Ինչ է լինում, երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն
Ուկրաինայի օրինակը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի են արժանանում ժողովուրդն ու պետությունը, երբ իշխանության են գալիս պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք մարդիկ։
Փողոցից իշխանական ղեկին հայտնվածը պատուհաս է դառնում այն ժողովրդի գլխին, որին պատմական պատահականությունն ու թյուրիմացությունը խոստացել էր ծառայել։
Ուկրաինայում տեղի ունեցողը հերթական դասը պետք է լինի բոլորի համար։ Ժողովուրդներն ու պետությունները եթե չեն կարողանում սեփական սխալներից հետևություններ անել ու դասեր քաղել, ապա գոնե դա պետք է անեն ուրիշի սխալները տեսնելուց հետո։ Ցավոք, շատ հաճախ ժողովորրդներն ու պետությունները չեն սովորում ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշի սխալների վրա։ Հետևանքներն այս դեպքում ողբերգական են լինում ու անդառնալի։
Երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն, այլ արդյունք, քան պատերազմը, ավերածությունները, մարդկային հսկայական կորուստները, նվաստացումը հնարավոր չէ սպասել։
Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից։ Վերջինս հիմա կրկին վայելում է պոպուլիզմի, անգրագիտության ու անհեռատեսության դառը պտուղները։
Երբ սեփական երկիրդ դնում ես աշխարահաքաղաքական խաղերի զոհասեղանին, երբ համաձայնում ես մանրադրամ դառնալ խոշորների բախման ժամանակ, երբ պետության ներքին խնդիրների լուծումը կապում ես արտաքին կողմնորոշման քաղաքականության հետ, հայտնվում ես նոկդաուն վիճակում, իսկ վերջնարդյունքում՝ ենթարկվում նոկաուտի։
Ժողովուրդները տուժում են սեփական քաղաքական վերնախավերի խելքից, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից։
Պոպուլիզմը, տգիտությունը, ամբոխավարությունը քաղաքական մեղքեր են։ Նման մեղքեր ունեցող մարդկանց չի՛ կարելի իշխանություն տալ, իսկ եթե արդեն մեկ անգամ սխալվել ես, ապա չի՛ կարելի հանդուրժել պարտություն բերող պոպուլիստների գոյությունը պետական կառավարման համակարգում։
Մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած պատահական մարդկանց վստահելով։ Ու որպեսզի վերջնահաշիվը պետության կորուստը չլինի, մենք պետք է ապաշխարենք։ Ապաշխարենք՝ քաղաքական մեղավորներից ձերբազատվելով։