| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից լրագրողները հետաքրքրվեցին սահմանին տիրող վիճակի մասին: Լրագրողները հարցրեցին. «Ինչո՞ւ են առաջնագծում զոհվում 18-19 տարեկան զինվորները, և ինչո՞ւ փորձառու պայմանագրային զինծառայողները չեն կանգնած առաջնագծում»:
«Սահմանին կանգնած են փորձառու անձինք, բոլորն էլ փորձառու են, պատահական մարդ էնտեղ չի կարող կանգնել: Հակառակորդի սադրանքները հիմա փորձում եք վերագրել մե՞զ»,- արձագանքեց Արա Նազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր զոհերի պատկերը փակել է ու չի ասում, իսկ ՀՀ ՊՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ սահմանների պաշտպանունակության ամրապնդման համար:
Հարցին, թե ներկա պահին ի՞նչ վիճակ է տիրում սահմանին, պատասխանեց. «Վերահսկվում է: Լարվածություն, բնականաբար, կա, որը կապված է առաջիկա` ՄԽ միջոցառումների հետ, իսկ Ադրբեջանը փորձում է սադրել»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք լարվածությունը կտանի լայնամասշտաբ պատերազմի, փոխնախարարը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով` պատերազմ չի սկսվի, դա իրենց ձեռնտու չէ»:
Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հայկական կողմը հակադրվել Ադրբեջանի՝ ամենօրյա դիվերսիաների միջոցով ուժերը ջլատելու ռազմավարությանը, Արա Նազարյանը պատասխանեց, որ խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանն ազնիվ է և անում է հնարավորը, որպեսզի կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման գործընթացը պահպանվի:
Մեր հարցին, թե արդյո՞ք սահմանի լարվածության մասին Սեյրան Օհանյանը խոսել է ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժայի հետ, պատասխանեց. «Ես տեղյակ չեմ` ինչ են խոսել»: