Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պետք է վերարժեւորենք, թե ինչպես ենք օգտագործել վերջին 2,5 տարին, բայց նաեւ պետք է վերարժեւորենք, թե ինչպես ենք օգտագործել վերջին 30 տարին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա որ այսքան այդ տարածքների մասին խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել: Իսկ 30 տարվա ընթացքում զինված ուժերում աշխատավարձերն ինչքա՞ն են եղել: Մենք այդ օրակարգը ֆիքսել ենք, ասել ենք՝ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ համեմատում ենք բանակի հեղինակությունն ու բանակում ծառայության հեղինակությունը, բա ո՞նց է եղել, որ ով հնարավորություն ունեցել, բանակից խուսափել է: Բա դա հետեւանք չէ՞ր ունենալու:
Ես ավելի սուր բան ասեմ, հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ. մենք պետք է վերանայենք հայրենասիրության մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ՝ փողը տամ, բանակից ազատվեմ, ոտքի վրա խմեմ մեր բանակի ու մեր նահատակների կենացը՝ իմանալով, որ թոռս էլ է ազատվելու: Բա որ 5 հազարը վերցնում, գնում քվեարկում էինք, որ հարկերը չէինք վճարում, բա որ գողացված հարկերի հաշվին խոշոր օբյեկտները գազի ու լույսի փող չեն տալիս, բայց բարեգործություն են անում:
30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես եմ ամեն ինչի պատասխանատուն: Միակ պատասխանատուն ես եմ, կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ եւ ինչ դատավճիռ կկայացնի ժողովուրդը, ես անմռունչ կընդունեմ:
Բայց ես հարցեր եմ բարձրացնում. Բա որ 30 տարի պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց, ու բոլորս դա իմացել ենք, բա դրա մասին պատասխան չունե՞նք տալու: Այո, հանրությունն ինձնից պատասխան պահանջելու իրավունք ունի, բայց ես էլ պատասխան պահանջելու իրավունք ունեմ շատերից, այդ թվում՝ 2,5 տարվա ընթացքի վերաբերյալ: Մենք մսխել ենք մեր 30 տարին: Կարող է 2,5 տարին էլ ենք մսխել, բայց դա 10 տոկոսից էլ քիչ է»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ Շուշիի կորստին՝ նշելով. «Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում:
Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք՝ ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե, ուղտին նստած, կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովո՛ւրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց Փաշինյանը:
Աղբյուրը՝ News.am