կարևոր
862 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-18 23:09
Աշխարհ

Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլը հրապարակել է զրույցի մանրամասները

Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլը հրապարակել է զրույցի մանրամասները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը, նաև ընդգծել է ամերիկացի գործընկերների հետ համատեղ կարգավորման հնարավոր ուղիների մանրակրկիտ մշակման պատրաստակամության մասին։ Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հրապարակել 2 նախագահների գրեթե 2 ժամ տևած հեռախոսազրույցի մասին։

Կրեմլը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին ռազմական գործողությունների դադարեցման և մարդկային կորուստների նպատակին հասնելու ձգտման համար:

Նա հայտարարել է, որ կարգավորումը պետք է լինի համալիր, կայուն և երկարաժամկետ: ՌԴ առաջնորդն ընդգծել է նաև ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անվերապահ անհրաժեշտությունը, անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը։

«30-օրյա զինադադար սահմանելու` ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմից նշվել են մի շարք էական կետեր, որոնք վերաբերում են մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի նկատմամբ գործուն վերահսկողության ապահովմանը, Ուկրաինայում հարկադիր զորահավաքի և Ուկրաինայի զինված ուժերի վերազինման դադարեցման անհրաժեշտությանը»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

 

Պուտինն իր խոսքում մտահոգություն է հայտնել՝ կապված Կիևի ոչ այնքան հավասարակշիռ պահվածքի հետ, որն արդեն բազմիցս սադրանքների է դիմել և խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նախագահն անդրադարձել է Կուրսկի շրջանի քաղաքացիական բնակչության դեմ ուկրաինացի զինյալների կողմից իրականացված ահաբեկչական բնույթի հանցագործություններին։

Ընդգծվել է, որ հակամարտության նոր սրում թույլ չտալու և այն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը:

Արձագանքելով ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուրսկում շրջապատված ուկրաինացի զինծառայողների կյանքը պահպանելու վերջին ուղերձին՝ Վլադիմիր Պուտինը հաստատել է՝ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել մարդասիրական նկատառումներով և գերի վերցնելու դեպքում Ուկրաինայի ԶՈւ–ի զինվորների համար երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ ռուսական օրենքների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:

Զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն առաջարկել է կողմերին 30 օրով դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելը։ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հանձնարարական է տվել ՌԴ զինվորականներին։

Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է գերիների թեմային՝ Թրամփին տեղեկացնելով, որ մարտի 19-ին կողմերի միջև գերիների փոխանակում կիրականացվի՝ 175-ը 175–ի դիմաց սկզբունքով:

Բացի այդ, որպես բարի կամքի դրսևորում` կփոխանցվեն ծանր վիրավոր23 ուկրաինացի զինծառայողներ, որոնք բուժում են ստանում ռուսական բուժհաստատություններում։

Գործընթացի կարգավորմանը հասնելու համար որոշում է կայացվել ստեղծել ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր։