Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակն է, որ հայկական կողմը բարձրացնի Լարսի անցակետում իր ներկայացուցիչն ունենալու հարցը, որն անմիջական մասնակցություն ունենա բեռնափոխադրումների հետ կապված հրատապ խնդիրները լուծելուն. Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս դիրքորոշումը հայտնեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն բավական լուրջ լծակներ է տալիս բեռնափոխադրումների ընթացքում այս կարգի խոչընդոտներ ստեղծելու գործելաոճի դեմ. ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է բարձրացնել մեկ այլ անդամ երկրի կողմից խոչընդոտներ իրականացնելու խնդիրը և այն նույնիսկ հասցնել ԵԱՏՄ դատարան։
«Մինչ այսօր հայկական կողմը պաշտոնապես որևիցե գործողություն չի կատարել այս ուղղությամբ, զուտ հայտարարություններ են եղել կամ իրավիճակի մասին տեղեկատվության ճշտումներ են արվել»,- ասաց տնտեսագետը։
Լարսի անցակետում բեռնատարները կուտակվում են, քանի որ ռուսական կողմը խստացրել է ստուգումները։ Երբ բեռնատարը բարձրանում է կշեռքի վրա, ստուգում են՝ արդյո՞ք 24 տոննայից ավելի բեռ է կրում։ Եթե բեռը գերազանցում է 24 տոննան, տույժ-տուգանքներ են կիրառվում։
Այս կարգավորումը միշտ եղել է, ի դեպ՝ երկկողմանի, բայց ռուսական կողմը միայն օրերս է սկսել այն կիրառել, և տարիներ շարունակ գերծանրաբեռնված բեռնատարներով անցնող վարորդները անակնկալի են եկել։ Նրանք անգամ բողոքում են, որ սխալ կշռման դեպքեր էլ են լինում, երբ բեռնատարը 23 տոննա է, բայց հաշվիչը 25 տոննա է ցույց տալիս։
Պարսյանը համարում է, որ ռուսական կողմից ստուգումների խստացման նպատակը ևս մեկ անգամ հիշեցնելն է, որ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի Կովկասում։ Նա ընդգծում է, որ հարաբերությունները պետք է կառուցել փոխշահավետության սկզբունքի հիմքով, և հայկական իշխանությունները պետք է քայլեր իրականացնեն այս իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Իսկ հայկական գործող իշխանությունները, կարելի է ենթադրել, դեռ իրենց լիազորությունները հստակեցնելու խնդիր ունեն։ Մասնավորապես, երբ Yerkir.am-ը դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրի մասին մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակը պատասխանեց, որ բեռնափոխադրումները կանոնակարգելն իրենց լիազորությունը չէ։
Ստիպված ենք խնդրել պարոն նախարարին՝ ևս մեկ անգամ կարդալ իր ղեկավարած գերատեսչության ամբողջական անունն ու կանոնադրությունը։ Այն սահմանում է, որ նախարարության նպատակներից են՝
11) տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, ինչպես նաև նախարարության ոլորտում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների համակարգումը.
12) ճանապարհային, ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային (բացառությամբ ռազմականի) տրանսպորտի (այսուհետ՝ տրանսպորտ) ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացումը
Իսկ նախարարության խնդիրներից՝
29) տրանսպորտի բնագավառի գործունեության արդյունավետ կառավարումը և համակարգումը.
30) տրանսպորտի, երկաթուղու ոլորտներում գործող լիցենզիաների, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և (կամ) պաշտպանական գոտիներում գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման, երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.
31) տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: