կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-02 12:26
Հասարակություն

Կառավարությունը սահմանեց ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Կառավարությունը սահմանեց  ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին հարցը, ըստ որի` ուսման վարձը ամբողջությամբ կփոխհատուցվի ՊՆ-ի համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության 28 տեղի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղի համար: 49 նպատակային տեղ նախատեսված է առողջապահության նախարարության համար, 18 տեղ` ԿԳՆ-ի համար, 17 տեղ` Արցախի համար և 11 տեղ` ՊՆ-ի համար:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավելեց. «Մենք մարզերում բժիշկների մոտ 300 թափուր տեղ ունենք ու տարեցտարի փորձելու ենք ավելացնել այդ նպատակային տեղերը: Իմաստն այն է, որ, առողջապահության նախարարության հետ կնքվող պայմանագրի համաձայն, նրանք պարտավորվում են ավարտելուց հետո 5 տարի աշխատել մեր կողմից նշանակված տեղում, որպեսզի համալրվեն այդ թափուր տղերը: Եթե հրաժարվում են այդ պայմաններն ի կատար ածել, ապա նախատեսվելու է ավելի մեծ փոխհատուցում, քան պետության կողմից վճարած ուսման վարձն է»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է մի շարք երկրների փորձը, մասնավորապես` սկանդինավյան, երբ, անկախ այն հանգամանքից, թե շրջանավարտն ինչ տեղ է զբաղեցրել օրդինատուրայում, մեծ քաղաքներում աշխատանքի անցնելուց առաջ սահմանային կամ ոչ քաղաքային բնակավայրերի հիվանդանոցներում որոշակի տարիների աշխատանքային փորձ պետք է ունենա:

Որոշումն ընդունվեց: