«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Արթուր Եղիազարյանի գնահատմամբ՝ այսօր Թուրքիան է երևում՝ որպես պանթուրքիզմի քաղաքականություն իրականացնող, բայց իրականում դրա հետևում կանգնած է Արևմուտքը. «Այսօր պանթուրքիզմն ավելի շատ Արևմուտքի գործիքն է: Էրդողանի՝ հոխորտալով խոսելը, իր հռետորաբանությունը, չեմ կարծում, թե միայն իր անձնական ցանկությունն է: Այո, Արևմուտքը նաև Էրդողանի միջոցով գտել է այդ կերպարը, որով իր քաղաքականությունն է փորձում իրականացնել, որն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ: Եթե այս ամենում տարբեր երկրների շահեր կան, ապա Հայաստանն այստեղ որևէ շահ չունի, մենք դադարում ենք այս պայմաններում սուբյեկտ լինելուց, մենք վերածվել ենք օբյեկտի, և մեր վրայով ուրիշները փորձում են իրենց խնդիրները լուծել»:
Նա նշեց, որ Արևմուտքի ամբողջ քաղաքականությունն ուղղված է այս տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն. «Ռուսաստանն արդեն երեք դարից ավելի է՝ այս տարածքում է, 1700-ականներից իր արևելյան քաղաքականությամբ դեպի Պարսից ծոց ձգտելով, և փաստորեն այսօր գնում է մի պրոցես, երբ նրան փորձում են այստեղից դուրս մղել: Սյունիքի տարածքով անցնող ճանապարհը նաև դրան է նպաստելու: Դեռ դնենք մի կողմ, որ մենք պետականության խնդիր ենք ունենալու, բայց մեր տարածքով Միջին Ասիա դուրս գալով՝ խնդիր է լինելու Ռուսաստանի հարավի համար: Չի բացառվում, որ Ռուսաստանը նույն Բյուզանդիայի ճակատագրին արժանանա, երբ չկարողանալով այս պատնեշը պահել, կամ ճիշտ չգնահատելով, որոշ հարցերում զիջելով՝ հետագայում ավելի մեծ կորուստներ ունենա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում