կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 21:22
Հասարակություն

Գերիների վարկաբեկումը «Շուշին դժգույն էր և դժբախտ» դասական սցենարի կիրառումն է

Գերիների վարկաբեկումը «Շուշին դժգույն էր և դժբախտ» դասական սցենարի կիրառումն է

Օրեր առաջ համացանցում աղմուկ հանած տեսանյութի, ՌԴ ԱԳՆ-ի նախազգուշացման, քաղաքական հետապնդումների և այլի մասին Yerkir.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հետ։

-Օրեր առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ասում էր, որ գերիներն իր համար ուղղակի չկան, գոյություն չունեն, վերջիններս դասալիք են։ Սա Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշու՞մն է, թե՞  ՔՊ կուսակցության փաստացի դիրքորոշումը։

- Իմ կարծիքով սա հայտնի հոգեբանական տեսության` Օվերտոնի պատուհանի դասական կիրառումն է. շաբաթներ առաջ Ն. Փաշինյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ հայտարարեց մի միտք` կապված գերիների հետ, կապված նրանց նկատմամբ քրեական հետապնդման, գերեվարման դեպքերի քննության և այլի հետ։ Սա կարող ենք դիտարկել որպես Օվերտոնի պատուհանի բացում։ Մի քանի օր առաջ տարածված տեսանյութում Ալեն Սիմոնյանն արդեն ավելի կոշտ լեզվամտածողությամբ, վիկտորիկայով խոսում էր նույն թեմայի շուրջ։ Դրան հաջորդեց երեկ գերեվարված անձանցից (արդեն իսկ վերադարձած)  մեկի ցուցմունքի հրապարակումը։ Տրամաբանությունը հետևյալն է. Ն. Փաշինյանի թիմն իր ապիկարությամբ չի կարողանում լուծել մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի խնդիրը։ Ուստի, նրանք գնացել են հակահայկական,  դավաճանական ճանապարհով (քանի որ չեն կարողանում լուծել խնդիրը) և ասում են՝ եկեք վարկաբեկենք իրենց ու վերացնենք խնդիրը, հայտարարենք, որ առկա է խնդիր իրենց գերեվարման հետ կապված։ Սա «Շուշին դժգույն էր և դժբախտ» դասական սցենարի կիրառումն է, երբ քո ապիկարության պատճառով առաջացած խնդիրը լուծելու փոխարեն` փորձում ես քողարկել խնդրի գոյությունը։ Տրամաբանությունն այս է, և, բնականաբար, պարտադիր պետք է քննվեն բոլոր գերեվարման դեպքերը, բայց պետությունը պարտավոր է իր քաղաքացիներին վերադարձնել հայրենիք, հետո քննել։ Այսինքն՝ կասկածները գերեվարման հանգամանքների և այլի վերաբերյալ,  բացարձակ չեն ազատում պետությանը որպես ինսիտուտի։

-ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ղարաբաղի հանձնումը հնարավոր էր մի քանի տարբերակով` ներառյալ «Լավրովի պլանը»։ Այս հայտարարությամբ, կարծես թե, ՌԴ համբերության բաժակը լցվեց: Եվ պատճառը, անկասկած, միայն մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարությունները չեն՝ ուղղված հակառուսական տրամադրությունների խորացմանը: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը կարո՞ղ ենք համարել  նախազգուշացում, որ կարող են հրապարակվել փաստեր, որոնք Հայաստանի հանրության դեռ միամիտ հաստվածի «աչքերն էլ կբացեն»:

- Այդ փաստերը արդեն հրապարակված են։ Ն. Փաշինյանն իր հոդվածում անհեթեթ պնդումներ է անում, որոնք հերքում է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, անհեթեթ հայտարարություններ են արվում կարգավիճակի հետ կապված, որոնք հերքում են և՛ Պոպովը, և՛ Զախարովան։ Սա նորություն չէ, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թ. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն աղմուկ էին բարձրացնում, որ սեղանին դրված է փուլային բանակցային տարբերակ, Ն. Փաշինյանը դա հերքում էր: Կապանի իր ասուլիսում ինքը ասաց, որ որևէ տարբերակ չկա, այնինչ՝ երկու օր առաջ ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Ա. Եղոյանը հստակ հայտարարեց, որ իհարկե բանակցային սեղանին փաստաթուղթ կար, որը ուներ փուլային տրամաբանություն։

-Պարո՛ն Մամիջանյան, գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումներ իրականացնել մի շարք հասարակական գործիչերի հանդեպ։ Ձեր կարծիքով, ինչու՞  են  նման վարքագիծ որդեգրել իշխանությունները, և  ու՞ր կտանի մեզ այս ամենը։

- Այդ գործընթացը իրենք անում են 2018 թ.` իշխանություն գալուց ի վեր։  Ընդդիմադիր շատ ու շատ գործիչների հանդեպ շարունակվել, շարունակվում և, ըստ ամենայնի, շարունակվելու են քաղաքաքրեական գործերի կարումը և հրապարակայնացնումը. վառ օրինակ է նախագահ Սարգսյանի դեմ մեկ, իսկ արդեն երեք աբսուրդային գործերի հիշատակումը։ Փաստացի Հանրապետական շատ ու շատ գործիչների նկատմամբ նմանօրինակ արշավ կա, և խոսքը միայն Հանրապետականի մասին չէ, եթե տեղյակ եք, ընդդիմադիր պատգամավորների զգալի հատվածը, ես ինքս, չունենք երկրից բացակայելու իրավունք, և այսպես շարունակ։ Բայց կոնկրետ մեր մասով կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի  հիմնադրած քաղաքական ուժի (խոսեմ մարդկանցից, ովքեր Սովետական ՊԱԿ-ի մամլիչից չեն վախեցել, և այն ժամանակ վարել են ազատագրական պայքար) հետնորդներին վախեցնել քրեական գործերով, այն էլ` սրանց անտաղանդ կարված քրեական գործերով, պարզապես ծիծաղելի է։

-Ն. Փաշինյանը  հայտարարում էր, որ ադրբեջանական  ոտնձգությունների խնդիրն իրենք պետք է բարձրացնեն այս կամ այն ֆորմատում։ Այսինքն՝ Հայաստանն իր անվտանգությունը կրկին կապում է միջազգային տարատեսակ ֆորմատների գթասրտության հետ։ Որքանո՞վ է ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն իրատեսական, որքանո՞վ միջազգային կամ դաշնակից երկրները, իշխանությունների պատկերացմամբ,  կշարժվեն հայանպաստ քաղաքականությամբ։

- Բնականաբար, միջազգային հանրությունը որոշակի չափով անվտանգության համակարգի մի մաս է կազմում, իսկ դիվանագիտությունը անվտանգային համակարգի անքակտելի մասն է։ Բայց սրանց իշխանություն գալու առաջին տարում  փչացան հարաբերությունները մեր երկրի կարևորագույն անվտանգային հովանոցի` ՀԱՊԿ-ի հետ։ Հետագայում դիվանագիտությունն իրականացնում էր այնպիսի ապիկարությամբ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք այդպես էլ չստացանք հասցեական և ծանրակշիռ հայտարարություն միջազգային որևէ կառույցից կամ բարեկամ երկրից, կապված գոնե ուժի չկիրառման սկզբունքի հետ, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է և Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը։ Որևէ խորհրդարանից հնչեղ բանաձև 2016 թ. ադրբեջանական ագրեսիայի հետ կապված չհաջողվեց կորզել։ Ուստի իրենք միջազգային մակարդակում ոչինչ չեն անում կամ անում են շատ վատ` ակնկալելով դրական ազդակներ, պատասխաններ միջազգային հանրությունից, որը տրամաբանությունից զուրկ է։

- Իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի դրոշի փոխարեն` Արցախում սկսվեց ծածանվել ռուսական դրոշը. ռուսական դրոշի առկայությունը շատ բան փոխեց Արցախում: Արդյո՞ք այս քաղաքականությամբ շարժվելու դեպքում նույն սցենարը չի կրկնվի Հայաստանում։

- Այս հարցը երեք-չորս հարց է իր մեջ պարունակում։ Ես կպատասխանեմ այսպես՝  այս իշխանությունների ամեն օրը, ամեն ժամ իշխանության մնալը` վտանգ է, սպառնալիք, որոշ դեպքերում նույնիսկ աղետ Հայաստանի և Արցախի համար։

 

                                                                         Լենա Կարապետյան