կարևոր
6001 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 17:22
Տարածաշրջան

Թուրքիան հայկական մարդասիրական բեռնատարները դիտմամբ ցուցադրել է «Իգդիրի ցեղասպանության» հուշարձանի ֆոնին

Թուրքիան հայկական մարդասիրական բեռնատարները դիտմամբ ցուցադրել է «Իգդիրի ցեղասպանության» հուշարձանի ֆոնին

Շաբաթ օրը ՀՀ ԱԳՆ նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանը տեսանյութ էր հրապարակել հայ-թուրքական սահմանից` ցույց տալով, թե ինչպես է Մարգարայի կամրջով դեպի թուրքական Ալիջան անցակետ ուղևորվում Հայաստանից Թուրքիա ուղարկվող մարդասիրական օգնությունը:

«Հայաստանի մարդասիրական օգնությունն անցել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարա կամրջով՝ շարժվելով դեպի երկրաշարժից տուժած շրջան»,- գրել էր Կոստանյանը։

Թուրքական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել էին 30 տարի չգործող անցակետով բեռնատարների` Թուրքիա մուտքին: Այսպես, թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել հայկական բեռնատարների ընթացքից:

Հրապարակված տեսանյութում ուշադրություն է գրավում հատկապես Իգդիր քաղաքով բեռնատարների անցման կադրերը: Հայկական բեռնատարները անցնում էին քաղաքում դեղադրված, այսպես կոչված, «Իգդիրի ցեղասպանության հուշարձանի» կողքով: Այդ հուշարձանը տեղադրվել է 1999 թվականին` իբր «ի հիշատակ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի կողմից թուրքերին կոտորելուն». այն իրենից ներկայացնում 5 սրերից կազմված հուշարձան:

Թուրքական «Անադոլուի» այս «խաղը», միանշանակ, պատահական չէ` հաշվի առնելով թուրքական քարոզչամեքենայի` մանրուքների վրա մեծ ուշադրություն դարձնելու և դրանով թշնամիներին բան հասկացնելու հայտնի փորձը: