կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 09:18
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է արդեն ասվի, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Կիրո Մանոյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ինքնաբերաբար կազդի Թուրքիայի վրա. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը և մանրամասնեց, թե ինչու:  

Սպիտակ տունը, օրինակ, Թուրքիայի օժանդակությունը 5 միլիարդով ավելացնելու առաջարկ չի հանդգնի բերել Կոնգրեսի հաստատմանը՝ հաշվի առնելով, որ Ներկայացուցիչների պալատի գրեթե բոլոր անդամները՝ երկու կուսակցություններից, դեմ են. քաղաքական մթնոլորտը նպաստավոր չէ։

Թուրքիայի արտգործանախարարության ինքնամխիթարական պնդումը՝ իբր բանաձևը իրավական ուժ չունի և ընդամենը ամերիկահայությանը սիրաշահելու համար է, Կիրո Մանոյանի քմծիծաղն է առաջացնում. «Ներկայացուցիչների պալատի 435 անդամից եթե 405-ը կողմ է քվեարկել՝ ամերիկահայությանը սիրաշահելու համար, ուրեմն՝ բրավո ամերիկահայությանը»։

Մյուս պնդումը՝ իբր գործադիրն իր տեսակետը չի փոխել, ևս չի համոզում Մանոյանին, ասում է՝ իրականում փոխել է, քանի որ նախկինում Սպիտակ տունը չէր թողնում, որ բանաձևը նույնիսկ օրակարգ մտնի, իսկ այս անգամ ոչ միայն մտավ ու ընդունվեց, այլև պետքարտուղարությունն ասաց, որ իրենք էլ ընդունում են՝ կատարվածը 20-րդ դարի մեծագույն ոճիրներից է։ Այսինքն՝ գործադիրին այս բանաձևն իրավականորեն որևէ բան պարտադրել չի կարող, բայց ստեղծել քաղաքական ֆոն, որ վաղը, եթե ինչ-որ պատճառով Սպիտակ տունը կամ  պետքարտուղարությունը ուզենան «Ցեղասպանություն» բառն արտասանել, կարող է։

«Ճիշտ է՝ Թրամփը «Ցեղասպանություն» բառը չասաց, բայց չի բացառվում, որ վաղն ասի՝ այս բոլորը նկատի ունենալով»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նրա համոզմամբ՝ կարելի է համարել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն ճանաչած 29 պետությունից միայն 4-ն է օրենքով ընդունել՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը և Արգենտինան, մյուսները բանաձևով են ճանաչել։

«Ինչո՞ւ չենք ասում, որ Ամերիկան ճանաչել է, եթե Բելգիայի Սենատի բանաձևը բավարար է, որ ասենք՝ Բելգիան ճանաչել է, այն դեպքում, որ Բելգիայի վարչապետն ամեն օր «Ցեղասպանություն» բառը չի օգտագործում: Եթե Ռուսաստանի Դումայի մեկ անգամվա բանաձևը բավարար է, որ ասենք՝ Ռուսաստանը ճանաչել է, ինչո՞ւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու բանաձևերը՝ 1975 և 1984 թվերի, բավարար չեն։ Հիմա արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այս նոր բանաձևը սրբագրում է այդ ճանաչումը»,- ընդգծեց Կիրո Մանոյանը։

Նա նաև արձանագրեց, որ բանաձևի ընդունումը վերջնական հանգրվան է, որևէ այլ մարմին չի գնալու՝ հաստատման, սա Ներկայացուցիչների պալատի դիրքորոշումն է, որը քաղաքական ազդեցություն կարող է ունենալ։

Ընդ որում՝ ԱՄՆ Սենատ նմանօրինակ բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն մտցրել են։ Կարող են նաև ԱՄՆ նախագահին ներկայացնել, բայց բոլորը լինելու են բանաձևեր, ոչ թե օրենքներ։

«Թուրքիայի արտգործնախարարությունը ախմախորեն ասում է, որ չկա միջազգային որևէ ատյան, որը Հայոց ցեղասպանության փաստը արձանագրած լինի, բայց այս դեպքում միջազգայինը չի կարող տեղականից բարձր լինել՝ Թուրքիայի դատարանն արդեն վճիռներ ունի։ Թուրքիայի այս ջանքերը ևս նման բանաձևերով պիտի ինչ-որ տեղ վերջանան»,- ասաց Կիրո Մանոյանը՝ ընդգծելով, որ Թուրքիայում սա մեծ ազդեցություն կունենա հատկապես այն հատվածի վրա, որը պատրաստ է մտածել և իրեն մատուցվածից այլ բան տեսնել։

Նա նաև նշեց, որ միջազգային իրավունքը բավական արագ զարգացող իրականություն է, և եթե այսօր Թուրքիային պատասխանատվության ենթարկելու գործիքակազմը բավարար չէ, սա չի նշանակում, որ վաղը չի լինի։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Կիրո Մանոյանը խոսել է նաև ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հսկայածավալ աշխատանքի և արագ արձագանքման ջոկատի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․