կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 16:02
Իրավական

Ի՞նչ կապ ունի Գուրգեն Արսենյանը Բաժբեուկ-Մելիքյանի գողացված նկարների հետ

Ի՞նչ կապ ունի Գուրգեն Արսենյանը Բաժբեուկ-Մելիքյանի գողացված նկարների հետ

2003 թվականից մինչեւ 2013 թվականը ոչ ոք չկարողացավ պարզել, թե Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ո՞ր  նկարներ են թալանվել, միայն նշում են` 21 նկար. լրագրողներին այսօր ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը` ներկայացնելով մեծանուն նկարչի ավագ դստեր` Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից կատարված գողության դեպքի որոշ մանրամասներ:

 

Ըստ այդմ` 2003 թվականին սեպտեմբերի 6-ին Մոսկվայի իր տուն վերադառնալիս Լավինիա  Բաժբեուկ-Մելիքյանը տեսնում է, որ իր տան դուռը վնասված է: Ներս է մտնում եւ տեսնում, որ ջարդված շրջանակներ են դեսուդեն նետված: Լավինիայի տանը եղել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 39 նկար. մի մասը նրան է պատկանել, 8-9 հատը պատկանել են քրոջը, որոնք նույնպես նրա տանն են եղել, ընդամենը գողացել են 21-ը:

 

«Նկարների գները հարաբերական են, որովհետեւ միշտ էլ փոփոխվում են: 2003 թվականին դրանց թվում նկարներ կային, որոնք գնահատվել են 38 հազար ԱՄՆ դոլար, նկար կար, որ գնահատվել էր մինչեւ 240 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն` եթե 21 նկար տարվել է, նվազագույնը կես միլիոն դոլարի նկար է գողացվել` այն թվականների համար: Իսկ այժմ այդ նկարների գինը բարձրացել է ոչ թե եռապատիկ-քառապատիկ, այլ տասնապատիկ, քանի որ դրանք արդեն գողացված նկարներ են. այդ դեպքում գինը շատ ավելի է բարձրանում»,- ներկայացրեց Սերգեյ Գալոյանը:

 

Գողությունը կատարել է Հրայր Վանյան անունով մեկ, ով գողոնը տարել-տվել է ոմն Վարուժան Գեւորգյանի: Վերջինս անմիջականորեն չի մասնակցել թալանին: Դրանից հետո գործ է հարուցվել, այդ երկուսին ձերբակալել են 2003-ի նոյեմբերի 2-ին, դատը կայացել է 2004 թվականի մայիսին: Երկար ժամանակ դատավարություն է ընթացել, որի ընթացքում, սակայն, որեւէ խոսք չի եղել նկարների գողության մասին: Գործը վարող դատավորն էլ, Սերգեյ Գալոյանի ներկայացմամբ, իրեն ասել է, թե  նախաքննությունը դատարան է հանձնում մեղադրական եզրակացությունը, այդ մեղադրական եզրակացության հիման վրա է դատական գործը քննում, ու այնտեղ ոչ մի նկարի մասին խոսք չի եղել: Ու որեւէ մեկը դատարանում չի պահանջել նկարների գործը եւս քննել:

 

«Դրանից հետո 2007 թվականին մեկ այլ դատավարություն է եղել, որտեղ արդեն խոսվում է նկարների մասին: Վարուժան Գեւորգյանը 2012 թվականին գտնվում էր Մոսկվայում` բոմժի կարգավիճակով, որովհետեւ, ըստ իր հայտարարության, իրեն խաբել ու Մոսկվա էր տարել կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը»,- պատմեց Գալոյանը եւ նշեց, որ մամլո ասուլիսի ժամանակ ինքը խնդրել է բոլոր մարդկանց, ովքեր ճանաչում են Վարուժան Գեւորգյանին, գոնե նկարների տեղն ասել, քանի որ նա արդեն իր կատարած հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման ու պատիժ կրել է եւ այլեւս չի դատվելու:

 

«Նա էլ թերթով հայտարարեց` նկարները գտնվում են Սամվել Հովհաննիսյանի, նրա տեղակալներ Մաթեւոսյան եղբայրների ու Գուրգեն Արսենյանի մոտ: Չգիտեմ, թե ինչ հաշվի առնելով, նա ասաց, թե` դու շատ լավ գիտես, պարո'ն Գալոյան, որ նկարների մի մասը գտնվում է Արսենյան Գուգոյի մոտ: Ես ինձ իրավունք չեմ տա որեւէ մեկի, նույնիսկ իմ չսիրած մարդու մասին այդպես արտահայտվել»,- ասաց Սերգեյ Գալոյանը` հավելելով, թե Գուրգեն Արսենյանը իրեն ասել է, որ կարող է ապացուցել, որ իր մոտ այդպիսի նկարներ չկան ու չեն էլ եղել:

 

Այս բոլոր հայտարարություններին, սակայն, ըստ քրեագետի, նախաքննական ու հետաքննական մարմինները ուշադրություն չեն դարձրել,  չեն պարզել իրականությունը, ոչ մեկին չեն մեղադրել Գուրգեն Արսենյանին վարկաբեկելու մեջ, ու մինչ օրս էլ անհայտ է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գտնվելու վայրն ու ճակատագիրը: