Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը հիստերիկ ձևով է անդրադառնում Արցախի պետականաշինությանն ուղղված ցանկացած գործընթացի, և չի բացառվում, որ ինչ-որ ձևով համանախագահներին խնդրած լինեն, լացեն, որպեսզի նրանք անդրադառնան Արցախում կայանալիք հանրաքվեի հարցին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը:
Նշենք, որ հայտարարության մեջ համանախագահներն անդրադարձել են նաև փետրվարի 20-ին Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին՝ նշելով. «Թեև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, կրկին ընդգծում ենք, որ ոչ մի երկիր, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող՝ ընդգծելով, որ այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, ինչը կարող է հանգեցնել հակամարտության տևական և խաղաղ կարգավորման:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ համանախագահները նախևառաջ փաստում են, որ հանրաքվեն Արցախի պետականաշինության և ներքին կարգի կազմակերպման մի ձև է, ինչն ինքնին նշանակում է, որ դրական են վերաբերվում այդ հարցին: «Հանրաքվեի անցկացումը ժողովրդավարական գործընթաց է, և ցանկացած ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ չի կարող հանրաքվեն կամ ընտրությունները թերագնահատել կամ վատ վերաբերմունք ցուցաբերել նման գործընթացի նկատմամբ»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ հայտարարության մեջ նշված այն միտքը, որ իրենք չեն ճանաչում այդ հանրաքվեն, նորություն չէ: «Այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը չեն ճանաչել Արցախի Հանրապետությանը, և որ այս հանրաքվեն ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի իրավական կարգավիճակի հարցում, ոչ ոք չի վիճարկում: Իհարկե, չի կարող ազդել, քանի որ մենք մեր իրավական կարգավիճակը որոշել ենք դեռևս 1991-ի սեպտեմբերի 2-ին` հռչակելով Արցախի Հանրապետությունը և դեկտեմբերի 10-ի կայացած հանրաքվեի միջոցով վերահաստատելով մեր կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցել: Դրա համար այն, ինչ նրանք ասում են, որևէ կերպ չի հակասում իրականությանը: Մենք հանրաքվե չենք անցկացնում, որ աշխարհին ցույց տանք մեր կարգավիճակը, այս հանրաքվեն Արցախի ներքին կյանքի կազմակերպման մի ձև է»,- ասաց նա:
Անդրադառնալով համանախագահների այն տեսակետին, որ ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելը Հայաստանի կողմից մարդասիրական քայլ էր, Բաբայանը նշեց. «Երբ նրանք խոսում են դիակի վերադարձման մարդասիրական կողմի մասին, լավ կլիներ անդրադառնային նաև Լապշինի արտահանձմանը: Քանի որ մի դեպքում մենք գործ ունենք մի երկրի հետ, որը վերադարձնում է մի դիվերսանտի դի, որը եկել էր սպանություններ անելու հայկական հողում, իսկ մյուս երկիրը կաշառքի կամ այլ մեթոդներով Լապշինին Բելառուսից բերում՝ հասցնում է Բաքվի բանտը»:
Ըստ նրա՝ Լապշինի հարցին կարելի էր անդրադառնալ հենց հակամարտության տեսանկյունից: