կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-06 12:10
Հասարակություն

Բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի. վարչապետ

Բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի: Կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ բացարձակապես կապ չունի նման կոչեր հնչեցնող անձինք հանդես են գալիս որպես իշխանության համակիր, թե ընդդիմադիր:

«Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են Հայաստանում իրականացնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ այս առումով տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Եվ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին: Սկսած այն երևույթից, որ, օրինակ, Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներ վարել մայթերով, և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, երկրում չկա իրավակարգ կամ երկրում իրավակարգը թույլ է: Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ միայն որպես երթևեկության խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կանոնների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հանրության նկատմամբ, օրինականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլ նաև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը:  Նման պահվածքով զբաղվող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,- մանրամասնեց նա:

Նա հավելեց, որ առավոտյան այս թեմայով զրույց է ունեցել ոստիկանության պետի հետ: «Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, այդ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել, հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և կկատարվի: