Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է, որ զենքի գնման, զարգացման պլանը չեն փոխել, պարզվում է՝ մեր կազմած պլանը առկա է, ինձ թվում էր՝ պետք է դա փոխեին, քանի որ նոր ղեկավարություն է եկել: Այս մասին 24 news.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Պլանը հին պլան է, եթե ես լինեի, կփոխեի, դա վատ է, որ փոփոխություն չի կատարվել և ավելի վատ է, որ այն պլանը, որը կար, չի կատարվել»,-ասաց նա և նշեց, որ պատերազմում շատ կարևոր է զորքի պատրաստվածությունը, մարտավարությունը:
Նա նշեց, որ կարծում է, որ պատերազմում մենք կորցրել ենք կառավարումը, և դեռ պետք է պարզել, թե զուգահեռ ղեկավարման ինչ օղակներ են եղել, ինչի մասին բոլորը ոգևորված պատմում են` չհասկանալով, որ դա վտանգավոր է: «Ով էր Սամվել Բաբայանը, որ ինձ խնդիր էր առաջադրում, ղեկավարման օղակի ո՞ր էլեմենտն է նա: Ինձ կարող է պաշտպանության նախարարը, վարչապետը առաջադրել, բայց ոչ Բաբայանը»,- ասաց նա:
Մովսես Հակոբյանը նշեց, որ հրամանատարության կազմում դասալքության մեկ-երկու դեպք գիտի, որը որոշիչ չպետք է լինի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, Մովսես Հակոբյանն ասաց. «Եթե պատասխանատուն ես եմ և իմ ղեկավարած կառույցը տարել եմ ավելի ցավալի պարտության, ապա նաև մեղավորն եմ ես: Հրամանատարն է պատասխանատվություն կրում տրված հրամանի կատարման համար, եթե երկրում հայտարարել ես պատերազմական դրություն, օրենքը պահանջում է, որ միայն Դուք եք պատասխանատու այդ հրամանի չկատարման համար: Այսինքն` պատերազմում պարտվելու համար պատասխանատու է միայն ու միայն այն անձը, որը հայտարարել է պատերազմական դրություն»,-ասաց նա:
Մովսես Հակոբյանը նշեց, որ այս պատերազմում գնացինք հակառակորդի կայացրած որոշումներին դիմակայելու ճանապարհով, և մեր որոշումները չկային, լուրջ վերախմբավորումներ տեղի չունեցան, դրանք տեղի ունեցան բավականին անկազմակերպ, որը բերեց նաև կառավարման համակարգի կորստին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Շուշիի վերաբերյալ հայտարարությանը, Մովսես Հակոբյանն ասաց, որ դրան կանդրադառնա զինվորականի տեսակետից: «Զինվորականը իր մեջ մտահղացում է ձևավորում մինչև որոշումը կայացնելը, եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, ոչ ծաղկուն քաղաք, եթե եղել է, որ Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել: Իսկ ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է եղել Շուշին և պլանավորել էի, որ թոշակի անցնելուց հետո այնտեղ ապրեմ»,-ասաց նա:
Մանրամասները`տեսանյութում: