կարևոր
4687 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-16 13:24
Հասարակություն

1990 թ. Բաքվի ջարդեր. ամեն ինչ նույնն է, միայն ՀՀ իշխանություններն են թրքասեր դարձել

1990 թ. Բաքվի ջարդեր. ամեն ինչ նույնն է, միայն ՀՀ իշխանություններն են թրքասեր դարձել

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է...«Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշներին»: Տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:

Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը: Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Այնուհետև հայտնվել են ԱԺՃ -ի ներկայացուցիչները (հաճախ բնակարանի համար այսպես կոչված ՙօրենքներով ձևակերպված՝ փաստաթղթերով) «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ: Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը: Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել և հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան: Նույնը կատարել են նաև օդանավակայանում: Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապօգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների):

Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ Զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Ն. Լեբեդը: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են:

Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի. ջարդերի մասին գրել են վրդովմունքով: ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրերում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:  Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:

1990-ի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փակ նիստ Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման  ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջադերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում: Փոխադարձ համաձայնությամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության: