Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի հասկանում՝ ի՞նչն է ԲՀԿ-ականներին վրդովեցրել իր ասածներում, ինքն ընդամենն ակնարկել է, որ պետք է ժամանակին հասկանանք՝ ինչն է մեզ շահեկան` որպես պետություն՝ ունենալ աշխատատեղե՞ր, թե՞ ունենալ մատչելի ցեմենտ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց իր` «400 աշխատատեղ փակել, փոխարենը՝ շինարարությունը խթանել» խոսքը և ընդգծեց. «Դա ենթադրում է, որ շուկայում մատչելի գնով ցեմենտ ու տեղական արտադրող ունենանք: Եթե չունենանք արտադրություն, մեր հարևան երկրները շատ արագ ցեմենտի գինը կբարձրացնեն։ Այսինքն՝ և ՛ ներմուծում, և՛ արտադրություն ունենալու դեպքում կարող ենք ունենալ մատչելի ցեմենտ, ինչի ապացույց կարող ենք բերել այն, որ երբ իրանական ցեմենտը մտավ շուկա, ցեմենտի գինը նվազեց 10 հազար դրամով: Չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո կառավարությունը որոշումը կփոխի»:
Ըստ պատգամավորի` կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն էր բերել ԱԺ, իսկ խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որում ԲՀԿ-ական 3 պատգամավոր կա, միաձայն կողմ է քվեարկել նախագծին։
«Հիշեցնեմ նաև, որ նախագիծն ԱԺ-ում առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս փոփոխությունների պետք է ենթարկվի։ Հայտարարել ենք նաև, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում շարունակելու ենք հանդիպումներ ունենալ ցեմենտ արտադրողների, սպառողների, ներմուծողների հետ, որպեսզի հասկանանք, թե որն է կոնսենսուսային տարբերակը, որը ոչ մեկին շուկայում չի վնասի։ Հնարավոր է՝ պետտուրքի չափը փոխվի և այլն: Բայց այժմ խնդիր ունենք արագ լուծում տալու այս հարցին, քանի որ, եթե արագ չքննարկենք ու ներմուծվող ցեմենտի վրա պետտուրք չսահմանենք, «Արարատցեմենտը» կկանգնի, Երևանի ու Հրազդանի գործարանները՝ նույնպես»,- մեկնաբանեց Սարգսյանը`՝ ավելացնելով, որ, պետտուրք սահմանելով, պաշտպանում են տեղական արտադրողներին։
Դառնալով օրենքի փոփոխության հետ կապված դժգոհություններին՝ նա ասաց, որ դժգոհողները ցանկանում են, որ պետտուրքը տարածվի նաև հումքի վրա։ Բայց եթե պետտուրք կիրառվի նաև հումքի վրա, ապա ՀՀ-ում աշխատող գործարանը կտուժի։
«ՀՀ-ում աշխատող գործարաններից 2-ն իրենց հումքով են աշխատում, իսկ մեկը հումքը ներկրում է։ Այդ դեպքում Երևանի գործարանը կփակվի: Դդրա համար հարցին շատ մանրամասն ենք ցանկանում անդրադառնալ, որ մեր տեղական արտադրողը չտուժի։ Մեզ չի հետաքրքրում, թե ով է սեփականատերը, մեզ հետաքրքրում է, որ շուկայում մնան 3 արտադրողները, որ մրցակցություն լինի, ինչի արդյունքում ցեմենտի գինը կիջնի, որակը կբարձրանա»,- խոսքն ամփոփեց Հայկ Սարգսյանը: