կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 21:12
Հասարակություն

Ինչու՞ Վլ. Կարապետյանը չի ցանկանում, որ բացահայտվեն իր, Ն. Փաշինյանի, Ալ. Լապշինի և Ն. Հոխիկյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի մանրամասները. դատական նիստն անհարկի հետաձգվել է

Ինչու՞ Վլ. Կարապետյանը չի ցանկանում, որ բացահայտվեն իր, Ն. Փաշինյանի, Ալ. Լապշինի և Ն. Հոխիկյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի մանրամասները. դատական նիստն անհարկի հետաձգվել է
Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի հերթական դատական նիստն այսօր ևս հետաձգվեց հայցվոր կողմի անհասկանալի պատճառաբանություններով։
 
Իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը տեսանկարահանելու և ԶԼՄ-ներով հեռարձակելու համար։ Վլադիմիր Կարապետյանի կողմը դեմ չլինելով հանդերձ կողմ էլ չէր, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդվարդ Հովհաննիսյանը փաստացի կատարեց հայցվոր կողմի կամայական ցանկությունը՝ անտեսելով բաց դատական նիստը հանրությանը հասանելի դարձնելու մեր պահանջը։
 
Մենք հստակ արձանագրել էինք, որ Վլադիմիր Կարապետյանի շահերի պաշտպանը հայցը ներկայացրել է առանց համապատասխան պատշաճ փաստաթղթերի, մինչդեռ դատարանն ընդունել է հայցը՝ աչք փակելով մի շարք օրինախախտումների վրա։ Իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանը միջնորդություն ներկայացրեց գործը կարճելու համար՝ հաշվի առնելով Վլադիմիր Կարապետյանի կողմից թույլ տրված դատավարական բազմաթիվ խախտումներ։
 
Դատավորը խոստացավ միջնորդությունը քննել հաջորդ դատական նիստի ժամանակ՝ 2022-ի հունվարի 21-ին։
 
Հերթական անգամ Վլադիմիր Կարապետյանի թիմը տարբեր պատճառաբանություններով փորձում է ձգձգել դատը, այնինչ որպես հայցվոր կողմ, հենց նրանց պետք է ձեռնտու լիներ արագ ավարտել այս վեճը։
 
Նախորդ նիստի ժամանակ մենք ներկայացրել էինք մի առարկություն և փաստերի մի փաթեթ, որն առնվազն անակնկալի էր բերել Վլադիմիր Կարապետյանի թիմին։ Այս դատական նիստի ժամանակ հակառակ կողմը ամեն կերպ խուսափեց այդ թեման քննարկելուց՝ ձգտելով նոր հետաձգումների։
 
Ինչո՞ւ Ուկրաիննայում ՀՀ դեսպանը չի ցանկանում, որ ամբողջությամբ բացահայտվեն Վլադիմիր Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Լապշինի և Նաիրի Հոխիկյանի մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի մանրամասները։ Ինչո՞ւ էր Կարապետյանը 2021-ի մարտ ամսին մարդ ուղարկել Լապշինի հետ հանդիպելու։
 
Գուցե դրա բացահայտումի՞ց են վախենում հայց ներկայացրած ու իրենց մեծ գլխացավանքի մեջ ներքաշած մարդիկ։ Գուցե չգիտեի՞ն, որ իրենց բոլոր քայլերը ինձ համար հասանելի են դառնում։
 
Հույս ունեմ, որ դատավորը իրապես արդար դատաքննություն կիրականացնի՝ հավատարիմ լինելով իր երդմանը։
 
Գնալու եմ մինչև վերջ և բացելու եմ բոլորի դիմակները, գործած արարքները դարձնելու եմ հանրությանը հասանելի։ Հատ-հատ պատասխան են տալու հայ ազգի առաջ։
 
Նաիրի Հոխիկյան
 
Մեդիա փորձագետ
 
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):