կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 17:44
Տնտեսական

Լարսի օսերը մեքենաներից փողը վերցնում են, մաքսավորին «աչքով անում», որ թողնի․ ինչո՞ւ են 10 օր կանգնած հայկական բեռնատարները

Լարսի օսերը մեքենաներից փողը վերցնում են, մաքսավորին «աչքով անում», որ թողնի․ ինչո՞ւ են 10 օր կանգնած հայկական բեռնատարները

10 օր է մոտ 200 բեռնատար կանգնած է դեպի Լարս գնացող ճանապարհին․ վարորդները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս առաջ գնալ՝ պատճառաբանելով, որ հայերի համար ճանապարհը փակ է, իսկ իրենց աչքի առաջ գնում են վրացական, ադրբեջանական համարանիշներով մեքենաները։

Այստեղ երկու խնդիր կա՝ կոռուպցիա և թողունակություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը՝ տարակուսելով, թե դա կարող է ազգային պատկանելության հետ կապ ունենալ։

«1994 թ-ից ես այս աշխատանքի մեջ եմ և գիտեմ, որ մաքսային կետերը անցնելու համար կոռուպցիոն բաղադրիչ կա, որի դեմը ո՛չ ես կարող եմ առնել, ո՛չ որևէ մեկը։ 1994 թ-ից սկսած ոչ մի օր կոռուպցիոն բաղադրիչը չի պակասել Վերին Լարսի մաքսատանը․ այդ տարածքի օսերի մեծ մասը ապրում է մեր և ոչ միայն մեր մեքենաների հաշվին, նրանք աշխատում են ամեն ինչ անել, որ փող աշխատեն»,-ասաց Եղիշե Հովհաննիսյանը:

Շարքը կանգնած է՝ մաքսավորի հետ պայմանավորվում են, փողը դնում են գրպանը՝ երեկոյան կամ հաջորդ օրը, մեխանիզմը բացատրեց տրանսպորտային առաքողների միության նախագահը, բայց այդ օրը «աչքով են անում», բերում են այդ մեքենան, ասում են՝ բաց թող, բոլորի ներկայությամբ՝ աջ կողմից մեքենաները կանգնած են, բերում են անց են կացնում և ոչ մեկը ոչ մի բան չի կարողանում ասել։

Ով շատ փող է տալիս, նրան էլ թողնում են՝ վստահեցրեց Եղիշե Հովհաննիսյանը։

«Օսերի ապրելու կերպը դա է՝ նրանք ապրում են այդ հանգույցի հաշվին։ Նրանք գործ են անում, շատ լավ»,-ասաց նա։

Բացի այս խնդրից՝ Լարսի անցակետում թողունակության խնդիրը կա։

«Ամեն ճանապարհ, ամեն մաքսակետ ունի իր թողունակության հնարավորությունները․ եթե այդ թողունակության հնարավորությունները չեն համապատասխանում հոսքին՝ նույնն է, ինչ մի դյույմանոց ջրատարը միացնես 3 դյույմանոց ջրատարի ու ասես՝ թող էդտեղով գնա, ի՞նչ պիտի լինի, այդ քանակը հո չի՞ կարող տանել խողովակը, ա՛յ այս վիճակի կբերի»,-ասաց Եղիշե Հովհաննիսյանը։

Իսկ երբ թողունակության խնդիր կա, ըստ նրա, պարզ է՝ թողնում են նրանց, ովքեր շատ փող կտան, այսինքն, այդ արհեստական վիճակն իրենց համար պարարտ հող է ստեղծում կոռուպցիայի բաղադրիչը զարգացնելու և իրենց գործն անելու համար։

«Այդ նույն մաքսատանը 6 տարվա մեջ 5 ղեկավար փոխվեց․ էլ ФСБ-ի գեներալ էին բերում, էլ իբրև թե նվիրյալներ․ էդ մարդիկ գալիս էին, զուտ մարդկային առումով վերացնում էին նրանց, ոչ թե ֆիզիկապես, էնքան փող էին թափում դեմները, որ չէին կարողանում, գայթակղվում էին»,-ասաց Տրանսպորտային առաքողների միության նախագահը։

Այս վիճակի լուծումը, նրա դիտանկյունից, այն է, որ դիմեն իր նման տեղյակ մարդկանց, թե՝ ի՞նչ առաջարկով մտնեն Ռուսաստանի կառավարություն։

«Ասեն՝ ժողովուրդ ջան, քանի որ ստացվել է այնպես, որ ԵԱՏՄ անդամ ենք դարձել, միակ ճանապարհն էլ Վրաստանն է, եկեք՝ ամեն ինչ արեք, որ Լարսի անցանելիությունը մեզ համար լինի «Կանաչ գոտով»։ Եթե մենք Մաքսային միության անդամ ենք, ինչո՞ւ պետք է մենք առաջինը չանցնենք առանց որևէ խնդրի։ Այսինքն, մենք պետք է գանք, էնտեղ պարզապես ֆիքսենք, որ սահման ենք հատել։ Այսինքն, Բելառուսից Ռուսաստան ո՞նց են մտնում․ գալիս են, կանգնում են, չեստ են տալիս մաքսավորները, գրանցում են, որ մեքենան հատեց այդ հատվածը․ վե՛րջ, ուրիշ խնդիր չկա»,-առաջարկեց Եղիշե Հովհաննիսյանը։

Դրա համար, նրա համոզմամբ, մի քիչ ներդրումներ են պետք․ օրինակ, պետք է արագացնեին այն խնդիրը, որն ինքը արդեն քանի տարի է՝ անընդհատ ասում է՝ էլեկտրոնային փականներ՝ պլոմբներ տեղադրել մեքենաների վրա, որը Հայստանում դրվի և այդ մեքենան մինչև վերջին կետը գնալով վերահսկողության տակ լինի՝ պլոմբը անվնաս անցե՞լ է, թե՞ ոչ։

Աննա Բալյան