Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Շատ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից, իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ, այս վտանգավոր միտումը տանելու է մեր պետականության վերջնական կործանման»,– ասաց նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ պետք է նշանակվի երկու կողմից էլ, և հարցին՝ ինչպե՞ս է ինքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վերաբերվում այս գործընթացին։
«Այս վտանգավոր միտումը, ի վերջո, տանելու է մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում այդպես, որ մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եղան, որ Անկարայից նման հայտարարություն է հնչում, Մինասյանն արձագանքեց, թե այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, քանի որ նրանք էին կառուցողական անվանում Ադրբեջանի ղեկավարին, դրական ազդակներ էին ստանում Թուրքիայից։ «Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու»,- նշեց ընդդմիադիր խմբակցության քարտուղարը։
Հարցին՝ ՀՅԴ-ն դե՞մ է, որ ՀՀ-ն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, Մինասյանն արձագանքեց․ «Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, բազմիցս ենք ասել, որ դրան համաձայն ենք։ Բայց երբ ասում ենք՝ բարիդրացիական, ո՞ւմ հետ բարիդրացիական՝ մի պետության, մի իշխանության, որն ուզում ոչնչացնե՞լ քեզ։ Իր հետ ի՞նչ բարիդրացիություն։ Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով՝ առանց ազգային իրավունքները պաշտպանելու, ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, հետևանքները վերացնելու ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել։
«Եթե ձեր թշնամին, թեև ձեր հարևանն է, պատրաստ է ամեն օր և ամեն ժամ մորթել, ոչնչացնել ձեզ, ձեր տունը խլել ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»,-ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ մի բան հստակ է՝ սա նոր գործընթաց չէ, ինչո՞ւ էին Թուրքիան ու Ադրբեջանը մինչև պատերազմի սկիզբը հրաժարվում։ «Եթե իրենք այս գործընթացով հասնում են իրենց նպատակին, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի ոչնչացումն իրենց նպատակն է, և իրենք նման քայլ են իրականացնում։ Եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունենա, չպե՞տք է գնահատի՝ ինչու են նրանք անպայման ուզում այս նպատակն իրականացնել»,-նշեց պատգամավորը։
Հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցե՞ր կան, Մինասյանն արձագանքեց՝ ակնհայտ է՝ թուրքական նախապայմանները որոնք են եղել։
«Նախապայմանների մի մասն իրենք արդեն համարում են չեզոքացված, ոչնչացված։ Եթե այդ համաձայնությունը ՀՀ-ն տալիս է, նշանակում է՝ ընդունում է այդ նախապայմանի չեզոքացումը։ Իսկ նախապայամանն Արցախի հարցի փակումը, վերացումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը։