Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ ուզում երևակայել այն տարբերակը, որ սահմանագծման-սահմանազատման գործընթացից հետո ՀՀ կառավարությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախը կդառնա Ադրբեջանի ներքին խնդիրը՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Հովիկ Կասաբյանը, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։
«Եթե այդ սցենարի վրա ենք խոսելու, կարծեմ թե արդեն վերջնական պարտություն է․․․ անշուշտ պետք է դեմն առնենք, դա խոսակցության առարկա՞ է»,-ասաց Հովիկ Կասաբյանը։
Թուրքիայի անկեղծությանը և խաղաղության համար Հայաստանի մեկնած ձեռքը սեղմելուն նա չի հավատում․ Հունաստանի, Կիպրոսի օրինակները շատ խոսուն են։
«Իմ խորհուրդն է, որ չապավինենք դատարկաբանության բովանդակությանը, պարապ խոսքերը չեն տանելու մեզ ինչ-որ տեղ։ Այս պահին պետք է նկատի ունենանք, որ Թուրքիայի ռազմական մեքենան փորձում է սադրել և՛ Էգեյան ծովը, և՛ Հյուսիսային Կիպրոսը, որ բռնագրավված հող է Թուրքիայի կողմից։ Եվ տեսեք, որ հակառակ նրան, որ Եվրամիությանն անդամակցող երկրներ են՝ Թուրքիայի սպառնալիքը առկա է, ուր մնաց Հայաստանը, որը փոքր է և շատ ավելի դժվար աշխարհաքաղաքական խաչմերուկների վրա է գտնվում։ Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան բավական մեծ վտանգ է բոլորիս համար»,-ասաց Հովիկ Կասաբյանը։
Հունաստանի արտգործնախարարը միակն էր, որ 44-օրյա պատերազմի թեժ օրերին այցելեց Հայաստան, բայց չայցելեց Ադրբեջան՝ այս կերպ իր ընդգծված աջակցությունը ցույց տալով հայկական կողմին։ Հովիկ Կասաբյանը համարում է, որ դա նաև Հունաստանում հայ համայնքի դրական ներկայության ազդեցությունն էր, որովհետև այսքան տարի լավ հարաբերություններ են պահպանել Հունաստանի ցանկացած կառավարության հետ։
«Կարծեմ թե չկարողացանք օգտագործել այս բոլորը, որովհետև ամեն ինչ եղավ ու անցավ բավական կարճ ժամանակում»,-ասաց նա
Հունաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը, որ վերաբերում է Արևելքին, շատ, շատ զգույշ է՝ նկատեց Հովիկ Կասաբյանը, մի կողմից գիտեն, որ Թուրքիայի վտանգը առկա է, մյուս կողմից գիտեն, որ հայերն այդ վտանգի հակակշիռը կարող են լինել, բայց իրենք էլ պետք է զգույշ լինեն, որ իրենց արտահայտությունների ու գործողությունների մեջ այնպես չլինի, որ ստեղծեն նախադրյալ, որ սադրանք նկատվի Թուրքիայի կողմից դեպի Կիպրոս կամ դեպի Հունաստան։
«Օրինակ, Հունաստանն այսօր Թուրքիայի հետ ծովային սահման ունի, որի տարածքում բախման վտանգը առկա է ամեն օր։ Այդպես մենք հույն ժողովրդից և հունական կառավարությունից պահանջում ենք միշտ, որ իրենք մեր կողքին լինեն, որովհետև Թուրքիայի վտանգը տեսություն չէ՝ առկայություն է»,-ասաց նա։
Ադրբեջանական դասական համայնք Հունաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի, որ ունենա եկեղեցի, դպրոց, մարզադաշտ և այլն, բայց կապ չունի՝ իրենք աշխատում են այլ միջոցներով՝ ասաց Հովիկ Կասաբյանը։
«Իրենց համայնքը փոքրաթիվ է, բայց իրենց գումարներն են բավական մեծ և տրամադրում են, որպեսզի իրենք էլ կարողանան հունական հասարակության մեջ որոշ հասարակական-քաղաքական թև հրավիրել դեպի իրենց կողմ»,-նշեց նա։
Հայ դատի հանձնախումբը համաշխարհային ցանց ունեցող հայկական կազմակերպություն է, ընդգծեց Հովիկ Կասաբյանը, որն ունի մեկ նպատակ՝ սպասարկել հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի և բոլոր մեր արդար պահանջատիրության սկզբունքները։
«Հայ դատը գործում է ուր որ կա հայկական համայնք, և գործում է այնպես, որ կարողանա օտար հասարակության, օտար կառավարական պատկան մարմիններին շահագրգռել հայկական հարցերի նկատմամբ․ սա է մեր առաքելությունը, և այդ առաքելության ի խնդիր պայքարում և աշխատում ենք ամեն օր»,-ասաց Հովիկ Կասաբյանը։
Հունաստանի հետ Հայաստանի հարաբերությունների պոտենցիալը, նրա գնահատմամբ, միշտ ինչ անենք՝ քիչ է, միշտ ավելին կա անելու։ Հունաստանը բարեկամ երկիր է, նշեց նա, հույն ժողովուրդը շատ հարազատ ժողովուրդ է հայերի համար, դա սկսվում է մեր հին պատմությունից և գալիս, անցնում Օսմանյան կայսրության տխուր վերջին շրջանով, և գալիս հասնում մինչև Կիպրոս, Արցախ և այլ հիմնախնդիրներ, որ շատ նման են իրար։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․