Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերին Լարսի անցակետում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մի քանի տասնյակից ավելի հայկական բեռնատար մեքենաներ կանգնած են և չեն կարողանում առաջ շարժվել․ գրում է «Ա1+»-ը։ Վարորդներն ահազանգում են, որ փչանում է մթերքը, իրենք էլ չգիտեն, թե դեռ քանի օր են այդպես կանգնած մնալու։
Կայքի հետ զրույցում «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը հայտնել է, որ իրենց ընկերության 40 բեռնատար մեքենա արդեն 6 օր է՝ չի կարողանում անցնել Լարսը։
Կարեն Աղդայանի խոսքով՝ Վրաստանն էլ առանց հերթի և անարգել անցկացնում է իրենց մեքենաները կամ այն մեքենաները, որոնք վրացական բեռ են տեղափոխում։
Ըստ ականատեսների՝ Թուրքիայից եկող բեռնատարները նույնպես անարգել անցնում են։
Այս առնչությամբ Աղդայանն ասել է, որ թուրքական մեքենաները Թբիլիսի չեն մտնում, այլ շրջանցում են ու առաջ են անցնում, իսկ «Սպայկա»-ի մեքենաները Թբիլիսիից արդեն պահում են։
««Սպայկա» ընկերության մեքենաներում գյուղմթերք է, շատ վատ վիճակում է մթերքը։ Եթե մեկ շաբաթ սառնարանում պահեք, օրինակ, խաղող, ի՞նչ վիճակում կլինի։ Հաստատ, ոչ այն վիճակում, որ վերավաճառվի։ Մեկ շաբաթ կանգնում են Վրաստանում, մինչև հասնում են գնորդին, ստացվում է 10 օր, գնորդն էլ ասում է՝ ես այսպիսի ապրանք չեմ պատվիրել, չեմ ուզում, մենք էլ ստիպված գին ենք իջեցնում ու տուժում ենք դրանից», - ասել է նա։
Աղդայանը նշել է, որ մեծ ծախս է նաև մեքենան մեկ շաբաթ և ավելի սահմանին կանգնեցնելը, որովհետև սառնարաններն աշխատում են ու օրական ծախսում մոտ 72 լիտր վառելիք, ինչը 6 օրվա հաշվով կազմում է 400 դոլար գումար։
«Վատ վիճակում են նաև վարորդները, պայմաններ չկան, չկան խանութներ, ունեն սնվելու խնդիր, էլ չեմ ասում՝ անձնական կարիքները։ Եթե ծայրահեղ վիճակ լինի, որոշ մեքենաներ գուցե հետ գան, եթե իմանանք, որ գնորդը հրաժարվում է ու չի ընդունելու ապրանքը», - ասել է նա։
Աղդալյանի խոսքով՝ իրենք դիմել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, վերջինս էլ դիմել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը, սակայն հստակ պատասխան դեռև չեն ստացել, թե պատճառը որն է, ու խնդիրը երբ կլուծվի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Հարությունյանն էլ հայտնել է, որ խնդիրն առաջացել է ռուսական կողմի՝ Լարսի անցակետի ռուսական հատվածում շինարարական աշխատանքների պատճառով։ Իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, որոնք տևելու են մինչև 2023 թվականը, դրանից հետո ավելի լավ ճանապարհ է լինելու։
«Այժմ էլ բաց է անցակետը, բայց քիչ թվով մեքենաներ են անցնում։ Ռուսական ու վրացական կողմերը հայտնում են, որ անցնող բեռնատարների թիվն օրական կտրվածքով էապես նվազել է։ Նախարարությունը Վրաստանի հյուպատոսության հետ աշխատանքներ է տանում, որ փչացող բերք ունեցողներն առաջնահերթ կարողանան անցնել», - ասել են նախարարությունից։