կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 14:53
Քաղաքական

Կառավարությունը սահմանեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը եւ նշեց ժամկետները

Կառավարությունը սահմանեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը եւ նշեց ժամկետները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում սահմանեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուերն Թովմասյանը նշեց, որ սրանով կարգավորում են, թե ինչ ընթացակարգով պետք է ինքնակամ կառույցները հաշվառվեն, այնուհետեւ համայնքին ներկայացվեն որպես օրինականացման գործընթաց. «Սրանով կարգավորում ենք ինքնակամ կառույցների վերաբերյալ տվյալների հավաքագրումը: Նախատեսվում է, որ ինքնակամ կառույց ունեցող քաղաքացին պետք է դիմի Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրման մասնագետին: Մասնագետը պետք է իրականացնի իր աշխատանքները, տեղում ուսումնասիրի, չափի շինությունը, որից հետո փաթեթ պետք է կազմի, եւ այդ փաթեթը չափագրողն ու պատվիրատուն համատեղ պետք է ուսումնասիրեն ու կնքեն համաձայնագիր:

Տվյալ քաղաքացին SMS-ով կծանուցվի, որ չափագրման փաթեթը մուտքագրված է կադաստրի կոմիտեի առցանց չափագրման գրասենյակ: Այդ պահից սկսած ինքնակամ կառույցը կհամարվի հաշվառված: Դրանից հետո քաղաքացին պետք է օրինականացման գործընթաց սկսի»,-ասաց նա:

Սուրեն Թովմասյանը տեղեկացրեց, որ այս կարգի ընդունումից հետո երկամսյա ժամկետ է սահմանվում 2021-ին կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման  համար եւ 2 ամիս հետո հաշվառված են համարվելու այն ինքնակամ շինությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրված են լինելու առցանց գրասենյակ:

Իսկ Երեւան քաղաքի համար ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ է սահմանված քաղաքացիական օրենսգրքով, եւ այդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 1-ին: Մյուս բնակավայրերում ժամկետը մինչեւ 2024-ի հունվարի 1-ն է, իսկ գյուղական համայնքների համար՝ 2025-ի հունվարի 1-ը:

Այն շինությունները, որոնք արտացոլված են որպես ինքնակամ կառույցներ սեփականության վկայականներում, դրանք համարվում են արդեն հաշվառված Կադաստրի կոմիտեում»,-ասաց նա: