կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-03 14:50
Քաղաքական

Տեղի կունենա «Վլ. Կարապետյանն ընդդեմ Ն. Հոխիկյանի» դատական վեճի հերթական նիստը

Տեղի կունենա «Վլ.  Կարապետյանն ընդդեմ Ն. Հոխիկյանի» դատական վեճի հերթական նիստը
Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի դատական վեճը շարունակվում է, կենացները քաղցրանալու են․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
 
«Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում (Էջմիածին) այսօր, ժամը 17։00-ին տեղի կունենա Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ իմ դատական վեճի հերթական նիստը։
 
Սա 2019-ի մայիսին Լապշինի, Փաշինյանի, Կարապետյանի և իմ զրույցի շարունակությունն է, երբ խոսվել էր Արցախում պատերազմ կազմակերպելու և հազարավոր զոհեր տալու մասին։ Ես խոստացել էի, որ ձեռքիս տակ ունեցած այլ փաստեր ևս կհրապարակեմ։ Դրանք դեռևս հուլիսին ներկայացրել եմ ՀՀ ԱԱԾ-ին, իսկ հոկտեմբերին՝ դատարանին։
 
Այսօր դատարանում իմ շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լուսինե Վիրաբյանը կհրապարակի ինչպես բազմաթիվ փաստեր, այնպես էլ դեսպան Վլադիմիր Կարապետյանի կողմից մի շարք օրինախախտումներ»,- գրում է նա։ 
 
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորված լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: Նշված փաստերի հրապարակման ընթացքում ներկայացրել էր նաև հրեա բլոգեր Ալ. Լապշինի և Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ կարևոր խոսակցություն, ինչին արձագանքել էր Ալ. Լապշինը՝ մասամբ ժխտելով Ն. Հոխիկյանին: Ի պատասխան Լապշինի՝ Հոխիկյանն առաջարկել է հրապարակել իրենց միջև եղած խոսակցությունները։Հուլիսի 17-ին Նաիրի Հոխիկյանը վերստին դիմել էր հրեա բլոգերին՝ վերահաստատելով իր առաջարկը։ Հուլիսի 18-ին Ն. Հոխիկյանի iammedia.am հարթակում հրապարակել էր համապատասխան ռեպորտաժ՝ ներկայացնելով ևս մեկ կարևոր ապացույց Ալ. Լապշինի և Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած և մեծ դավաճանության մասին փաստող զրույցի մասին։ Հուլիսի 19-ին Նաիրի Հոխիկյանը ևս մի քանի հիմնարար փաստեր է հրապարակել հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի և իր խոսակցություններից, որոնք նոր լույս են սփռում այս օրերին հանրայնացված և մեծ աղմուկ բարձրացրած փաստերի վրա։Ես այսօր ստիպված եմ նույն Լապշինին ասել, որ ինքը շարքային սրիկա է, և մենք՝ հայերս, սկսած ինձնից, շատ մեծ սխալ ենք արել, որ այդ շարքային սրիկային ուղղակի վստահել ենք, հավատացել ենք և որևէ կերպ նրան օգնել ենք. հուլիսի 22-ին ուղիղ եթերում հայտարարել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ վերջին բացահայտումներին ցուցաբերած ոչ անաչառ վարքագծին:Նաիրի Հոխիկյանն արձագանքել էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ հանրայնացրած փաստերի առիթով իրեն ուղղված հարցադրումներին:

Նաիրի Հոխիկյանը  ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում հուլիսի 29-ին առգրավել են իր հեռախոսը: «Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։ Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»,– սոցցանցի իր էջում գրել էր նա։

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական հիմքերով են ԱԱԾ քննիչներն առանց դատարանի որոշման առկայության առգրավում լրագրողի անձնական գույքը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է հայցվող տեղեկատվության տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի   8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները):