կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 11:29
Քաղաքական

Հատված Լապշինի նամակից, կամ ինչո՞ւ նա հանկարծ հրաժարվեց իր ասածներից. Ն. Հոխիկյան

Հատված Լապշինի նամակից, կամ ինչո՞ւ նա հանկարծ հրաժարվեց իր ասածներից. Ն. Հոխիկյան
Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվում Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ իր խոսակցության մասին պատմածներից, արդյո՞ք Լապշինի վրա ճնշումներ եղել են։ ՀՀ իշխանություններն էլ ինձ մեղադրում են, թե ձեռքիս տակ չկան իրեղեն ապացույցներ Լապշինի խոսքերի արժանահավատության մասին։ Զարմանալիորեն, ՔՊ-ի կողմից ուղղորդվող այդ մեղադրանքներն սկսվել են 2021-ի հուլիսի 29-ից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ում անօրինական որոշում կայացվեց առգրավել իմ հեռախոսը, որում կան Լապշինի բոլոր պատմածների բնօրինակները։ Իմ հեռախոսը ԱԱԾ-ից փոխանցվել է ՔԿ՝ կրկին առանց ինձ տեղեկացնելու, մանավանդ որ ես ունեմ վկայի կարգավիճակ։
 
Հաշվի առնելով Փաշինյանական ավազակախմբի ապազգային ու անօրինական գործողությունները՝ հրապարակում եմ Լապշինի նամակներից մեկից մի փոքր հատված, որը նա ինձ գրել է դեռևս մարտ ամսին, ապա խնդրել, որ ջնջեմ իր անվտանգության համար։ Այդ նամակները ես փոխանցել եմ ինչպես ՀՀ ԱԱԾ-ին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին քարտուղար, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դեմ ընթացող դատական նիստի դատավորին։
Ծանոթացեք նաև դուք և արեք եզրակացություններ, թե ինչու Ալեքսանդր Լապշինը 2021-ի հուլիսից հանկարծ հրաժարվեց ավելի վաղ իր ասածներից։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, փորձագետ

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):