կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-08 01:51
Հասարակություն

Ինքնակամ կառույցների օրինականացումը ձգձգվում է

Ինքնակամ կառույցների օրինականացումը ձգձգվում է

Հետերկրաշարժյան տարիներին, երբ ակնհայտ դարձավ, որ երկու տարում աղետի գոտին չի կառուցվելու, Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ սկսեցին ինքնուրույն լուծել իրենց կացարանների խնդիրը: Նրանցից շատերը բնակելիներ կառուցեցին ինչպես իրենց պատկանող, այնպես էլ համայնքապատկան տարածքներում: Նույնիսկ ձևավորվեցին ինքնակամ բնակելի կառույցներից բաղկացած թաղամասեր:

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ քաղաքում կա մոտ 15 հազար ինքնակամ կառույց, որոնցից 8 հազարը բնակելիներ են: Դրանցից միայն մի փոքր մասն է անցած տարիներին օրինականացվել: Քաղաքացիների մեծ մասը ֆինանսական դժվարությունների և փաստաթղթային քաշքշուկների պատճառով պարզապես ձեռնպահ է մնացել իր կողմից տնօրինվող կառույցների օրինականացման քայլից:

 

Նման ընտանիքների համար լավագույն առիթ էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թ. ապրիլի 27-ին ընդունված՝ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

 

Դեռևս 2008 թ. ընդունված վերոհիշյալ օրենքը, որը թույլ է տալիս մինչև 2001 թ. մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելիներն օրինականացնել անվճար, մինչ այդ վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն կատարված փոփոխություններով այն դարձավ օրենք ամբողջ hանրապետության համար: Առավել ևս, որ Գյումրիում առկա բնակելի կառույցներից միայն 5-10 տոկոսն է կառուցվել 2001 թվականից հետո:

 

Օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 18-ին, իսկ ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 12-ին ընդունած N 1004 –Ն որոշմամբ փոփոխություններ կատարեց իր՝ 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշման մեջ, որով քաղաքացիներին սեփականության իրավունքով անվճար տրամադրվող հողամասերի առավելագույն չափը հանրապետության քաղաքային համայնքներում` 400 քմ, գյուղական համայնքներում` 1000 քմ սահմանեց: Երևանում այդ չափը 300 քմ է:

 

Այնուամենայնիվ, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների օրինականացման կարգի մասին օրենքը նաև լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց ինչպես ՏԻՄ–երին, այնպես էլ ինքնակամ կառույցներ տնօրինող այն քաղաքացիներին, որոնց բնակելի կառույցները նախկինում ավագանիների որոշմամբ ճանաչվել էին համայնքապատկան: Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի` տեղական հեռուստատեսություններից մեկով օրերս արված հավաստիացումներով՝ այդ բնակելի կառույցներն իրենք պատրաստվում են առաջիկայում հետ վերադարձնել տերերին:

 

Վերոհիշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինքնակամ բնակելի կառույցների օրինականացման որոշումներ կայացնելու նպատակով Գյումրիի քաղաքապետարանը տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ կադաստրի ենթակայությամբ գործող հողային մոնիտորինգի ձեռնարկության հետ կնքել է պայմանագրեր` չափագրումներ և քարտեզագրումներ կատարելու համար:

 

Հրապարակված գնացուցակի համաձայն՝ վճարները մինչև 10 քառ. մետր տարածքի քարտեզագրման համար սահմանված են 6000 դրամ, 10-200 քառ. մ համար՝ 18000 դրամ, 200-500 քառ. մ համար՝ 24000 դրամ, իսկ 500 քառ. մետրից ավելիի դեպքում` 30000 դրամ:

 

Նշենք, որ ինքնակամ բնակելի կառույցների այժմ ընթացող քարտեզագրման, չափագրման և մինչև 2000 թվականը իրականացրածի չափերի միջև նկատվում է զգալի թվային տարբերություն: Այդ փաստը ՀՀ կադաստրի Գյումրիի տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի կողմից բացատրվում է ներկայումս առավել ճշգրիտ և կատարելագործված չափող սարքավորումների օգտագործման փաստով:

 

Գյումրիում 2010 թ. սեպտեմբերից ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացում աննախադեպ աշխուժություն նկատվեց, որին նպաստեց նաև «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Ինքնակամ և փաստաթղթերը չպահպանված բնակելի կառույցների օրինականացման կարգը» տեղեկատուի (http://www.shirakcentre.org/index.php/hy/library/104-texekatu.html) տարածումը, հանրային քննարկումները, ինչպես նաև տեղական հեռուստատեսություններով այդ թեմայի մասին ցուցադրված բազմաթիվ հեռուստահաղորդումները:

 

Մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության համաձայն՝ առ 2010 թ. նոյեմբերի 30-ը պետական կադաստրի Գյումրիի ստորաբաժանումում գրանցում է ստացել ընդամենը 10 ինքնակամ կառույց: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրիի քաղաքապետարանում առկա է քաղաքացիներից ընդունված շուրջ 5000 դիմում: 2011 թ. հունվարի 25-ի դրությամբ Գյումրիի քաղաքապետարանի կողմից հաստատվել է շուրջ 250 ինքնակամ կառույցների օրինականացման դիմում, իսկ պետական կադաստրի Գյումրիի ստորաբաժանման կողմից վերջնական գրանցում է ստացել ընդամենը 150 կառույց:

 

Մեր դիտարկումներով՝ ինքնակամ բնակելի կառույցների օրինականացման ձգձգման պատճառներից է նաև այն, որ տեղական իշխանությունները պատրաստ չէին նման ծավալի աշխատանքների, ինչպես նաև պատշաճ իրազեկված չէին օրենքին և դրա կատարման մեթոդներին:

 

Թեև իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ինքնակամ բնակելիներն օրինակնացվում են անվճար, սակայն ինչպես արդեն նշեցինք, չափագրման, քարտեզագրման և պետական կադաստրում գրանցում ստանալու համար նախատեսված են վճարներ: Մեկ կառույցի համար այն մոտավորապես կազմում է 60.000 – 100.000 դրամ: Աղետի գոտու սոցիալապես ծանր վիճակում գտնվող հարյուրավոր ընտանիքներ ի վիճակի չեն նույնիսկ այդ վճարումները կատարել:

 

Անշուշտ, այդ օրենքը պարունակում է նաև ոչ հստակ դրույթներ, օրինակ` հստակեցված չէ, թե մինչև երկրաշարժը որպես ավտոտնակ ծառայած քարաշեն, սակայն երկրաշարժից հետո անօթևան ընտանիքների կողմից բնակեցված կառույցները արդյո՞ք հնարավոր է այդ օրենքի համաձայն օրինականացնել անվճար: Կիսաքարաշեն կամ ամբողջովին փայտաշեն բնակելի կառույցներն արդյո՞ք հնարավոր չէ օրինականացնել նույնպես անվճար: Անտարակույս, օրենքի մի շարք դրույթներ դեռևս հստակեցման և պարզաբանման կարիք ունեն:

 

Աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներ կան, ովքեր հաշվառված չեն անօթևանների հերթացուցակում և ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման: Եթե նաև վերջիններիս հնարավորություն տրվի այդ օրենքի շրջանակներում անվճար օրինականացնել իրենց ժամանակավոր կացարանները, ապա համոզված ենք` դրանով կթեթևանա և՛ պետության, և՛ անօթևան հարյուրավոր ընտանիքների բնակարանային հոգսը:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

07.02.2011 թ.