Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018-ի մայիսի 8-ից սկսած հարվածի տակ են հայտնվել պետական ինստիտուտները, Արցախը, Հայաստանը։ Հարձակման են ենթարկվում քիչ թե շատ կայացած ինստիտուտները։
Իշխանությունների անսահմանափակ սանձարձակություններին սկզբնական փուլում դիմակայեց լրատվական դաշտը։ Սա այն քիչ կայացած ոլորտներից է, որի դեմ արշավը սկսել է նույն 2018-ից ու շարունակվում է մինչև օրս։
2018-ի հայտնի գործընթացներից հետո քաղաքական դաշտը ոչնչացվել էր։ Մենք ստացել էինք մեկ դերասանի թատրոն հիշեցնող քաղաքական-պետական համակարգ, որը գրեթե չուներ քաղաքական ընդդիմախոսներ, ինչը դեպի բռապետություն ու ամբոխավարություն տանող ուղիղ ճանապարհն է։ Մամուլը դարձավ 2018-ից ձևավորված իշխանությունների ընդդիմախոսը և հանրային վերահսկողություն իրականացնող մարմինը։ Մամուլը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ։ Իրապես ազատ մամուլը հավասարակշռեց քաղաքական կյանքը և ընդդիմացավ պոպուլիզմին, հանրային փսիխոզին։ Մամուլը նաև այլընտրանքային կարծիք ձևավորելու ու այդ կարծիքը տեղ հասցնելու ֆունկցիա կատարեց, որպեսզի ժողովրդավարության վերջին փշրանքները չխժռի «թավշյա» կոչված հեղափոխությունը։
Ազատ խոսքը 2018-ի գարնանից սկսած նոր մարտահրավերների առաջ կանգնեց։ Լրատվամիջոցի խոսքի իրավունքը վտանգվեց՝ սկզբում ամբոխի հարձակման ուժով, ապա նոր իշխանավորների գործողություններով, որոնք շարունակվում են մինչև հիմա։
Օրենսդրական այս նախաձեռնությամբ շատ ուշագրավ թեմա է շոշափվում։ Խոսքը, այսպես կոչված, չնույնականացված աղբյուրի մասին է։ Սա շատ խորհրդանշական նախաձեռնություն է, քանզի այն ներկայացվում է մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունքն էր չնույնականացվող աղբյուրներին՝ օդում կախված լուրերին, իրենց անանուն աղբյուրներին հղում անելով՝ բամբասանք ու կեղծ լուրեր տարածելը։
Նախաձեռնության տողատակում այլ բաներ էլ են երևում։ Սա իշխանություններին ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է։
«Մամուլն ազատ է, ավելի քան երբևէ» կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ կառավարության ազդեցությունից դուրս մամուլի։
Մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել և անում են մեդիադաշտի դեմ՝ հարձակումներ գործելով ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում։
Պատերազմն այսպիսի ողբերգական արդյունքներ գրանցեց նաև արծրունական ստի ու կեղծիքի քարոզի միջոցով։ Հանրությանը մոլորեցնում էին, թե իբր հաղթում ենք ու արդեն Գետաշենն ենք ազատագրել, իսկ ճշմարտությունն ասողների բերանը փորձում էին փակել՝ կառավարության հակասահմանադրական որոշման հիման վրա աստղաբաշխական տուգանքներ կիրառելով։
Այդ տուգանվածներից մեկն էլ ես եմ, այն էլ՝ երկու անգամ։
Սա է կեղծ լոզունգներով իշխանության եկածների իրական դեմքը՝ կեղծել բոլոր ոլորտներում, ապականել եղածը, հարձակվել կայացած ոլորտների վրա, փորձել հաստատել բռնապետական ռեժիմ։ Այլ հարց է, կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ։ Դա արդեն յուրաքանչյուրիցս է կախված։ Մեր գիտակցված ու քաղաքացիական ընտրությունից։
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ պատգամավոր