Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի գնդակոծությունից փրկված գորգերի մեջ Երևան են հասել նաև գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի հավաքածուի 50 գեղանկարները։ Դրանցից 2-ը՝ ռուս ավանգարդիստ նկարչուհի Լյուբով Պոպովայի գործերը, այժմ ցուցադրված են Երևանի ռուսական արվեստի թանգարանում։
Դրանք 1920 և 1921 թվականների նկարներ են․ մեկը կուբիստական ստեղծագործություն է՝ մարդկային կերպարով կոմպոզիցիա, մյուսը՝ միմյանց վերածածկող երկրաչափական ձևերով ստեղծագործություն է։
1921 թ-ի կուբոֆուտուրիստական աշխատանքում պատկերված մարդը՝ դրոշով հեղափոխականը, Վարդան Ասծատչյանի համոզմամբ, Իոսիֆ Ստալինն է․ չափազանց շատ են նմանությունները՝ մի աչքը կկոցած, գլխարկով, ծնոտի տակը՝ կարմիր, ինչպես հարբեցողներինը։
«Այդ ժամանակ Ռուսաստանում հեղափոխությունը նոր էր եղել, բոլորն իրենց հույսերը կապում էին դրա հետ և հույս ունեին, որ այդ հեղափոխությունը կբերի ճշմարտության վերականգնման, ինչպես բոլոր հեղափոխությունները աշխարհում։ Վերջում մի քիչ ավելի ուրիշ բան է ստացվում, բայց, ամեն դեպքում, քանի որ «ֆուտուրիզմ» խոսքը «ապագա» բառից է, Լյուբով Պոպվան ապագան է պատկերել»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վարդան Ասծատրյանը։
Լյուբով Պոպովայի ստեղծագործությունը, սակայն, հանճարների աշխատանքներին բնորոշ ասելիքի հագեցածություն ունի՝ յուրաքանչյուր դետալը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։
Ստալինի ձեռքի դրոշի փողփողացող հատվածը, հավանաբար, թերթ է, քանի որ վրան ռուսերեն գրված է «Թերթ» բառի առաջին մի քանի տառը։
Դրոշը, սակայն, կուբիստական լուծումներով շատ հիշեցնում է նաև կացին․ թերթով կացինը կարող է խորհրդանշել քարոզչությամբ ուղեկցվող սպանդ։ Ի դեպ, Ստալինի ձեռքի կացինը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքի մուրճը քարոզարշավի ժամանակ։
«Հիմա նկարչուհու մեջ ի՞նչ է կատարվել այդ պահին և կացինի՞ նման է, թե՞ չէ՝ մեկնաբանության հարց է․ լավ աշխատանքների հզորությւոնը հենց դրա մեջ է, որ ամեն մարդ տարբեր բաներ է տեսնում, եթե բոլորը նույն բանը տեսնեն նման աշխատանքները կենդանի չեն լինի»,-նկատեց Վարդան Ասծատրյանը։
Այս ստեղծագործությունը նաև հանճարեղ է նրանով, որ 100 տարի անց էլ ասելիք ունի․ Վարդան Ասծատրյանը նշեց, որ 100 տարի առաջ Ռուսաստանում ժողովորդի վիճակը շատ նման էր մեր ժողովրդի այսօրվա վիճակին, քանի որ 100 տարի անց մենք այսօր գտնվում ենք մի վիճակում, որ հեղափոխությունը շատերի մոտ ապագայի մեծ հույս է առաջացրել, շատերի մոտ էլ՝ անորոշություն։
Նկարի վերին հատվածում «4» թիվն է․ Վարդան Ասծատրյանը ենթադրում է, որ դա թերթի համարն է։ Բայց նաև չի բացառում, որ Լյուբով Պոպովան «4»-ը պատկերած լինի իբրև մահվան խորհրդանիշ։
«Էզոթերիկայի՝ նոմերալոգիայի մեջ «4»-ը մահվան թիվն է, ընդհանրապես «44»-ն է մահվան ռունան, գերմանացիների SS զորախմբավորումների ուսին 44 SS-ը նույն խորհրդանիշն է՝ մահի ռունան է, որը սկանդինավյան և այլ առասպելաբանությունների մեջ էլ կա։ Ամենահետաքրիրն այն է, որ այդ նույն սիմվոլիզմը խորհրդային ժամանակ բոլոր էլեկտրասյուների վրա դրված էր»,-ասաց նա։
Վարդան Ասծատրյանը այս խորհրդապաշտության մեջ ընդհանրություն տեսավ նաև Արցախի 44-օրյա պատերազմի և 2016 թ-ի 4-օրյա պատերազմի հետ։
«Աշխարհում բոլոր լուրջ գործողությունների՝ պատերազմ թե ուրիշ բան, կազմակերպիչները միշտ ուզում են սիմվոլիզմ ներառեն թե՛ անվանումների, թե՛ թվերի մեջ։ Այս աշխատանքի մեջ կարող է տենց էլ լինել, որովհետև նկարիչները բոլորը տիրապետում էին բոլոր այդ էզոթերիկ թեմաներին, ու այդ էզոթերիկան ցույց էին տալիս իրենց աշխատանքների մեջ։ Մնացածը թողնում եմ այցելուների մեկնաբանություններին»,-ասաց նա։
Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրված հաջորդ նկարը Ասծատրյանի հավաքածուից՝ կուբոֆուտորիզմից սուպրեմատիզմի վերափոխված 1920 թ-ի աշխատանք է։
«Սա արդեն սուպրեմատիստական աշխատանք է․ Պոպովան այդպիսի շարք է ունեցել՝ «Տարածական ուժային կառուցվածքներ», այս աշխատանքը դրանցից մեկն է։ Այն վատմանի վրա է, որովհետև սուպրեմատիզմը գեղանկարչական գծագրություն է։ Ձախի հատվածը 8 մմ-ով ավելի լայն է, քան աջի հատվածը․ քանի որ ինքը կառուցվածք է՝ աշխատում է։ Ցանկացած աշխատող կառույց պետք է շարժման ուղղություն ունենա․ այս աշխատանքի վրա պարզ երևում է, որ շարժումը ձախից աջ է»,-բացատրեց Վարդան Ասծատրյանը։
Լյուբով Պոպովան մահացել է 35 տարեկանում՝ քութեշից։ Մինչ այդ հասցրել է ուսանել Մոսկվայում, Կիևում, Փարիզում։ Մասնակցել է ավանգարդի և վերացական արվեստի ներկայացուցիչ Կազիմիր Մալևիչի «Սուպրեմուս» խմբի ստեղծմանը։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական մշակույթի ինստիտուտում, դասավանդել Բարձրագուն գեղարվեստատեխնիկական արվեստանոցներում։ Լյուբով Պոպովան բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել, ինչպես նաև ձևավորել մի շարք ներկայացումների բեմերը և ստեղծել գործվածքների էսքիզներ մոսկովյան չթադաջման գործարանի համար։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․