Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ներին, նշել է, թե միջազգային հանրությունն արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:
Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը 1 տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։
Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ՝ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։ «Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը»,- գրել էր Փաշինյանը։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը վերջին 10 տարում արտաքին տնտեսական ազատության զուցանիշով առաջնային դիրքերում է եղել և պարբերաբար բարելավել է այն, իսկ տնտեսական ազատությունը թեև կարևոր, բայց ոչ բավարար գործոն է ներդրումների համար.
«Ճիշտ է, կարևոր գործոն է արտաքին տնտեսական հարաբերությունների ազատականացման ինդեքսը, բայց դա ինքնին չի նշանակում, որ միայն այդ փաստով կարելի է ենթադրել ներդրումների ներհոսք, որովհետև ներդրումների ներգրավման շատ ավելի կարևոր գործոններ կան, օրինակ՝ ներքին քաղաքական կայունությունը կամ արտաքին շուկաներ մուտք գործելու աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք մենք ունենք և, վերջին հաշվով, սոցիալ-տնտեսական պայմանները»:
Թ. Ավետիսյանի գնահատմամբ՝ այդ գործոններից հիմնականը ներդրումային բարձր ռիսկն է, որի վրա ազդում է ոչ միայն քաղաքական անկայուն իրավիճակը, այլ նաև տնտեսական գործունեության այլ գործոններ, այդ թվում՝ պարբերաբար փոփոխվող հարկային քաղաքականությունը:
Ըստ տնտեսագետի՝ արտաքին տնտեսական ազատականացումը իներցիոն գործընթաց է և կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից. «Այդ ցուցանիշը հարաբերության մեջ է հաշվարկվում. նայվում է, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի փոփոխություններ են եղել արտաքին տնտեսական գործունեության կարգավորման իմաստով: Մեզ մոտ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, այսինքն՝ ոչ մաքսատուրքերն են նվազել, ոչ այլ փոփոխություններ:
Առավելապես պայմանավորված է այդ շարքում համեմատվող այլ երկրներում կիրառվող որոշակի սահմանափակումներից, օրինակ՝ սանիտարահիգիենիկ որոշակի սահմանափակումներ, արտաքին առևտրի վերաբերյալ: Քո երկրում կարող ես ոչինչ չանել, բայց այլ երկրներում այս կամ այն պատճառով որոշակի խստացումներ կամ ժամանակավոր սահմանափակումներ ներմուծեն և քո դիրքերն այդ ցանկում բարձրանան:
Մեր տնտեսությունը միշտ առաջին տասնյակում է եղել արտաքին տնտեսական հարաբերությունների բացության աստիճանով, մեր արտաքին տնտեսական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել ազատական ռեժիմով՝ չունենք բարձր մաքսատուրքեր, քանակային սահմանափակումներ: Սա աննախադեպ բան չէ. ընթացիկ պրոցես է: