Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ կասկածելի էր այն գաղտնիությունը, որով ուղեկցվեց «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչների մշակումը, որի խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է՝ մեր նախկին ուսանողը, մեր գործընկերը. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով մամուլի ասուլիսին։
«Մեկ էլ նախարարությունը դնում է կայքում չափորոշիչները՝ խայտառակ չափորոշիչներ, այդ մասին և՛ Հայոց պատմության ամբիոնը հանդես եկավ հայտարարությամբ, և՛ համաշխարհային պատմության ամբիոնը, և՛ մանկավարժական համալսարանի հայոց պատմության, համաշխարհային պատմության ամբիոնները, այսինքն մասնագիտական բոլոր շրջանակներից խիստ բացասական կարծիք հայտնվեց, այնքան, որ դրանք խմբագրելու ենթակա չեն, ուղղակի պետք է մերժվեն և ստեղծվեն նորերը»,-նշեց նա։
Արտակ Մովսիսյանի տեսանկյունից կասկածելի էր նաև, որ՝ Հայոց պատմությունը 6 դասագիրք է, Համաշխարհային պատմությունը՝ 6, Հասարակագիտությունը՝ 6 և Հայրենագիտությունից ևս 2 դասագիրք՝ 20 դասագրքի չափորոշիչների կազմումը տրվում է ղեկավարելու մեկ անձնավորության։
«Մենք մտածում էինք՝ դե, ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները այդ բաժանումը անընդհատ դնում են, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է, կարևոր չէ, ասում էինք՝ ոչինչ, ով լինի, թող լավ չափորոշիչ լինի, որովհետև վաղը դրա հիման վրա գրվելու է դասագիրք։ Չափորոշիչը ոնց հաստատվեց, հետո ով էլ լինի հեղինակը, չի կարող այդ սահմաններից դուրս գալ, դրա համար է մեր ուշադրությունը այդ խնդրի նկատմամբ։ Հետո բացահայտվեց այդ խայտառակ պատմությունը, որ Թուրքիայի հետ ծրագիր են արել, որ գաղտնի է պահվում․ եթե լավ բան ես արել, ինչո՞ւ ես գաղտնի պահում»,-ասաց Արտակ Մովսիսյանը։
Նա կարդացել է չափորոշիչները մշակող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի և անդամներից մի քանիսի՝ թուրք մասնագետների հետ հեղինակած երկու անգլերեն աշխատություններն ու 130 էջանոց նյութից դուրս գրել մոտ 30 էջ, թե ինչ խայտառակություններ էին արել։
Արտակ Մովսիսյանը նախ՝ ներկայացրեց հեղինակներին․ «13 հոգի են այդ հիմնական գիրքը՝ «Պատմության ուսուցումը Թուրքայում և Հայաստանում՝ քննադատություն և այլընտրանք» գրել, 13-ից 7-ը հայ են։ 7-ից պատմաբան են միայն 2 հոգի՝ Լիլիթը Մկրտչյան, մեկ էլ Հայկ Բալասանյան։ Ինչն է հետաքրքիր՝ թե մյուս 5-ը ովքեր են․ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյան, ԱԺ մյուս պատգամավոր Սոս Ավետիսյան՝ մեկը Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն լեզվի բաժինն է ավարտել, մյուսը՝ Բրյուսովն է ավարտել․ եվրոպական լեզուների մասնագետները իրենց իրավունք են վերապահել Հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել, ցույց տալ սխալները և կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է երկու երկրների դասագրքերը փոխվեն»։
Նա նկատեց, որ հեղիանկների ցանկը բավականին էկզոտիկ է․ «Ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր Միգրացիոն ծառայության պետ Արմեն Գասպարյանը, որը միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել։ Նվարդ Մանասյանի մասնագիտությունը գրված է ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ։ Կարինե Փալանջյան և Արարատ Շեկերյան․ Արարատ Շեկերյան՝ պոլսահայ երիտասարդ է, որը մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականություն և Կարինե Փալանջյան՝ Արիզոնայի համալսարան, քաղաքագիտությամբ է զբաղվում։ Ի դեպ, միակն է, որ հանգիստ իր էջում դրել է և՛ 2017 թ-ի հրատարակությունը, և 2019 թ-ի վերահրատակությունը»։
Առաջին գիրքը վերլուծություն է՝ առաջին բաժնում Թուրքիայի դասագրքեր, հետո հայկաստանի դասագրքեր, հետո ուղենիշներ, թե ոնց պետք է գրվեն։ Երկորորդ գիրքը ալտերնատիվ ձեռնարկի նման մի բան է, որի հեղինակների մեջ երկու հոգի կան ավելացած՝ Քրիստինե Սահակյան՝ ուսուցչուհի և Կարեն Գասպարյան՝ Համաշխարհային պատմության ամբիոնից։
Մեր չափորոշիչները գրող 4 հոգանուց խմբում 2-ը՝ այս հեղինակներից են, որի մասին ոչ մեկը համալսրանում չի իմացել։
«Գրքի համար ընդամենը 20 հազար եվրո է տրվել, բայց երբ նայում եք՝ հայ-թուրքական հաշտեցման ծրագրի համար ինչ գումարներ են տվել՝ 2014 թ-ին 2 միլիոն եվրո, 2016 թ-ին 1,5 միլիոն եվրո և այլն։ Հայերի և թուրքերի հաշտեցմամբ լիքը ուժեր են շահագրգիռ և շատ մեծ գումարներ են ծախսվում»,-նշեց նա։
Արտակ Մովսիսյանի խոսքով՝ այդ գրքի 43-րդ էջից սկսվում է Հայաստանի հատվածը, առաջին կեսում թուրքականն է․ «Ընդ որում, ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերի հավասարեցնեն, նույնիսկ վերնագրերը պատճենած կրկնվում են, մենակ Թուրքիա բառը փոխվում է Արմենիա բառով»։
Եվ որպեսզի հայերին սևացնեն, գրում են․ «Հայաստանի այսօրվա պատմությամբ դաստիարակությունը կրում է խորհրդային հայկական կրթության ժառանգությունը»։
«Հասկանո՞ւմ եք, որպեսզի սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որ այլանդակ սուտ է, կեղծիք է, որովհետև գիտեք՝ Խորենացին հենց այդպես է գրում․ Խորենացին որ գրում էր, Ստալինի ծնվելուն 1 500 տարի դեռ կար»,-ասաց Արտակ Մովսիսյանը։
Մյուս ցցուն խեղաթյուրումը՝ որ 1990-ական թվականներին Հայոց պատմության դասագրքերը գրվել են Լեռնային ղարաբաղի հակամարտության հիման վրա, դրա համար էլ ներծծված են էթնիկ ատելության շնչով։
«Նախ՝ անգրագիտություն է նման բան գրելը, որովհետև Արցախյան շարժումը 1988 թ-ին է սկսվել, իսկ առաջին պատմության դասագրքերը 1993 թ-ին են գրվել, այսինքն, Սումգայիթում հայերին կոտորելուց 5 տարի հետո նոր մեր դասագրքերը պետք է գրվեին»,-նկատեց նա։
Մյուս անգրագիտությունը, Արտակ Մովսիսյանի գնահատմամաբ, որ Հայոց ցեղասպանությունը չի առանձնանում ընդգրկուն լուսաբանմամբ, սակայն թուրքերը երբ հայտնվում են պատումներում, ներկայանում են բացասական լույսի ներքո։ Իբր՝ ազգայնականությունը Հայաստանի դպրոցներում դեռ տարրական դասարաններից է գալիս։
Աշխատության մեջ խեղաթյուրումների թվում է նաև այն, որ իբր՝ այս հայերը դասագրքում բերում են քարտեզ, որ տեսեք՝ անկախ նրանից՝ Հայաստան պետություն կար, չկար, մեկ է՝ քարտեզի վրա գրում են Հայաստան։
«Մեր դասագրքերի քարտեզներից է, որում գրվում է՝ Սասանյան Պարսկաստան, Օսմանյան Կայսրություն․ դասագրքերում սա սկզբունք է՝ սև գույնով գրվում է պետությունների անունները, իսկ կարմիր կամ շագանակագույնով պատմական անվանումները։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհի վրա գրված է Հայաստան։ Հիմա քննադատվում են մեր դասագրքերը, որ՝ Հայաստան բառը ո՞նց կարելի է գրել Հայկական լեռնաշխարհի վրա՝ 17-րդ դար»,-նշեց նա։
Շատ ավելի ծանր բաներ կան՝ ասաց Արտակ Մովսիսյանը․ «Օրինակ, մեջբերում է արվում մեր դասագրքերից, որ հայերը միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվել են այս նախահայրենիքի տարածքում, ձևավորվել են և երբեք չեն հեռացել մինչև այսօր, հետևաբար, Հայկական լեռնաշխարհը հայերի ինչպես նախահայրենիքն է, այնպես էլ հայրենիքը։ Հիմա տեսեք՝ «Հայկական լեռնաշխարհ» տերմինն է մեր դասագրքում օգտագործված։ Նրանք գրում են՝ հայերը դասագրքում հայերին նկարագրում են որպես Կովկասի և Անատոլիայի բնիկներ։ Մեր «Հայկական լեռնաշխարհն» իրենց համար «Կովկաս և Անատոլիա» է․ սենց բան տասնամյակներով արել են թուրք կեղծարարները։ Եվ սրա տակ ստորագրել են 7 հայ մարդիկ, որոնցից երկուսը պատմաբան»։
Արտակ Մովսիսյանը սրբապղծություն որակեց այն, որ հայերին մեղադրում են միլիտարիզմի մեջ այն բանի համար, որ ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց համարձակվել ենք լուսաբանել ապրիլյան պատերազմը և հերոսկան տեքստ ենք գրել հերոսների հիշատակին։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․