կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 12:46
Սպորտ

ԲԱՔՈւ-2015. Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց և սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ

ԲԱՔՈւ-2015. Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց և սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ

Բաքվում ընթացող Եվրոպական ամառային առաջին խաղերում ավարտվեց հրաձգության` 10 մետրից օդամուղ հրացանով վարժության մրցումը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 18-ամյա Հրաչիկ Բաբայանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը,  2014 թվականին Նանկինում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը պարզապես ապշեցրեց իր վստահ ու կայուն կրակոցներով: Նա վաստակեց 629.3 միավոր, սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ:

Եզրափակիչի 8 մասնակիցներից 5-ն արդեն նվաճել էին Ռիո դա Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Պետք էր հաղթել Գերմանիայի և Իսրայելի ներկայացուցիչներին և նվաճել օլիմպիական վարկանիշ: Ամեն ինչ հրաշալի էր ընթանում: Սկզբում Հրաչիկը առաջատարն էր, ապա` երրորդը, հետո` երկրորդը: Այդպես` մինչև 12-րդ կրակոցը: 14-րդ կրակոցին հանկարծ տեղի տվեցին մեր պատանու նյարդերը, նա խոցեց 9.2 նիշը և, զբաղեցնելով 5-րդ տեղը, դուրս մնաց հետագա պայքարից:

Իսկ Իսրայելի ներկայացուցիչը նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սակայն կարևորն այն է, որ այս մրցման ամենակրտսեր մասնակիցն արժանացավ մասնագետների ամենաբարձր գնահատականին: Հրաչիկ Բաբայանն առաջին անգամ մտավ մեծահասակների մրցման եզրափակիչ և ցույց տվեց իր լավագույն արդյունքը: