կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 22:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեղորայքը 1 տարի է՝ օդակայանում է, կառավարությանը լուր է տրվել և նորից մարդ չի գնացել, որ վերցնի․ Գյուլա Կասաբյան

Տոննաներով դեղորայքը, բժշկական սարքավորումներն ու այլ պարագաներ, որ Հունաստանի Հայ Օգնության Միությունն էր ուղարկել  44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մեկ տարի է՝ Զվարթնոց օդանավակայանի պահեստում է ու չի հասնում վիրավոր ու հաշմված մեր զինվորներին։

Հունաստանի ՀՕՄ երկու կառույցները՝ Հունաստանի Հայ Կապույտ Խաչն ու Մակեդոնիայի և Թրակիայի Հայ Գթության Խաչը բողոքի նամակով իրենց զայրույթն էին հայտնել այս առիթով։

Հունաստանի ՀՕՄ-ի Մակեդոնիայի և Թրակիայի Հայ Գթության Խաչի ատենապետուհի Գյուլա Կասաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ ոչ թե բարկացած է, այլ նեղված է՝ ինքը, իր ամբողջ շրջանը և ընկերուհիները։

«Նոր իմացանք , որ դեղորայքը 1 տարի է՝ դեռ օդակայանում է, այնտեղից կառավարությանը լուր է տրվել և նորից մարդ չի գնացել՝ հետաքրքրվելու և վերցնելու։ Այսինքն, ես չեմ կարող պատճառն իմանալ, չեմ ուզում վատ բան մտածել, ուզում եմ հարգել մարդկանց, բայց չեմ կարողանում՝ այսպիսի պահերին, երբ մեր ժողովուրդն այդ դեղորայքի ու բժշկական պարագաների այդքան մեծ կարիքն ուներ ու այդ օգնությունն այնտեղ գցած մնա»,-ասաց Գյուլա Կասաբյանը։

Մեկ տարվա ընթացքում հնարավոր է շատ բան արդեն փչացած լինի, քանի որ հայտնի էլ չէ, թե ինչ պայմաններում է պահվել դեղորայքը՝ մտահոգ է ատենապետուհին։ Այնինչ հունահայ համայնքը այնքան ջանադրաբար հավաքել էր պատերազմի ընթացքում, անգամ կորոնավիրուսի պայմաններում նախընտրել է տուգանքներ վճարել, միայն թե կարողանա դուրս գալ տնից և պահանջված օժանդակությունը ՀՕՄ հասցնել։

«Ես չեմ ուզում փառաբանել մեր կատարած աշխատանքը, որովհետև, ի վերջո, Սփյուռքի մեջ ապրողներս՝ հայությունս, այնպես չենք տուժում, ինչպես Հայաստանում՝ մեր հայրնիքում ապրողը, բայցևայնպես այնպիսի երկրում, ինչպիսինն է Հունաստանը, որ բարեկամասեր է, ոտքի հանեցինք ոչ միայն մեր մեծ ու փոքր գաղութները, այլև մեր հույն ընկերներին, ձևը գտանք մեկը մյուսին լուր տալու, մեր երիտասարդներին ոտքի հանեցինք և ասացինք՝ պիտի անենք դա, և օրերով աշխատեցին, մինչև այդ տուձերը պատրաստեն»,-ասաց Գյուլա Կասաբյանը։

Հունաստանի կառավարությունից ռազմական երկու օդանավ էին խնդրել ՀՕՄ-ուհիները, որպեսզի օժանդակությունն արագ հասնի վիրավոր հայ զինվորներին, բայց այժմ պարզում են, որ շտապ հասցված այդ բեռը դեռ օդանավակայանից չեն հանել ու տեղ չեն հասցրել։ Հիմա նաև անհարմար վիճակում են հայտնվել Հունաստանի կառավարության առջև։

Օգնության մի մասը՝ տաք հագուստ, խաղալիքներ, ծածկոցներ և այլն, Հայաստան հասնելուն պես տեղի ՀՕՄ կառույցը վերցրեց ու բաշխեց կարիքավորներին, բայց մյուս մասը՝ դեղորայքն ու բժշկական պարագաները Հունաստանի ՀՕՄ-ը որոշել էր Հայաստանի արտգործնախարարության ու արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով բաշխել՝  կառավարությանն էլ կարևորություն տալու ցանկությամբ, բայց հենց այս մասը մնաց Զվարթնոց օդանավակայանում ու չհասավ կարիքավորներին։

«Երբ իմացանք՝ չէինք կարողանում հավատալ, որ դա իրականություն է։ Իհարկե, Հայաստանի դեսպանը կա, բայց նրանից բացի մեծ գաղութ կա Հունաստանում, որը շատ լավ ընդունված և հարգված է հույն ժողովրդի և հունական կառավարության կողմից։ Մենք և մեզանից առաջվա սերունդները շատ մեծ աշխատանքով ենք հասել այս վստահությանը և կուզենանք նույնը շարունակվի»,-նշեց ատենապետուհին։

Պետք է այս հարցը կարգավորվի, ասաց Գյուլա Կասաբյանը, հակառակ դեպքում օդանավակայանի սպասարկությունը ստիպված պիտի լինի դեն նետել այդ ամենը, քանի որ տեղ է գրավում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․