցումների մասին

«2020 թվականից սկսած՝ ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) նվազում առավելապես աշխատատար ճյուղերում՝ ինչպիսիք են զբոսաշրջությունը, հանրային սննդի, հանգստի ապահովման ոլորտը, ծառայությունները, առևտուրը և այլն։ Նաև արձանագրենք՝ 2020 թ. ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, որը 2009 թվականից հետո ամենաբարձր անկման ցուցանիշն է, երկրում կա ահագնացող գնաճ»,- 168.am-ի հետ զրույցում տնտեսական ընդհանուր միտումներին, պաշտոնական վիճակագրության վերջին արձանագրումներին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա համոզմամբ՝ գնաճը, որը 2021թ․ դեպքում ներկայացվում է՝ 5.8 տոկոս և 4.5 տոկոս՝ 2020թ․ համար, ամենևին իրական գնաճը չէ, պատիկներ անգամ ավելին է, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հատկապես սննդամթերքի դեպքում՝ ձեթ, ձու, կաթնամթերք, հացամթերք, թանկացել են միջին ցուցանիշից շատ անգամ ավելի։

 
 

Տնտեսագետը նկատեց, որ անցյալ տարվա տնտեսական բացասական միտումները պահպանվում են նաև այս տարի․ «ՏԱՑ-ը դեռևս չի վերականգնվել․ վերջին տվյալներով՝ հունվար-մարտը դեռ երկու տոկոս անկում ունենք նախորդ տարվա համեմատ, գնաճը շարունակվում է, իսկ ազգային արժույթի փոխարժեքի վերջին շաբաթների կայունությունը պայմանավորված է կառավարության հանձնարարականով Կենտրոնական Բանկի կողմից իրականացվող քայլերով․ ԿԲ-ն կարժաժամկետ գործիքների իր ողջ արսենալն օգտագործում է, որպեսզի ընտրություններին ընդառաջ կարողանա զսպել ազգային արժույթի արժեզրկման օբյեկտիվ պրոցեսը, քանի որ դրամի արժեզրկման հետևանքն առաջին հերթին լինելու է գնաճի ավելի բարձր տեմպը»։

Իսկ այս իրավիճակում, ըստ նրա, երբ գործազրկության մակարդակը բարձրացել է, իսկ աշխատողների անվանական եկամուտները փաստացի աճել են տասն անգամ պակաս, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են բարձրանում, ականատեսն ենք լինում իրական եկամուտների շարունակվող նվազման, ոը աղքատության ծնող առաջնային գործոններից է․

«Այսօրվա իշխանության եկածները, երբ քվե էին ստանում, նրանց հիմնական պոպուլիստական թեզն այն էր, որ մարդկանց երջանկացնելու են աշխատանքով և տալու են հնարավորություն ապրելու․ այդ ճանապարհն իրենք կոչում էին՝ նպաստից դեպի աշխատանք (ի դեպ, գաղափարը գողացված գաղափար է)։

Ինչ ունենք երեք տարի հետո՝ հետևողական քայլերով աշխատողներին դարձնում են աշխատող աղքատ (քանի որ նվազում են նրանց իրական եկամուտները), իսկ փաստացի աշխատող և զբաղված մարդկանց էլ դարձնում են գործազուրկ կամ բիզնեսի դեպքում՝ սնանկացած գործարար, որը հաջորդ պահին դառնում է հնարավոր նպաստառու․ հռչակեցին մի բանաձև, նաև դրա միջոցով հավաքեցին ընտրողների մեծ մասի քվեները, և ունեցանք ճիշտ հակառակը։ Եվ սա արձանագրում է նույնիսկ այն վիճակագրությունը, որը կառավարովում է այդ ապաշնորհների կողմից։ Նման խոստումները ես գնահատում եմ՝ որպես ընտրակաշառքի թաքնված և զզվելի ձև․ իրականում խոստանալ, ստանալ քվե և կատարել ճիշտ հակառակը, հակառակ հետևանքներով, սա նույնն է, ինչ ընտրողին նենգաբար խաբելը և նրանց քվեները գողանալը։

Ի վերջո, մեր հանրությունը նաև սա պետք է գնահատի․ առջևում նորից ընտրապայքար է, և պետք է հստակ գնահատի․ ընդամենը հունվար ամսին այսօրվա էկոնոմիկայի նախարարը միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում, երկնիշ տնտեսական աճ, մինչդեռ տարին կիսվում է, միլիարդավոր դոլարի ներդրումներ տնեսության մեջ չկան, երկնիշ աճի փոխարեն՝ դեռևս ունենք տնտեսական անկում»։

Նախարար Վ․ Քերոբյանը չի ընկրկել իր լավատեսությունից և հիմնվելով ԱՎԾ կողմից այսօր հրապարակված 2021 թ․ ապրիլի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վրա՝ ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%: Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»։

Այս առնչությամբ Թադևոս Ավետիսյանն ասաց․

 

«2020 թվականին մարտից սկսած՝ տոտալ լոքդաուն էր, իսկ ապրիլին իշխանությունների ապաշնորհության պատճառով սահմանափակումներն ընդհանրապես ողջ ուժով էին ներդրվել, նույնիսկ մարդկանց շարժն էր սահմանափակված, և այո՛, այս իրավիճակը, երբ համեմատում ես մի ժամանակահատվածի հետ, երբ որևէ սահմանափակում չկա, գոնե ինչ-որ չափով աճ պետք է լիներ, բայց դա ընդամենը 2.6 տոկոս է։ Բայց երբ համեմատում ես հունվարը, փետրվարը, երբ սահմանափակումներ չկային, 2021–ի համար արձանագրել ենք անկում․ մի դեպքում՝ հունվարը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 8.4 տոկոս անկում, փետրվարը նախորդ տարվա փետրվարի հետ համեմատ՝ 6.3 տոկոս անկում։ Իսկ մարտին և ապրիլին արձանագրված աճի հանրագումարում՝ ընդամենը 2.6 տոկոս աճ։ Եթե մենք փորձում ենք իրական գնահատում անել, ապա 2020-ի և 2021-ի հունվար-փետրվարն է ավելի մոտ բազային իմաստով, և այդ երկու դեպքում էլ էական նվազում կա»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նախարարի ոգևորությունը, նա արձագանքեց․ «Նախընտրական ցայտնոտային և փնթի հայտարարություններ են դրանք, որոնք կապ չունեն իրականության հետ։ Մի հարց տամ՝ հայտնի ֆիլմից՝ լյարդդ ո՞նց է, լյա՛րդդ։

Իսկ ինչո՞ւ չի անդրադառնում այն փաստին, որ հունվար-ապրիլին մենք ունեցել ենք 5.4 տոկոս գնաճ նախորդ տարվա համեմատ, այսինքն՝ եթե մենք իրական պատկերն ենք ուզում տեսնել, նույնիսկ այսպիսի պարագայում՝ նախորդ տարվա տոտալ լոքդաունը չմոռանալով, երբ սպառողական գները աճում են 5.4 տոկոս, իսկ փաստացի տնտեսական ակտիվությունը՝ ընդամենը 2.6, սա նշանակում է, որ իրական տնտեսական ակտիվությունը շարունակում է անկումը։ Այսինք՝ եթե ֆիլտրում ենք գնաճը, հասկանալի է դառնում, որ տնտեսական անկումն ըստ էության շարունակվում է»։

Տնտեսագետը նաև զարմանքով արձանագրեց, որ առաջին անգամ է, երբ ցուցանիշներում չի ներառվել միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը․ «Ո՞ւր են հասել պոպուլիստական վիճակագիրները․ իրենց ձեռք չի տալիս ցուցանիշը և այն չեն դրել։ Թերևս, այն պատճառով, որ շատ ակնհայտ կլիներ՝ միջին ամսական աշխատավարրձի աճը, եթե կա այդպիսին, պատիկներ անգամ ցածր է լինելու գնաճից։ Այսինքն՝ մարդիկ շարունակում են աղքատանալ, որովհետև իրական եկամուտները նվազում են»։

Հիշեցնենք՝ ԱՎԾ-ն այս տվյալների բացակայությունն այսպես էր հիմնավորել «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ. ապրիլից ի վեր միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվետու ամսվա օպերատիվ ցուցանիշը՝ գնահատված ժամանակային շարքերի վերլուծության հիման վրա, նշանակալիորեն է տարբերվել դրա հրապարակումից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ-ից) ստացվող Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվառման տվյալների բազայի հիման վրա հաշվարկված ցուցանիշներից, դադարեցվում է հաշվետու ամսվա գնահատված ցուցանիշի հրապարակումը: Ըստ այդմ՝ ցուցանիշը կհաշվարկվի և կհրապարակվի բացառապես ՀՀ ՊԵԿ-ից հաշվետու ամսվան հաջորդող 25/26-րդ օրը  ստացվող տվյալների բազայի հիման վրա և կզետեղվի սույն աղյուսակում՝ ամսվա վերջին աշխատանքային օրը»։

Մեր զրուցակիցն առանձնացրեց մի քանի ցուցանիշներ ևս․ «Արդյունաբերությունը, ըստ վիճակագրության, գրեթե նույն ծավալն է հունվար-ապրիլը՝ նախորդի համեմատ, փողով արտահայտված, բայց այստեղ նույն էկոնոմիկայի նախարարը չի հասկանում, որ 8.1 տոկոսով՝ աննախադեպ բարձր տեմպով արդյունաբերական արտադրանքի գներն աճել են։ Այսինքն՝ եթե նախորդ տարվա ծավալը գնաճից ֆիլտրենք և համեմատենք, ապա մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն 7 տոկոսով նվազել է։

Եվ նաև շուրջ 3 տոկոս անկում է պահպանվում ծառայությունների ոլորտում, և սա՝ այն դեպքում, երբ մարտ-ապրիլ ամիսներին զրոյական վիճակ էր մի շարք ծառայությունների ոլորտում՝ զբոսաշրջություն, հանգստի, սննդի ապահովում»։

«Այսինքն՝ այդ 2.6 տոկոսը որևէ կերպ հուսադրող չէ․ընդհակառակը՝ սա խիստ մտահոգիչ է, որովհետև ժամանակահատվածի ուղիղ կեսը մենք չենք ունեցել սահմանափակումներ, իսկ նախորդ տարի տոտալ լոքդաուն էր, և նույնիսկ այսպիսի պարագայում մենք ունենք ընդամենը 2.6 տոկոս ավելացում։ Սա երբեք չի կարող բերել տնտեսական երկնիշ աճի․ այսինքն՝ իրենց այս հրճվանքը, բազայի էֆեկտից օգտվելով, ընդամենը տևելու է ևս երկու-երեք ամիս, որովհետև արդեն 2020 թ․ օգոստոսից սահմանափակումները մեղմացվեցին»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը։